«Հներն» ու «Նորերը»

«Նոր Հայաստանի» ընթերցողներն էականորեն տարբերվում են «Հին Հայաստանի» ընթերցողներից։ «Հները» քաջ ծանոթ են «Հրապարակի» անցած ճանապարհին, աշխատաոճին ու որդեգրած սկզբունքներին։ «Նորերը», թերեւս, նոր-նոր են սկսում թերթ կարդալ, եւ միայն դրանով է բացատրվում մեր նյութերի տակ արված լատինատառ մեկնաբանություններից յուրաքանչյուր երկրորդի «բա խի՞ չէիք առաջ գրում» արտահայտությունը՝ ուղեկցված հայհոյանքներով ու վիրավորանքներով։

«Հները» շատ լավ գիտեն, որ գրում էինք, շատ ավելի դաժան էինք գրում, քան այսօր։ Եվ դա էր նաեւ պատճառը, որ մշտապես խնդիրներ ունեինք եւ «սիրված» չէինք նախկինների կողմից։ Ոչ միայն սիրված չէինք, այլեւ հետապնդվում էինք՝ դատարաններում երկար ու հոգեմաշ պրոցեսներ ունեինք, որոնք երբեմն 2, անգամ 3 տարի էին տեւում։ Միայն հայցվորների ցանկի հրապարակումը բավական կլինի հասկանալու համար, թե որքան հեշտ չի եղել մեզ համար աշխատելը։

«Հրապարակին» դատի է տվել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, Սեյրան Օհանյանի կինը, երբ ամուսինը Պնախարարն էր, «Արմենիա» հեռուստաընկերության պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, ԱԺ ներկայիս նախագահ Արա Բաբլոյանը, երբ «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավարն էր, Դատական դեպարտամենտի ղեկավարը, «Հայբուսակի» ՀՅԴ «ռեյտինգային» թեկնածու տնօրենը եւ այլք։ Դրանց մի մասն ավարտվել է մեր հաղթանակով կամ հաշտությամբ։ Երկու դատական պրոցեսի հետ կապված՝ մենք Սահմանադրական դատարան ենք դիմել․ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի միջոցով՝ Քոչարյանի պրոցեսից հետո հասանք այն բանին, որ ճշգրտվեցին «վիրավորանք» եւ «զրպարտություն» եզրույթները։ Եվ Գյումրիի ոստիկանապետի գործած բռնության դեպքով՝ աղբյուրը չբացահայտելու հարցով, որի արդյունքում ՍԴ-ն պարզաբանեց, թե որ դեպքերում է հնարավոր աղբյուրի բացահայտումը։

Մեկնաբանություն
X