Ինչին ձգտել ենք 1918-ից, այսօր հնարավոր է իրականություն դառնա

Հայ ժողովրդի կյանքում շրջադարձային նշանակություն ունեցան 1918թ. մայիսյան հերոսամարտերը։ Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահան Մելիքյանն Առաջին հանրապետության պատմական շրջափուլն արժեւորելուց առաջ նախ տպավորություններով կիսվեց․ մարտ, ապրիլ ամիսներին Բեյրութում տեղի ունեցավ Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողով՝ Արամ 1-ինի նախաձեռնությամբ։

«Գիտաժողովի ժամանակ շատ իրական հնչեց այն միտքը կաթողիկոսի կողմից, որ խորհրդային տարիներին թեեւ Հայաստանի Հանրապետության մասին մտածել են, խորհել, բայց երբեք չեն գրել, արտահայտվել։ Համենայնդեպս, Անթիլիասում, Բեյրութում եւ Սփյուռքում եռագույնի եւ անկախ հանրապետության այդ գաղափարն անթեղված կերպով միշտ պահպանվել եւ հասել է մեր օրերը։ Դա շատ իմաստուն խոսք էր, այսինքն՝ այն օջախը, որտեղ պահպանվել է անկախության մեր գաղափարը, եղել է Սփյուռքը, որն ինչ-որ ձեւերով հասնում էր մեզ։ Ի վերջո, նոր, անկախ 3-րդ հանրապետության պայմաններում հնարավորություն ընձեռվեց ազատորեն զբաղվել այդ հարցերով, եւ 90-ական թվականներից մինչեւ այսօր բազմաթիվ աշխատություններ են նվիրվել այդ գործին»,- ասում է Մելիքյանն ու նկատում, որ ամենահիմնարար աշխատությունը Ռիչարդ Հովհաննիսյանի քառահատոր աշխատությունն է, որ վերջերս թարգմանվեց նաեւ հայերեն. «Այստեղ հիմնականում հարցադրումները վերաբերում են Հայաստանի Հանրապետության միջազգային կապերի, հայկական հարցի խնդիրներին։

Անձամբ ինձ հետ զրույցում 90-ականներին Ռիչարդ Հովհաննիսյանն անկեղծացավ ու ասաց, որ նախանձում է մեր հայաստանյան տեղացի պատմաբաններին, որոնք կարողանում են օգտվել ոչ միայն Բոստոնի ու արեւմտյան արխիվներից, այլ նաեւ Թիֆլիսի, Բաքվի, Մոսկվայի, Պետերբուրգի արխիվներից, ինչն ամբողջական է դարձնում։ Հիմա՝ անկախության շրջանում, ստեղծվեցին աշխատություններ, որոնք հենված էին արդեն թե՛ արեւմտյան, թե՛ մեր տեղական շատ հարուստ նյութի վրա»։

Պատմաբանը զուգահեռներ է անցկացնում․ «Առաջին հանրապետության ժամանակ, երբ ձեւավորվեցին կառավարությունն ու խորհրդարանը, դրանք ընտրովի մարմիններ չէին, հիմքը Թիֆլիսի կենտրոնական հայոց ազգային խորհուրդն էր եւ արեւմտահայերի ազգային խորհուրդը, որոնք 1918-ի հունիս-հուլիս ամիսներին այդ խորհուրդների հիմքի վրա ձեւավորեցին կառավարություն եւ խորհրդարան։ Այսինքն՝ այսօրվա տեսանկյունից դրանք ոչ լեգիտիմ, ընտրությունների ճանապարհով չընտրված մարմիններ էին։

Հետագայում, ավելի ուշ, երբ մի փոքր ամրապնդվեց հանրապետության միջազգային դրությունը, 1919-ին կայացան խորհրդարանական առաջին ընտրությունները, եւ դրանից հետո նոր ձեւավորվեց լեգիտիմ իշխանություն՝ կառավարությունն ու խորհրդարանը։ Կարեւորագույն կենտրոնական հարցը միացյալ Հայաստանի խնդիրն էր։ Ինչպես հայտնի է, 19թ․ փետրվարին Երեւանում կայացավ արեւմտահայերի 2-րդ համագումարը, եւ պետք է ասել՝ հենց արեւմտահայերի նախաձեռնությամբ էր, որ այդ առաջարկը՝ միացյալ Հայաստան եւ կառավարություն ստեղծելու գաղափարը, ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ արեւելահայ եւ արեւմտահայ քաղաքական գործիչներից։

