Էնպես կարկուտ ա եկել, որ ծառերի վրա տերեւ չի թողել․ Վազաշեն համայնքի ղեկավար

Երեկ երեկոյան տեղացած կարկուտը ոչնչացրել է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի պտղատու այգիների, բանջարեղենի, մյուս ցանքերի ողջ բերքը: Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղացիների բերքը ամբողջությամբ վնասվել է.

«Մեզ մոտ շատ հողատարածքներ չկան, հիմնականում տնամերձներն են՝ 80հա: Շատ ծառեր ունենք, էնպիսի կարկուտ եկավ, որ ծառերի վրա մի հատ տերեւ չի մնացել, հողատարածքներում էլ ցանած բանջարեղենները հողի են հավասարվել: Այդպիսի ուժգնությամբ կարկուտը միայն մեր գյուղի վրա եկավ: Կողքի համայնքերը այդքան չեն տուժել: Հիմա մենք պտտվում ենք, տեսնենք, թե ով ինչ վնաս է կրել: Արձանագրություն ենք կազմում, կներկայացնենք մարզպետարան, տեսնենք՝ ինչ կանեն»,-ասաց Լորիկ Բադիրյանը:

Նշենք, որ առաջիկա օրերին եւս սպասվում են անձրև, ամպրոպ եւ կարկուտ: Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրոմ է, որ մայիսի 27-28-ին հանրապետության տարածքում գործող ցիկլոնի ուժը կթուլանա, ինչի արդյունքում ցերեկային ժամերին գրեթե բոլոր մարզերում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, միայն ուշ երեկոյան առանձին շրջաններում կարճատև ամպրոպային բնույթի անձրևները կկրկնվեն։

Մայիսի 29-ից սկսած Հայաստանի մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը, որը մեր տարածաշրջանում կգործի մինչև հունիսի 1-ը ներառայալ։ Արդյունքում, մայիսի 29-ից հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 27-28-ին էապես չի փոխվի, իսկ մայիսի 29-30-ին հյուսիս-արևելքից սառը օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։

Մեկնաբանություն
X