Անապահովներին վիրահատում են անվճար, ապահովվածները պետք է որոշ չափով վճարեն․ պարզաբանում է բարեգործ բժշկի օգնականը

Արդեն մի քանի տարի շարունակ ACMA բարեգործական ընկերությունը վիրահատություններ է կատարում Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում։ Հերթական վիրահատությունները սկսվել են մայիսի 28-ից, սակայն այսօր հիվանդանոցում խառը իրավիճակ է ստեղծվել։ Բանն այն է, որ հիվանդանոցում նախօրոք պայմանավորված վճարներից բացի ևս 100 հազար դրամ են պահանջել հիվանդներից։ Վիրահատված հիվանդների հարազատները ասում էին, որ եթե պետք է ավել վճարեին, ապա նախօրոք թող ասվեր, ոչ թե վիրահատությունից հետո. «Ամեն տարի նույն ընկերությունը այս հիվանդանոցում բարեգործություն է անում, եւ ոչ մի խնդիր չի առաջացել: Այն հիվանդները, ովքեր նպաստ են ստանում, բերել են համապատասխան տեղեկանք, ովքեր հաշմանդամ են՝ ներկայացրել են հաշմանդամության թուղթը, ովքեր ունեն զինծառայող նրանց եւս անվճար, պետպատվերի տակ վիրահատում են: Իսկ մնացածը, ովքեր անապահով են, բայց չեն ստանում նպաստ, էդ ընտանիքների համար վիրաբույժը բարեգործություն ա անում: Հիվանդանոցի ծախսը՝ անալիզների, ԷԿԳ-ի, սոնոգրաֆիայի, անգամ եթե հիվանդը 1 օր մնում է հիվանդանոցում, դա մտնում էդ 70 հազար դրամի մեջ: Էլ ինչի՞ են ավել գումար պահանջում: Կա պայմանավորվածություն հիվանդանոցի տնօրենի եւ բարեգործ վիրաբուժի հետ, ինչու է տնօրինությունը ավել գումարներ ուզում այս է հարցը»:

Գրիգորյան Լիանան Մասիսի Զորակ գյուղից է, վահանաձեւ գեղձն է վիրահատել, վիրահատությունից հետո մոտեցել են եւ հավելյալ 100 հազար դրամ պահանջել. «70հազար դրամ տվեցի մինչեւ վիրահատությունը, այսօր ասացին, որ 100 հազար դրամ էլ պետք է ավելացնեք: Կինը, որ եկավ մեզանից գումար ուզեց, ձեռքից ցուցակ կար: Հետո մենք ճշտեցինք, որ այդ կինը՝ Աիդան ադմինիստրացիայի աշխատող է, ասաց, որ 1 ժամվա մեջ այդ գումարը պետք ա վճարեք: Ես հաստատ չեմ պատրաստվում 100 հազար դրամ վճարել: Դրա մասին նախապես ոչ մի խոսակցություն չի եղել: 70 հազար դրամ, որ տվել եմ նախապես ասել են, որ դա վիրաբույժի գումարը չի, դա հիվանդանոցիննա: Իսկ վիրաբույժը՝ իր անձնակազմով բարեգործություն է անում, եւ ոչ մի կոպեկ չի վերցնում»: Արարատ քաղաքի բնակիչ 27-ամյա Էդգարի ընտանիքին էլ ասել են, որ 200 հազար դրամ ավել վճարեն, ընդ որում՝ նրան նույնպես վահանաձեւ գեղձն են վիրահատել. «Մենք էլ երեկ մուծել ենք 70 հազար դրամ, սոցիալապես անապահով ընտանիք ենք, միայն ամուսինս է աշխատում, ունենք անչափահաս երեխա, նպաստ չենք ստանում: Եկան գումար ուզեցին, հետո 1 ժամ անցավ, եկան ասացին, որ հին գներով ա մնալու»:

Ռուբիկ Հունանյանը եկել էր Ջերմուկ քաղաքից: Կնոջ վիրահատման համար 70 հազար նախօրոք վճարել էր: Վիրահատությունից հետո նրանից պահանջել էին եւս 30 հազար դրամ:

Առավոտյան hraparak.am-ում լուրի հրապարակումից հետ, հիվանդանոցի տնօրինությունը ժողով է հրավիրել եւ վիրահատված հիվանդներից էլ հավելյալ գումար չի պահանջում: Այդ մասին փաստեցին վիրահատված մարդկանց խնամակալները: Փորձեցինք պարզաբանում ստանալ ԲԿ-ի տնօրինությունից, թե ի՞նչպես է ստացվել, եւ ինչու են ավել գումար պահանջել, հետո այն չեղարկել: Մեր հարցերին պատասխանեց բարեգործություն անող բժշկի օգնականը, ով ասաց. «Մենք արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում ենք այս հիվանդանոցի հետ եւ որեւէ խնդիր չի եղել: Մեր կազմակերպությունը բարեգործական կազմակերպություն է, եւ այստեղ հիվանդները, եթե ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր, նրանց վիրահատությունը կատարվում է անվճար, իսկ այն մարդիկ, ովքեր վճարունակ են որոշ չափով պետք է վճարեն»: Ավելի ուշ տեղեկացանք, որ խնդիրներ են եղել տեղեկանքների հետ կապված եւ որոշ հիվանդներ պատշաճ փաստաթղթեր չեն ներկայացրել, ինչը հիվանդանոցի մոտ կասկածներ է հարուցել նրանց անապահովության հետ կապված։

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X