Ի վերջո, ինչու չտեղադրվեց Արամ Մանուկյանի արձանը

Մոտ մեկ տարի քննարկված, չարչրկված Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը Երեւանում կանգնեցնելու թեման այդպես էլ չհասավ իր տրամաբանական ավարտին։ Հատուկ մասնագիտական հանձնաժողովը քանիցս նիստ արեց, քանի-քանի տարբերակ քննարկեց, խրախուսական մրցանակներ տվեց, ապա մրցույթի առաջին փուլը չեղյալ համարեց եւ երկրորդ անգամ մրցույթ հայտարարեց՝ իր հրավերով ընդգրկելով նոր քանդակագործների, որի արդյունքում հաղթեց Դավիթ Մինասյանի առաջարկած տարբերակը։ Հիշեցնենք, որ հեղինակն առաջարկել էր եռագույն դրոշով փաթաթված Արամ Մանուկյանի արձանը կանգնեցնել Երեւանում։

Սակայն մրցույթի ավարտից, հաղթողին հայտարարելուց եւ արձանի տեղը որոշելուց հետո, ինչպես եւ սպասվում էր, մեծ աղմուկ բարձրացավ սոցցանցերում։ Օգտատերերը սկսեցին քննադատել, ծաղրել դրոշով փաթաթված արձանի գաղափարը։ Մյուսները քննադատեցին արձանի տեղադրման տեղը՝ Հանրապետության հրապարակի մետրոյի մուտքի մոտ։ Իսկ երբ այն մտավ Երեւանի ավագանու նիստ՝ հաստատման, «Ելք» խմբակցությունը դեմ քվեարկեց, սակայն ՀՀԿ-ական մեծամասնությունը որոշումն անցկացրեց։

Ի սկզբանե արձանի մրցութային հանձնաժողովում մեծ տեղ էր զբաղեցնում ՀՅԴ-ն, այնտեղ ընդգրկված էին նաեւ անկախ մտավորականներ, Երեւանի գլխավոր ճարտարապետը եւ այլք, սակայն ենթադրվում էր, որ Արամ Մանուկյանը ՀՅԴ սիմվոլներից է, ուստի կուսակցությունը պետք է մեծ դերակատարում ունենա ինչպես էսքիզի հաստատման, այնպես էլ առհասարակ արձանի տեղադրման հարցում։

Ինչեւէ, արձանի որոշումը կայացվեց, մոտ 100 հազար դոլար գումար էր նախատեսված դրա իրականացման վրա։ Իսկ եռագույնի գունավոր քարերը որոշեցին ներկրել արտերկրից, մի տեսակն անգամ Արգենտինայից։ Հեղինակը սկսել էր աշխատել արձանի վրա, իսկ գունավոր քարերը երկար ամիսներ նավերով եւ այլ փոխադրամիջոցներով գալիս էին Հայաստան։ Նախապես հայտարարվել էր, որ արձանը պետք է բացվի մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության 100-ամյակի տոնին։ Եւ մի ամբողջ տարի բոլորը վստահեցնում էին, որ կհասցնեն։

Սակայն սկսվեց հեղափոխությունը, որի պատճառով նախ՝ ճանապարհներ փակվեցին եւ ժամանող բեռներն ուշացան՝ ուշացնելով արձանի կերտման աշխատանքները։ Մյուս կողմից՝ իշխանության ղեկին հայտնվեց «Ելքը», որը ժամանակին դեմ էր այդ արձանի գաղափարին։ Ապա նոր իշխանությունը որոշեց Առաջին հանրապետության տոնակատարությունների ժամանակ այնքան էլ չընդգծել Հայ հեղափոխական դաշնակցության դերակատարումը՝ գուցե դա էլ դեր խաղաց։

Բայց ամենակարեւոր պատճառը, որը մեր տեղեկություններով, դեր է խաղացել, այն է, որ եռագույնի կապույտ քարը, որը նույնպես բերվել է դրսից եւ բավականին ուշացել, վերջին պահին պարզվել է, որ շատ կարծր է եւ դրա վրա արագ աշխատել պարզապես հնարավոր չէ։ Ուստի արձանի բացումը հետաձգվեց։ Նախնական տեղեկություններով այն կբացվի հունիսի կեսերին։

Հեղափոխությունը բազում սրբագրումներ է մտցնում տարբեր ծրագրերում ու գործընթացներում։ Թերեւս կարելի է սպասել, որ «Ելքի» չիրականացված ծրագրերը կամաց-կամաց կյանքի կկոչվեն։ Օրինակ՝ փողոցները վերանվանելու առաջարկը եւ այլն։ Հետաքրքիր է, թե Արամ Մանուկյանի արձանի հարցում իշխանությունն ինչ դիրքորոշում կբռնի եւ այն, ի վերջո, կկանգնեցվի որոշված վայրում, թե՝ այլ լուծում կգտնեն։

Անի Առաքելյան

Մեկնաբանություն
X