Հայաստանի Վրաստանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում է: Պաշտոնական այցը տեղի է ունենում վրաց-ադրբեջանական հարաբերություններում ակնհայտ լարվածության ֆոնին: Ադրբեջանական մամուլը Վրաստանին անվանել է անշնորհակալ՝ նկատի ունենալով, որ ռուս-վրացական պայմանավորվածությամբ Հայաստանի համար կոմունիկացիոն լրացուցիչ միջանցք կարող է բացվել, ինչը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին: Միխեիլ Սաակաշվիլիի օրոք Վրաստանը գրեթե աբսորբացված էր թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից:

Վերջին երկու տարում պաշտոնական Թբիլիսին, խորացնելով Արեւմուտքի հետ ինտեգրացիան եւ ստանալով անվտանգության որոշակի երաշխիքներ, կարծես թե փորձում է հաղթահարել կախվածությունը եւ Հայաստանի հետ ստեղծում նոր որակի հարաբերություններ:

Այս իմաստով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցելությունը բավական խորհրդանշական է: Հայաստանի համար Վրաստանն ունի առանձնահատուկ կարեւորություն, բայց Հայաստանն էլ Վրաստանի անկախության եւ ինքնիշխանության համար բացառիկ նշանակություն ունի: Հայ-վրացական բարիդրացիությունը մեծամասամբ քաղաքակրթական է, կարելի է ասել՝ պատմականորեն ձեւավորված իրողություն, որը երկու ժողովուրդների եւ պետությունների առջեւ բացում է համագործակցության լուրջ հեռանկար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի նաեւ Ջավախք: Վրաստանի անկախությունից ի վեր ադրբեջանական եւ թուրքական քարոզչությունն ամեն ինչ արել եւ անում է, որպեսզի Ջավախքը ներկայացվի իբրեւ սեպարատիզմի օջախ, հայկական կողմի տարածքային նկրտումների թիրախ: Անցած երկու-երեք տասնակյակների ընթացքում Հայաստանին եւ Վրաստանին հաջողվել է իրավիճակը պահել վերահսկելի, թույլ չտալ սրացումներ, բայց այսօր ժամանակն է, որպեսզի կողմերը գտնեն Ջավախքում արդյունավետ համագործակցության մեխանիզմներ:

Դա թույլ կտա հաղթահարել անվստահության մնացորդները: Ջավախքի խնդիրը պետք է լուծվի Վրաստանի հետագա ժողովրդավարացման, տնտեսական եւ սոցիալական զարգացման համատեքստում: Հայ-վրացական հարաբերություններում որեւէ փորձաքար չի կարող լինել: Վրաստանը Հայաստանի դարպասն է ոչ միայն դեպի հյուսիս, այլեւ՝ արեւմուտք: Հայաստանը Վրաստանի համար պետք է մնա հուսալի թիկունք:

Մեկնաբանություն
X