Օրենքով հանցանք-զանցանքների դեմն առնել չես կարող

Նախօրեին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպել է թանգարանային ոլորտի մասնագետների հետ եւ քննարկել «Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին», ինչպես նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Հանդիպմանը ներկա են եղել թե՛ քաղաքային, թե՛ համայնքային թանգարանների տնօրեններ, ինչպես նաեւ թանգարանի ոլորտում գործող ՀԿ-ների, կազմակերպությունների ղեկավարներ։

Քննարկման ընթացքում թանգարանային ոլորտի մասնագետների ճնշող մեծամասնությունը փաստել է, որ «Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» օրենքի նախագծի բազմաթիվ դրույթներ գործնականում կիրառելի չեն: Արդյունքում առաջարկվել է մշակել օրենքի նոր նախագիծ, որը կհամապատասխանի թանգարանային գործի կառավարման ժամանակակից պահանջներին:

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասում է, որ անկախությունից ի վեր թանգարանների գործունեությունը կարգավորող օրենք չի եղել, իսկ նախագիծը մշակելու գործընթացն սկսվել է դեռ 2006թ․-ից։ «Մշակվել է նախարարությունում, բազմիցս ներկայացվել շահագրգիռ կազմակերպությունների քննարկմանը, արվել են դիտողություններ, առաջարկներ։ Նախագիծը մշակվել, լրամշակվել եւ բավականին երկար պրոցես է անցել՝ մոտ 10 տարուց ավելի։ Այս փուլում նախագիծն արդեն գտնվում է ԱԺ-ում, քանի որ տիկին Մակունցը դաշտն իրավական ակտերով հագեցնելու խնդիրը շատ է կարեւորում, իսկ մշակույթը, ցավոք, այն ոլորտն է, որ շատ քիչ է հագեցած իրավական ակտերով, առավել եւս՝ օրենքներով։ Նույն իրավիճակը նաեւ թատրոնի, կինոյի ասպարեզում է։ Նախարարն առաջին իսկ օրերին ձեռնամուխ եղավ շրջանառվող եւ արդեն ԱԺ-ում գտնվող նախագծի քննարկումներին եւ պարզեց, որ նախորդ տարիներին մեր կողմից հնչեցված մի շարք առաջարկներ տեղ չեն գտել եւ չեն ամրագրվել այդ նախագծում»,- ասում է Վարդանյանն ու նկատում, որ, այնուհանդերձ, ԱԺ-ում գտնվող այս նախագիծը բավականին մշակված է եւ շատ է հղկվել, այնքան, որ նախնական տարբերակի հետ համեմատելու եզր չկա․ «Որպեսզի մենք ունենանք լիարժեք օրենք, այսպիսի մի առաջարկ եղավ՝ հետ կանչել նախագիծն Ազգային ժողովից, ինչը ենթադրում է, որ այնպիսի օրենքի նախագիծ պետք է ունենանք, որտեղ լիարժեք արտացոլված կլինեն թանգարանային գործի բոլոր հնարավոր իրավահարաբերությունները»։

Նման օրենքի առկայությունն ինչքանո՞վ կկանխի այն դեպքերը, երբ տարիներ շարունակ տարբեր թանգարաններից արժեքավոր իրեր, նկարներ են անհետանում։ «Դա օրենքի հետ կապ չունի։ Մենք ուրիշ խնդիրներ ունենք լուծելու, այդ թվում՝ թանգարանների եւ թանգարանային հավաքածուների պատշաճ պահպանում, անվտանգության կանոնների պահպանում։ Դա կարեւոր, հիմնարար դրույթներից մեկն է, թանգարանում պահպանվում է ազգային արժեք, որը ենթակա է պատշաճ պահպանման։ Իսկ օրենքով հանցանք-զանցանքների դեմն առնել չես կարող, օրենքով կարող ես միայն կանխարգելել նման բաները, այնպես պետք է պահպանվեն, այնպիսի իրավահարաբերություններ լինեն, որ բացառվեն նման բաները։ Կանոնադրությունը՝ կանոնադրություն, բայց ոլորտը վաղուց օրենքի կարիք զգում է»,- ասաց Վարդանյանը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X