Ո՞վ է Շիրակի մարզպետի իրական թեկնածուն

Շիրակի մարզի ՀՅԴ-ական մարզպետ Արթուր Խաչատրյանի հրաժարականից եւ գյուղնախարար նշանակվելուց հետո մարզում այս օրերին ակտիվորեն քննարկվում է մարզպետի ընտրության հարցը: Թեև մեր տեղեկություններով ամենահավանական թեկնածուն Գյումրիից ԵԼՔ դաշինքի եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ 32-ամյա Կարեն Սարուխանյանն է,այնումանենայնիվ շրջանառվում էին նաև Ղարիբ Հարությունյանի եւ Կարեն Պետրոսյանի անունները, ովքեր Հանրապետության երկրորդ քաղաքում համարվում են հեղափոխության առաջամարտիկները:

Տեղեկացանք նաև, որ «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» տնօրեն Ղարիբ Հարությունյանը պատրաստվում է լքել հիմնադրամը՝ հրաժեշտ տալով տնօրենի պաշտոնին: Ինչո՞ւ եւ ինչ պատճառներով է թողնում Ղարիբ Հարությունյանը հիմնադրամը, պարզելու համար զրուցեցինք նրա հետ:

«Ինձ առաջարկներ կան ուրիշ տեղից, զբաղվածության խնդիր կա, առանձնապես լուրջ պատճառներ չկան: Մենք տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարություն ենք տարածել, բայց մինչև հիմա դիմողներ չկան, ավելի ճիշտ հայտեր կան, չափանիշներին չեն համապատասխանում»,-ասաց մեր զրուցակիցը՝ չմանրամասնելով, թե ինչ նոր աշխատանքի առաջարկի մասին է խոսքը:

Նրանից փորձեցինք հետաքրքրվել մարզպետի նշանակման մասին: «Ինձ որևէ նման առաջարկ որևէ մեկի կողմից չի արվել, մարդիկ են հիմնականում ցանկություն հայտնել: Հեղափոխության առաջամարտիկ լինելը դեռևս չի նշանակում, որ իշխանության մաս դառնալու ցանկություն կար: Առաջարկ լինելու դեպքում էլ, իհարկե, պետք է ծանրութեթև անել: Իսկ այդ օրերին մենք առաջին շարքերում էինք, որովհետև մեր քաղաքացիական պարտքը կատարեցինք, եւ ինչ-որ բանի հավակնություն չունեինք: Մենք մեր պարտքն ենք կատարել եւ քաղաքացիական հասարակության դաշտում ենք»,-ասաց Ղարիբ Հարությունյանը:

Անդրադառնալով ՔՊ անդամ Կարեն Սարուխանյանի թեկնածությանը, թե ինչ է մտածում, նշեց. «Դե, գյումրեցի տղա է, ճանաչում եմ»:

Նշենք, որ օրեր առաջ Կարեն Սարուխանյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, որ կուսակցության ներսում իր թեկնածությունն առաջադրելու որոշ քննարկումներ եղել են, պաշտոնական առաջարկ՝ դեռևս ոչ:

Հ. Գ. Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ Ղարիբ Հարությունյանը «Գյումրին առանց տնակների հիմնադրամի » տնօրենի պաշտոնը թողնում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Սրբազանի համար, քանի որ վերջինս ամիսներ առաջ հրաժարվեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Տեղեկությունների համաձայն՝ Ղարիբ Հարությունյանին տնօրենի պաշտոնում առաջադրել էր հենց Սրբազանը:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X