Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Խաչատրյանի միջազգային մրցույթի բացմանը

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա նաեւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Նարեկ Հախնազարյանի ելույթը խաչատրյանական մրցույթի բացման համերգին խորհրդանշական է, քանի որ 18 տարեկանում (2006թ․), նվաճել է Խաչատրյանի միջազգային մրցույթի առաջին մրցանակը։

Խաչատրյանի միջազգային մրցույթն այս տարի կայանալու է «Թավջութակ» մասնագիտությամբ։ Ժյուրին կազմված է 7 անդամից՝ երաժշտական աշխարհում հեղինակություն վայելող անուններ, որոնք հունիսի 6-14-ը մրցութային փուլերի ընթացքում ունկնդրելու են երիտասարդ թավջութակահարներին եւ որոշելու են հաղթողներին։ Խաչատրյանական ժյուրին նախագահելու է մեծանուն թավջութակահար, Միչիգանի պետական համալսարանի պրոֆեսոր Սուրեն Բագրատունին, ում Boston Globe-ն անվանել է «հազվադեպ ձեռքբերումների հասած թավջութակահար»:

Նշենք, որ մրցույթի 1-ին մրցանակակիրը կստանա դրամական պարգեւ՝ 15 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ-մրցանակի, իսկ երրորդը՝ 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ-պարգեւավճարի։ Կշնորհվեն նաեւ մի շարք հատուկ մրցանակներ:

Մեկնաբանություն
X