«Անտարես»-ի տնօրենը մշակույթի նախարարին առաջարկում է ուղիղ եթերով հեքիաթ կարդալ

Երեկ, երբ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մշակույթի գործիչների հանդիպմանը, տեսել է, որ դահլիճում կային սովետում ապրող մարդիկ եւ կային հայաստանցիներ, որոնք փոխել են իրենց մտածելակերպը եւ անցել շուկայական հարաբերությունների։

«Երբ ասում ես՝ շուկայական հարաբերություններ, այդ սովետի մարդկանց պատկերացմամբ՝ դա «Պրոսպեկտի» շուկան է։ Իսկ շուկան գրող-ընթերցող հարաբերությունն է, կոմունիկացիան»,- նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ մշակութային գործիչների հանդիպմանը, ապա մի մասը չէր տիրապետում իրավիճակին։

«Նրանք եկել էին Սովետական Հայաստան, եկել էին գյադաների ժամանակ, վիշապների ժամանակ, երբ պետք է գլխավոր վիշապի հետ լավ հարաբերություններ ունենաս, որ կարողանաս ինչ-որ բան տանել։ Նիկոլ Փաշինյանը հստակ ասաց՝ եթե լուրջ միջոցներ ենք ծախսելու, ապա դրանք ուղված են լինելու սպառողականությունը մեծացնելուն։ Օրինակ՝ աշակերտները կգնան թանգարաններ, գրադարաններ, պատկերասրահներ, համերգներ, թատրոններ, եւ դրանք պետք է ֆինանսավորվեն։ Այսինքն՝ եթե լրացուցիչ գումարի մասին է խոսքը, ապա այն ուղղվելու է սպառողականությանը, որպեսզի մեր հայրենակիցները լինեն մշակույթի հետ ավելի շփվող։ Փողը պետք է ծախսել պահանջարկ ստեղծելու համար, ոչ թե առաջարկների համար»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Իսկ այսօր արդեն մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ կայացած գրողների, հրատարակիչների հանդիպումը Արմեն Մարտիրոսյանը նմանեցնում է վարչապետի հետ կայացած հանդիպմանը։

«Որոշ հրատարակիչներ մնացել էին Սովետական միությունում, որոշ հրատարակիչներ ժամանակակից մեխանիզմներով էին առաջնորդվում։ Կային այնտեղ մարդիկ, որոնք ասում էին, որ հենց իրենց պետք է փող տալ կամ էլ վերականգնեն սովետի ժամանակվա կառույցները։ Հիմնական շեշտադրումը վերաբերում էր նրան, որ պետք է ուշադրություն դարձնել ընթերցողների վրա, եւ ընթերցողների քանակը պետք է ավելացնել։ Իսկ դա կօգնի, որ սպառողը գնի նաեւ ամենաբարդ հեղինակներին։ Նախարարը խնդրեց ներկայացնել սպառողներին խթանելու տարբեր մեխանիզմներ, մոտեցումներ։ Բոլորը համակարծիք էին, որ ավելացված արժեքի հարկը պետք է հանել գրքի վրայից կամ նվազեցնել։ Իսկ դա կարեւոր ուղերձ է հասարակությանը, որ իշխանությունները կարեւորում են գիրքը»,- մշակույթի նախարարի հետ հանդիպման մանրամասներն է ներկայացնում «Անտարես»-ի տնօրենը։

Ըստ նրա՝ եղել են առաջարկներ, որ տպագրվեն գրաքննադատական ամսագրեր, որպեսզի լավ գրողը տարբերվի վատ գրողից։ Չէ՞ որ, բոլորը հարց են արծարծում, թե պետք է գրողներին ֆինանսավորել, բայց չկա չափանիշ՝ ո՞ր գրողին տան, երբ ամեն երկրորդն իրեն գրող է համարում մեր երկրում։

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ հանդիպումից մասնակիցների մի մասը դուրս է եկել դժգոհ, մարդիկ կային, որ շտապում էին լքել դահլիճը, մարդիկ էլ կային, որ գոհ էին նման լիբերալ մոտեցման համար։

«Անտարես»-ի տնօրենը հանդիպման ժամանակ առաջարկել է, որ մշակույթի նախարարը հեռախոսով մտնի ուղիղ եթեր եւ 10 րոպեի սահմաններում կարդա հեքիաթ։ Իսկ այդպիսով նա կարող է ցույց տալ, որ ընթերցանության ծրագրերը սկսվում են երեխաներից, երբ երեկոյան ժամին նրանց համար հեքիաթ են կարդում։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X