Ծիծաղելի են դառնում

Կարգավորման բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության թեման, ըստ երեւույթին, լրջանում է: Հակառակ դեպքում Ադրբեջանն այդքան չէր մտասեւեռվի եւ զանազան մանիպուլյացիաների չէր դիմի՝ տպավորություն ստեղծելու համար, թե նախկինում եռակողմ պայմանավորվածություններ չեն եղել, Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափով քննարկումներ չեն ընթացել: Իրականությունը նենգափոխելու ջղաձգումներում Բաքվի քարոզչությունը դառնում է ծիծաղելի:

Լրատվամիջոցներից մեկը, մասնավորապես, գրել է, թե Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Ռասուլ Գուլիեւ Բիշքեկի արձանագրությունը ստորագրել է միայն այն բանից հետո, երբ փաստաթղթի տակ դրվել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բահմանովի ստորագրությունը: Իրականությունը, մինչդեռ, այն է, որ ԵՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Բիշքեկ է հրավիրել երեք՝ Ադրբեջանի, ԼՂՀ եւ Հայաստանի խորհրդարանների ղեկավարներին: Նիզամի Բահմանովի անունը ստորագրողների ցանկում ավելացրել են Բաքվում, ինչը, բնականաբար, որեւէ ձեւով չի փոխում փաստաթղթի էությունը, այն, որ արձանագրությունը համաձայնեցվել է երեք՝ Ադրբեջանի, ԼՂՀ եւ Հայաստանի, խորհրդարանական պատվիրակությունների կողմից: Բաքվում նաեւ պնդում են, որ հրադադարի մասին համաձայնությունը միասնական փաստաթուղթ չէ, կողմերն այն ստորագրել են առանձին-առանձին եւ ֆաքսով ուղարկել միջնորդին:

Այո, տեխնիկական պատճառներով այդպես է ստորագրվել փաստաթուղթը, բայց դրան նախորդել են ՌԴ պաշտպանության նախարարի միջնորդությամբ եռակող բանակցություններ, որին ԼՂՀ –ն մասնակցել է որպես առանձին կողմ՝ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի գլխավորած պատվիրակությամբ: Դրանից զատ գոյություն ունեն փաստաթղթեր, որ հեղինակվել են Բաքվում եւ ուղղակիորեն հասցեագրված են ԼՂՀ պետական մարմինների ղեկավարներին: Պատմական իրողությունները շրջանցել հնարավոր չէ: Որքան Բաքուն համառի, այնքան կարող են նոր փաստեր ի հայտ գալ, որ անհերքելիորեն կապացուցեն, որ Լեռնային Ղարաբաղը ձեռք բերված պայմանավորվածությունների իրավահավասար կողմ է: Իսկ դա իր հերթին ենթադրում է, որ ապագա պայմանավորվածությունները կարող են գործել միայն այն դեպքում, երբ դրանք համաձայնեցնելու գործընթացին մասնակից կդառնա պաշտոնական Ստեփանակերտը:

Մեկնաբանություն
X