Բաղրամյան 26-ը ցանկալի է, որ դառնա թանգարան. Ավետիք Իշխանյան

«Հանրային իրազեկման խթան՝ խտրականության և բռնության կանխարգելման համար» ծրագրի շրջանակում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը լրագրողների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հեղափոփությանն ու իրավական պետություն ստեղծելու գաղափարին, ասաց. «Հեղափոխությունով ես էլ եմ ոգևորված, բայց իմ ոգևորությունն ավելի բարձր էր ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ, հիմա պարզապես զգոնությունս է ավելացել:

Հիմա ճիշտ ժամանակն է, եւ պատուհան է բացվել մեր իրավունքների պաշտպանության համար: Հայաստանի հզորացման միակ ճանապարհը նույն եվրոպական մոդելի ճանապարհով գնալն է, այն է՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, դատարանների անկախություն եւ իրավական պետություն: 1995թ-ի ՀՀ Սահմանադրությամբ դատարանները մահացան:

ՀՀ նախագահն էր ԱԺ ցրում, վարչապետ ու նախարարներ նշանակում, արդարադատության խորհուրդը նա էր գլխավորում: Սահմանադրությունը միապետական էր: Ես միշտ կողմ եմ եղել պառլամենտականին եւ միշտ պայքարել եմ, բայց իմ պայքարի արդյունքում չէր, որ փոխվեց սահմանադրությունը, այն Սերժ Սարգսյանի համար փոխվեց:

Հիմա կարծես 95-ից ոչինչ չի փոխվել, միակ բանը՝ նախագահը դարձավ վարչապետ՝ միևնույն լիազորություններով, մինչդեռ իշխանության տարանջատում պետք է լինի»,-նշեց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ, ըստ իրեն, Ժողովրդավարությունը բացարձակ արժեք չէ, սակայն կառավարման մոդելների մեջ մյուսների համեմատ ամենաընդունելին է, իսկ բացարձակ արժեքը դա իրավական պետություն ունենալն է:

«Ես շատ անհանգստացած եմ, որ հեղափոխությունից հետո ժողովրդավարության արդյունքում Գագիկ Ծառուկյանը կարող է իշխանության գա: Ժողովրդական ճանապարհով նախագահ կարող է ընտրվել, սակայն իրավական պետության պարագայում ընտրված նախագահը չի կարող անել այն, ինչ ուզում է: Այսօր մենք եկել-հասել ենք այն հանգրվանին, որ պետք է իրականացնենք սա, ստեղծենք միայն իրավական պետություն, այլապես հիասթափվելու ենք հեղափոխությունից էլ, ամեն ինչից էլ: Իշխանությանն աջակցել պետք է, բայց միայն քննադատելով»:

Իրավապաշտպանը մի առաջարկ ունի. «Բաղրամյան 26-ը ցանկալի է, որ դառնա թանգարան, որտեղ կներկայացվեն քաղաքական իրադարձություններն ըստ ժամանակի, օրինակ առաջարկում եմ մի հատվածը առանձնացնել 2018թ-ի ապրիլյան դեպքերից՝ հեղափոխությունից մինչև մեր օրեր ընկած ժամանակ, իսկ որոշ հատված նախկին եւ ներկա իրադարձությունների համար»,-ասաց նա:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X