Սամվել Բալասանյանը քոչարի պարեց ներկաների հետ․ տրամադրությունը փոխվել է

Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը Հանրապետության երկրորդ քաղաքում մեծ շուքով նշվեց: Զինվորական քայլերթ, ցուցադրական ելույթներ եւ տոնական միջոցառում: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր աչքի ընկավ առանձնակի աշխուժությամբ:

Քաղաքապետի տրամադրությունն այնքան բարձր էր, որ միացավ պարողներին, շուրջպար բռնեց: Գյումրեցիները կատակում են՝ նախագահից բան սովորեցին:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը միացավ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցներին եւ քոչարի պարեց հետները: Նշենք, որ խոսակցությունների համաձայն՝ Գյումրու քաղաքապետի վարքագիծը պատահական չէ: Քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ավագանու նախավերջին նիստից հետո քաղաքապետի ինքնավստահությունն ավելացել է եւ այլևս պաշտոնը կորցնելու վտանգ չի զգում, մինչդեռ հեղափոխության ընթացքում եւ ավարտից հետո նա հուսահատության գիրկն էր ընկել՝ ամեն վայրկյան մտածում էր, որ գլխավերևը դամոկլյան սուրն է ճոճվում:

Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու՝ մայիսի 17-ին հրավիրված արտահերթ նիստին «Բալասանյան» խմբակցության 13 անդամներ անվստահություն հայտնեցին իրենց քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելով նույն դաշինքի մեկ այլ անդամի։ Ակնհայտ էր, որ անվստահության հարցը կեղծ օրակարգ է, և այն Գյումրու քաղաքապետի ու նրա թիմակիցների մշակած սցենարն էր:Քանի որ անվստահություն հայտնած ավագանիները դեմ քվեարկեցին իրենց իսկ նախագծին եւ օրենքի ուժով երկարաձգեցին քաղաքապետի պաշտոնավարումը: Մեկ տարի այլևս հնարվոր չի լինի քննարկել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը։

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X