Բարեկամն ու չարակամը

Հետեւելով Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան այցին եւ արձանագրելով այն փայլուն ընդունելությունը, որ վրացահայությունը եւ հատկապես ջավախահայությունը ցույց է տալիս նրան, մի եզրակացություն կարելի է անել՝ հայերը ոգեւորված են ոչ միայն մայր հայրենիքում, այլեւ Սփյուռքում։ Իսկ Վրաստանը մեզ համար շատ կարեւոր տարածք է բոլոր առումներով։

Այս ոգեւորությունն այլ խորհուրդներ էլ ունի։ Նախ այն, որ նախորդ իշխանություններից ակնկալիքներ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփյուռքում հայերը չեն ունեցել, եւ հիասթափությունը շատ մեծ է եղել, իսկ ակնկալիքները՝ զրո։ Այժմ նորերը հույս, հավատ ու թունելի վերջում լույս են գծագրել, եւ նաեւ դա է Նիկոլ Փաշինյանին այդպես ցնծալից ընդունելու պատճառը, ինչը, անշուշտ, բազմապատկում է այն պատասխանատվությունը, որն իր ուսերին կրում է նոր կառավարությունը։

Սա նաեւ լավ հիմք է գործ անելու համար՝ չէ՞ որ խանդավառված մարդիկ, որպես կանոն, ավելի գործունյա են ու աշխատունակ, իշխանության սխալների նկատմամբ՝ ներողամիտ, իսկ փոքրիկ արդյունքը՝ շնորհակալությամբ ընդունող ու գնահատող։ Ի դեպ, ՀՀ վարչապետի այցը Վրաստան եւ հատկապես Ջավախք անհանգստություն է առաջացրել նաեւ Ադրբեջանում։ Այնտեղ կարծում են, որ Հայաստանը ձգտում է մեծացնել իր ազդեցության արեալը, եւ Վրաստանի իշխանություններին հորդորում են «չհավատալ» բարեկամության եւ եղբայրության մասին Հայաստանի վարչապետի խոսքերին:

Բաքվի ռեժիմը հասկանում է, որ իշխանափոխությունը Հայաստանի առջեւ բացել է տարածաշրջանային մեկուսացումը հաղթահարելու նոր հնարավորություն, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել ի շահ մեր երկրի։ Ադրբեջանը նաեւ հայացքն ուղղել է դեպի Ռուսաստան՝ ակնկալելով, որ նա միջոցներ կձեռնարկի դեպի Եւրոպա գնացող Հայաստանին սանձելու համար։

Մեկնաբանություն
X