Սա այն անկյունաքարային հիմնահարցն էր, որ ընկավ նաեւ Հայկական հարցի հիմքում՝ Փարիզում, եւ տարաձայնությունների առիթ տվեց։ Սկզբնական շրջանում արեւմտահայ մի շարք պատգամավորներ ներգրավվեցին խորհրդարանի կազմում, սակայն Երեւանում տեղի ունեցած եւ, ինչպես Վրացյանն է արտահայտվում՝ հայկական բանակցությունների արդյունքում, ցավոք, այդ միացյալ կառավարությունն այդպես էլ չձեւավորվեց։ Հենց այսօր, մեր օրերում, շատ արդիական հիմնահարց է, որովհետեւ երկպալատ պառլամենտի հիմնախնդիր է բարձրացվում սփյուռքի նորանշանակ նախարարի կողմից։ Սա, իհարկե, շատ հետաքրքիր գաղափար է, ունի բազմաթիվ բարդ եւ դեռեւս չպարզված խնդիրներ, բայց գաղափարը, իմ կարծիքով, հեռանկարային է։ Այսինքն՝ այն, ինչին ձգտել ենք 1918-19-ից՝ հայ ժողովրդի 2 հատվածների եւ քաղաքական ուժերի միավորմանը, այսօր՝ մեր օրերում, հնարավոր է իրականություն դառնա»։

Թե ինչով էին կարեւոր Հայաստանի առաջին հանրապետության 2.5 տարիները, ըստ պատմաբանի, գլխավոր հիմնահարցը իշխանության այլընտրանքի խնդիրն էր, որովհետեւ հոկտեմբերյան հեղաշրջումից հետո 3 իշխանություն կար Անդրկովկասում․ «Անդրկովկասյան կոմիսարիատը, որը չէր ճանաչում բոլշեւիկյան իշխանությունը, Բաքվի խորհրդային իշխանությունը՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ, եւ Կովկասյան բանակի գեներալիտետը, որոնք իրականացնում էին Թուրքիայի հետ բանակցությունների գործընթացը, ի վերջո, հանգեցրեց Երզնկայի զինադադարի կնքմանը։ Այս իրավիճակում իրոք այլընտրանք կար Անդրկովկասում, այսինքն՝ խորհրդային իշխանության ճանապարհով լուծել նաեւ հայկական հարցը։

Ստեփան Շահումյանի պլանի մեջ մտնում էին կոմիսարիատի տապալումը, Թիֆլիսի գրավումը բոլշեւիկյան զորամասերի կողմից եւ Անդրկովկասում հայկական տարրի ուժեղացումը, իսկ իրականում հայությունը եւ հայկական ուժերն Անդրկովկասում այդ շրջանում շատ ուժեղ էին, բայց քանի որ կայացավ վրացական մենշեւիզմի եւ թաթարական կուսակցության դաշինքն ընդդեմ հայության եւ Դաշնակցություն կուսակցության, այդ ծրագիրը չիրականացվեց։ Բայց եզակի փաստ է մեր գիտության եւ քաղաքականության բնագավառում, երբ գաղափարական առումով իրար հակադիր կուսակցություններ՝ Դաշնակցությունը եւ բոլշեւիկները, հայկական հարցի իրականացման ճանապարհին փորձեցին համագործակցել, եւ դա փայլուն արդյունք տվեց։ 1918-ի մարտին հայկական զորմասերը Շահումյանի բոլշեւիկյան զորամասերի հետ Բաքվում կարողացան ճնշել մուսավաթական խռովությունը, որի վերջնական նպատակը պանթուրքիզմի իրականացումն էր։

Այդ շրջանում այլընտրանք կար, բայց ավելի ուշ՝ արդեն 1920-ին, երբ ձեւավորված էր բոլշեւիկ-քեմալական համագործակցությունը, ավելի բարդ խնդիրներ էին դրված հանրապետության կառավարության առջեւ, որովհետեւ հայացքն ավելի շատ հառնած էր դեպի Արեւմուտք՝ Փարիզի վեհաժողով, որտեղ հույս կար, որ պետք է լուծվեր հայկական հարցը, եւ դրան ավելի շատ գերապատվություն տալով՝ չկայացավ այն մեծ ծրագիրը, որ պետք է իրականացվեր։ Ի վերջո, այդ 2 ուժերը կարողացան իրականացնել, այսպես կոչված՝ համաշխարհային հեղափոխության գաղափարը, որի արդյունքում, ցավոք, Հայաստանի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալուց»։

Մեկնաբանություն
X