Հֆֆ-ն Գյումրու «Շիրակ»-ին դուրս թողեց ՀՀ առաջնություններից

Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Կոմիտեի որոշմամբ «Շիրակ-2» ֆուտբոլի թիմը եւ «Շիրակ» ֆուտզալի թիմը դուրս են հանվել Հայաստանի առաջնություններից, քանի որ երկրորդ անգամ չեն ներկայացել հանդիպումներին:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է համապատասխանաբար 500000 եւ 100000 դրամով:Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Շիրակ» ֆուտբոլային ակումբի շուրջ սկանդալ էր հասունացել մոտ մեկ ամիս առաջ: ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել «Շիրակ» ՖԱ-ն տուգանել և զրկել 12 միավորից, իսկ թիմի մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ զրկել ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելուց: Ըստ ՀՖՖ կարգապահական կոմիտեի արձանագրության՝ Արարատ Հարությունյանը պայմանավորված խաղի կազմակերպման առաջարկ է արել «Բանանցի» պաշտպան Էդվարդ Կպոդոյին։ Համաձայն Էդվարդ Կպոդոյի կողմից ակումբին ներկայացված դիմումի՝ Արարատ Հարությունյանի կողմից իրեն տրվել է նախնական 1000 ԱՄՆ դոլար կանխավճար, իսկ խաղի ընթացքում սխալներ թույլ տալու համար, որի հետևանքով Շիրակ ՖԱ-ն գոլեր կվաստակի, նրան խոստացվել էր ևս 4000 ԱՄՆ դոլար:

Բանանց ակումբը գրությանը կից ներկայացրել է նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև եղած հեռախոսային զրույցի ձայնագրություններ, ինչպես նաև նրանց միջև եղած տեքստային հաղորդագրությունների պատճենները: Նշենք, որ «Շիրակը» բողոքարկել էր որոշումը: Երևան քաղաքի ընդհանուր Իրավասության դատարանը որոշում է կայացրել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք չունի նվազեցնելու «Շիրակ» ակումբի միավորները եւ ի կատար ածելու Կարգապահական կոմիտեի որոշումը: Մայիսի 20-ին «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտնել էր, որ չի մասնակցի կայանալիք «Շիրակ» - «Փյունիկ» հանդիպմանը։ Ակումբի նման որոշման պատճառը ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններն էին։

ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձինք չեն կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը և նվազեցրել են Շիրակի միավորները մրցաշարային աղյուսակում և չեն վերականգնել աղյուսակը, ինչը անխուսափելիորեն զրկում է ակումբին իրավական ճանապարհով իր իրավունքների պաշտպանությունից։ Կիրակի օրը Գյումրու Շիրակ ֆուտբոլային ակումբի երկրպագուները մի քանի ժամով փակեցին Գյումրի -Երևան ճանապարհը։ Նրանք պահանջում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը՝ անօրինական գործողությունների մեղավոր համարելով նրան։

Մեկնաբանություն
X