Անկախություն եւ սպասումներ

Հարյուր տարի առաջ Հայոց ազգային խորհուրդն իրեն հռչակեց Անդրկովկասի հայաբնակ գավառների իշխանություն: Մի քանի օր հետո Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական պայմանագիր, որով Օսմանյան կայսերական կառավարությունը Երեւան մայրաքաղաքով ճանաչում էր Հայաստանի անկախությունը: Այսօր հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ չկան, Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ:

Հռչակված է հայկական երկրորդ պետությունը, որը, սակայն, միջազգայնորեն ճանաչված չէ: Անկախության հարյուրամյակի շեմին Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, որ հույսեր եւ սպասումներ է արթնացրել: Ժողովրդի ակնկալիքները մեծ են, երկրի հնարավորությունները՝ սահմանափակ:

Կա, բացահայտվել է մեծ էներգիա, որ եթե վերածվի ամենօրյա նվիրումի, երկրում, անկասկած, մեծ փոփոխություններ կլինեն: Բայց ներքին հնարավորությունները գերագնահատելու գայթակղությունից հարկ է զերծ մնալ: Զարգացած եւ մրցունակ պետություն դառնալու համար Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Եւ շատ բան կախված է լինելու արտաքին ազդեցություններից:

Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող անվերջ մնալ չկարգավորված, եւ Լեռնային Ղարաբաղի խնդրին էլ պետք է լուծում գտնվի: Հաղթանակն իմաստ ունի, երբ խթանում է երկրի զարգացումը, բացահայտում նրա ստեղծագործական ուժերը: Այսօր, ցավոք, ղարաբաղյան պատերազմում ռազմական հաջողությունները երկրից եւ ժողովրդից լրացուցիչ ռեսուրսներ են տանում՝ փոխարենը տալով միայն զգացմունքներ, հույզեր եւ շատ անորոշ մի հեռանկար:

Հարյուր տարի առաջ Հայոց ազգային խորհուրդը մի կողմ դրեց հուզականությունը եւ թուրքերի հետ հաշտության ու բարիդրացիության միջոցով պատմական հայրենիքի մի փոքրիկ հողակտորի վրա հայկական պետություն ստեղծեց՝ իրավականորեն ամրագրելով մարտադաշտում ժողովրդի կռած հաղթանակները:

Նույն խնդրի առջեւ կանգնած ենք նաեւ այսօր, նույնն է աշխարհաքաղաքական միջավայրը, նույնն են հարեւանները: Քիչ բան է փոխվել: Նույնն են նաեւ սպասումները: Նույնը պիտի լինի քաղաքական հասունությունը՝ չվտանգել հայրենիքը, փայփայել ունեցածը, հասնել դիվանագիտական ճեղքման եւ կարգավորել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները, որպեսզի երկրի անկախությունը մոտենա լիարժեքության մի որոշակի աստիճանի:

Որպեսզի երաշխավորվի Հայաստանի անվտանգությունը: Որպեսզի Լեռնային Ղարաբաղը ձերբազատվի ռազմական ներխուժման մշտական սպառնալիքից: Անկախությունը ներքին լիարժեքություն է, երբ իրականության եւ սպասումների միջեւ գտնվում է ազգային համերաշխության տանող լուծումը: Հակառակ դեպքում երկիրը մնում է օտար ազդեցության եւ մանիպուլյացիաների տիրույթում:

Մեկնաբանություն
X