Շնորհավորանքներ չհնչեցին

Պետությունն ու իշխանությունն իրարից զատել շատ քչերն են կարողանում։ Գրեթե բոլորը, իշխանությունից նեղանալով, նեղանում են նաեւ պետությունից, իշխանության մեջ գտնվողներն էլ «պետության նկատմամբ հարգանք» պահանջելիս նկատի ունեն իրենց՝ իշխանավորներին հարգելը։ Բայց եթե շարքային քաղաքացին ու չինովնիկն իրավունք ունեն շփոթել այդ երկու հասկացություններն իրար հետ եւ մեկի նկատմամբ վերաբերմունքը փոխանցել մյուսին, կան պետական այրեր, որոնք պարտավոր են տարբերակել դրանք, ավելի խորը, գիտակցված մոտեցում դրսեւորել։

Այս առումով, ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցրած անձինք հարկ է, որ էականորեն տարբերվեին սեփական շահի ու կարգավիճակի պրիզմայով աշխարհին նայող մարդկանցից։ Երեկ Հայաստանի Հանրապետությունն Առաջին հանրապետության 100-ամյակն էր նշում։ Տոն, որի մասին խոսում էին մի քանի տարի շարունակ՝ պատրաստվում էին, քննարկում էին, հանձնաժողովներ էին ձեւավորում, սպասում էին։ Հասկանալի է, որ ապրիլյան դեպքերը խախտեցին ոմանց պլանները եւ փոփոխություններ մտցրին տոնի ծրագրում։ Բայց դա ոչնչով չպետք է խանգարեր, որ ՀՀ երեք նախկին նախագահները հանդես գային ուղերձներով, շնորհավորեին հայ ժողովրդին՝ 100-ամյակի կապակցությամբ։ Այն լռությունը, որը պահպանեցին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, պատիվ չէր բերում ո՛չ նրանց, ո՛չ մեր հասարակությանը, ո՛չ էլ մեր պետականությանը։

Երբ իշխանության գլխին գտնվելիս անգամ Նովրուզն ու դատախազի օրն էին շնորհավորում, իսկ այժմ, երբ իշխանությունից հեռացել են, զլանում են շնորհավորել մի ողջ ժողովրդի՝ իր առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ։ Մեր խնդիրը նեղմտությունն ու նեղսրտությունն է, որը, ցավոք, բնորոշ է ոչ միայն գործող իշխանությանը, այլեւ նախկիններին։

Մեկնաբանություն
X