Մերժելի մեթոդներ

Երբ բոլորը հիանում էին «Այբ» դպրոցով եւ իրենց երեխաներին տանում այդ էլիտար դպրոցը, մենք միակներից էինք, որ գրում էինք «Այբ»-ի ուռճացված հեղինակության եւ պետբյուջեից «Արարատյան բակալավրիատ» ծրագրին հատկացվող չպատճառաբանված ահռելի գումարների մասին։

Երբ բոլորը լռում էին բուհական կոռուպցիայի մասին, մենք բացահայտում էինք, որ Երեւանի տնտեսագիտական, մանկավարժական եւ պետական համալսարաններում ամենաթողություն է։ Գրում էինք ռեկտորներ Արամ Սիմոնյանի, Կորյուն Աթոյանի, Ռուբեն Միրզախանյանի, մյուսների կամայականությունների մասին։ Գրում էինք հանրապետական ուսխորհուրդների եւ պետբյուջեից սնվող երիտկարիերիստների մասին։ Ներկայացնում էինք ՀՀԿ երիտթեւի ղեկավար Փուչիկ Կարենի փուչ գործերն ու ներկայացնում, թե ինչպես է Երիտասարդական հիմնադրամը դարձել «փողի խողովակ»՝ իշխանության եւ ՀՀԿ դրածոների միջեւ։ Բայց այն ամենը, ինչ այսօր կատարվում է մեր երկրում՝ այն «բացահայտումներն» ու «դիմակազերծումները», որ նախաձեռնել են նոր իշխանությունները, մեզ ստիպում են հանդես գալ ի պաշտպանություն վերը նշված անձանց։ Որովհետեւ մեթոդները, որով պայքարում են արատավոր երեւույթների դեմ, ավելի արատավոր են ու մերժելի, անգամ՝ վտանգավոր մեր պետության ապագայի համար։

Այս բոլշեւիզմն ու «նախկիններին» ոչնչացնելու կամ, մոդայիկ բառով՝ «մերժելու» գործընթացը 1917-18 թվականներն են հիշեցնում։ Երբ «շինելով մարդը» «բուրժույներին» դուրս էր մղում բոլոր ասպարեզներից եւ նրանց փոխարինում հավատարիմ հեղափոխականներով։ Երբ կուլակաթափ էին անում՝ առանց քննություն իրականացնելու։ Երբ խլված ունեցվածքը պետականացնում էին, իսկ ցարական պալատներում բնակեցնում գյուղացիներին եւ հայտարարում, որ ցանկացած խոհարար կարող է պետություն ղեկավարել։

Մեկնաբանություն
X