Վարչապետը սթափ է մտածում, մշակույթը կմտնի մեր կյանք․ Գուրգեն Խանջյան

Ուրբաթ օրը մշակույթի գործիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը զերծ չմնաց քննարկումներից, ավանդաբար ուղղված սլաքներից, թե հերթական անգամ մշակույթի մարդիկ շողոքորթեցին նորընծա իշխանություններին, ներբողներ ձոնեցին եւ աջակցություն հայցեցին՝ փոխանակ կոնկրետ առաջարկներ ներկայացնելու։ Արձակագիր Գուրգեն Խանջյանը, որ մասնակցել է հանդիպմանը, նշում է, որ նման մոտեցում կար, բայց դրանք առանձին դեպքեր են։

«Խնդիրը դա չէ։ Ինձ դուր եկավ վարչապետի մոտեցումը մշակույթին, արվեստի առանձին ճյուղերին։ Իմ կարծիքով՝ ինքը շատ սթափ է մտածում, եւ շողոքորթությունը տվյալ դեպքում իզուր էր։ Ինքը լավ տեղյակ է ամեն ինչին, կարծում եմ, որ մթնոլորտը կմաքրվի։ Նիկոլ Փաշինյանը լավ ասաց, որ պետք է փոխվի մթնոլորտը, որ թատրոնները, գրքերը դառնան արժեք։ Մշակույթը պետք է մտնի մեր կյանք, իսկ դա ստրատեգիական մոտեցում է»,- նշեց Գուրգեն Խանջյանը։ Գրողը կարծում է, որ ավելացված արժեքի հարկի նվազեցումը կարող է թեթեւացնել հրատարակիչների բեռը։

«Ընթերցող կա, գրքերն են թանկ»,- ասաց մեր զրուցակիցը։ Իսկ ինչպե՞ս ճանաչեն երիտասարդ գրողներին, որպեսզի նրանց գրքերը սպառվեն, ընթերցողն իմանա, թե ով է իր նախընտրելի հեղինակը։ «Քարոզչությունը կա ինտերնետում, երբեմն չափազանցված քարոզչություն է եւ ավելի սխալ ուղղությամբ է տանում ընթերցողին։ Ինձ թվում է, որ լավ ընթերցողը կգտնի իր ուզած գրականությունը, գրողին, եթե փնտրի»,- կարծում է արձակագիրը։ Վարչապետի հետ հանդիպումից հետո հնչեցին կարծիքներ, որ պետք չէր 200-300 հոգու հետ նման ձեւաչափով հանդիպում կազմակերպել, պետք էր մտածել այլ ձեւաչափի մասին։ «Այդպես էլ կլինի, բայց շատ հաճախ հրավիրվող հանդիպումներն էլ մի բան չեն։ Այն, ինչ քննարկվել է, պետք է մարսվի, պետք է արվեն քայլեր։ Կես տարի հետո կարելի է նորից հանդիպել։ Կարծում եմ, ավելի հաճախ հանդիպելու կարիք չկա էլ»,- արձագանքեց Գուրգեն Խանջյանը։

Մեկնաբանություն
X