Պարգևատրում՝ աղջիկ երեխա ունենալու համար

Գաղտնիք չէ, որ Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը՝ սելեկտիվ աբորտը, տարածված երևույթ է: Սեռային նորմալ համամասնությունը ենթադրում է 100 աղջկա դիմաց 105 տղայի ծնունդ, այն դեպքում, երբ Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում է 115 տղա:

Մարզային վիճակագրության համաձայն՝ ՀՀ-ում սեռով պայմանավորված ամենամեծ թվով աբորտները Երևանից հետո, գրանցվում են Գեղարքունիքի, Արագածոտնի և Արարատի մարզերում, իսկ ահա Սյունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում սեռով պայմանավորված աբորտները համեմատաբար փոքր թիվ են կազմում:

Շիրակի մարզի Ախուրյանի Մոր եւ մանկան առողջության կենտրոնում հունվար ամսից արտասովոր ծրագիր է իրականացվում: Հայ օգնության միության միջոցներով եւ բուժհաստատության նախաձեռնությամբ մշակվել է մի ծրագիր, ըստ որի 2 եւ ավել աղջիկ ունեցող մայրերը խրախուսվում են: Նրանց տրվում է 150 ԱՄՆ դոլար:

Ախուրյանի Մոր եւ մանկան առողջության կենտրոնի ադմինիստրացիայի աշխատակցուհին վստահեցրեց, որ իրենց մոտ ծննդաբերած բազմաթիվ մայրեր արդեն ստացել են դրամական պարգևը, եւ երբ տեղեկացրել են այդ մասին, անակնկալի են եկել ու հուզվել: Տիկին Աստղիկը պատմում է, որ դուստրը 2-րդ աղջիկն է լույս աշխարհ բերել, եւ ընտանիքը երջանիկ է. «Մեր աղջիկը ծնվել էր արդեն, երբ տեղեկացրեցին, որ գումար են տալիս, իհարկե հաճելի էր, բայց եթե ասենք, որ հենց այդ գումարից շահագրգռված շատերը կորոշեն հենց աղջիկ ունենալ, այդքան էլ համամիտ չեմ: Այնուամենայնիվ գեղեցիկ եւ տրամաբանված մոտեցում է, շատ գովելի է: Իմ խորին համոզմամբ, նմանատիպ մոտեցում էլ պետությունը պետք է դրսևորի»,- ասաց թոռնուհու ծնունդով երջանկացած տատիկը՝ միաժամանակ չհերքելով, որ 3-րդ երեխայի դեպքում դուստրը հաստատ ծանրութեթև կանի, քանի որ ըստ իրենց, որդի ունենալը ոչ միայն ցանկալի է, այլև պարտադիր:

Ծրագիրը ըստ երևույթին շարունակական է եւ որքան կտևի արդյունքն ու ժամանակը ցույց կտա: Մասնագետները, սակայն, ահազանգում են, որ տասնամյակներ անց հարսնացուների եւ մայրանալու պատրաստ աղջիկների թվի պակասը լուրջ սպառնալիք է դառնալու Հայաստանի համար:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X