Ֆուրոր չստացվեց

Ադրբեջանը տվել է Հարավային գազային միջանցքի գործարկման մեկնարկը: Այդ առթիվ ստացվել է Իլհամ Ալիեւի հասցեով ԱՄՆ նախագահի ուղերձը, որտեղ ընդգծվում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում Ադրբեջանի դերակատարությունը: Բաքվում, մինչդեռ, ավելի սպասում էին ոչ թե Վաշինգտոնի արձագանքին, որը կանխատեսելի էր, այլ՝ Ռուսաստանի վերաբերմունքին: Մեկնաբանները միաձայն խոսում էին, որ նախագիծը շրջանցում է Ռուսաստանին, Ադրբեջանը գազի եվրոպական շուկայում դառնում է Ռուսաստանի մրցակիցը, եւ դա չի կարող չառաջացնել Մոսկվայի դժգոհությունը: Ըստ երեւույթին, հաշվարկն այն էր, որ էներգակիրների տարանցման հարցի համատեքստում հնարավոր կլինի Ռուսաստանի հետ քննարկել նաեւ այլ, այդ թվում՝ ղարաբաղյան կարգավորման եւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված, հարցեր:

Ռուսաստանի արձագանքը, սակայն, չափազանց զուսպ, հավասարակշռված եւ դրանով էլ՝ Բաքվի համար խիստ անսպասելի, նույնիսկ կարելի է ասել՝ անցանկալի էր: Բուլղարիայի վարչապետի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսին ՌԴ նախագահ Պուտինը, պատասխանելով ադրբեջանական գազային նախագծի մասին հարցին, ասել է, որ Ռուսաստանը ողջունում է այդ ուղղությամբ ցանկացած տնտեսական ակտիվություն, եվրոպական շուկա էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացիան: Ռուսաստանն, այսպիսով, հասկանալ է տվել, որ Հարավային գազային միջանցք նախագիծը չի կարող սպառնալ գազի եվրոպական շուկայում իր դիրքերին: Եւ իրոք, խոսքն ընդամենը տարեկան ոչ ավելի, քան 10 միլիրադ խորանարդ մետր ադրբեջանական գազի մասին է, որը Եվրոպայի հարավային երկրներ կարող է մատակարարվել սկսած 2020թվականից: Եւ դա այն դեպքում, երբ եվրոպական շուկայում Ռուսաստանը տարեկան իրացնում է 50 միլիարդ խորանարդ մետր բնական գազ:

Փորձագետները գտնում են, որ Հարավային գազային միջանցքը Գազպրոմի մրցակից կարող է դառնալ այն դեպքում, եթե նախագծին միանա Թուրքմենստանը: Բայց դա շատ բարդ խնդիր է, քանի որ հարկ կլինի Կասպից ծովում գազամուղ կառուցել: Իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ մերձկասպյան բոլոր երկրների, ամենից առաջ՝ Ռուսաստանի համաձայնությունը: Քանի դեռ Կասպից ծովի կարգավիճակի եւ տարածքային ջրերի հարցում վերջնական համաձայնություն չկա, Կասպից ծովում գազատարի կառուցումը մնում է միայն տեսական հնարավորություն: Եւ Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ միանգամայն հանգիստ վերաբերվել Հարավային գազային միջանցք նախագծին: Մանավանդ որ կոնսորցիումի մաս է կազմում նաեւ ռուսական Լուկօյլ ընկերությունը՝ 10 տոկոս բաժնեմասով: Այսպիսով, Հարավային գազային միջանցքի ադրբեջանական ֆուրորը քաղաքական իմաստով չի ստացվել: Ինչպիսի՞ն կլինի դրա զուտ տնտեսական արդյունավետությունը՝ պարզ կլինի միայն 2020-ական թվականներին:

Մեկնաբանություն
X