Պահանջվում են այլ ձեւաչափի հանդիպումներ․ Նազարեթ Կարոյանը ՀՀ վարչապետի հետ հանդիպման մասին

Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստաբան Նազարեթ Կարոյանը մշակույթի գործիչների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո եկել է այն եզրակացության, որ նման ձեւաչափերով հանդիպումներն անհեթեթություն են։

«Հավաքվում են մշակույթի մարդիկ՝ չակերտների մեջ կամ առանց չակերտների, իսկ դա նշանակում է սովորական ռեժիմ։ Եվ այդ սովորական ռեժիմում մարդիկ ներկայացնում են իրենց պահանջները, անձնական կամ կազմակերպական։ Եվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կրկնում էր, որ ոչ թե մշակույթի արտադրությունն են իրենք ուզում ֆինանսավորել, այլ նրա շրջանառությունը։ Եթե գեներացնում ես միջոցները, սակայն չես մտածում մշակույթի շրջանառության մասին, անիմաստ են դառնում դրանք»,- ասաց Նազարեթ Կարոյանը։

Արվեստաբանի դիտարկմամբ՝ մշակույթի գործիչները շարունակում են հանդես գալ պահանջատիրական դիրքերից, որովհետեւ իրենց առանձնացնում են քաղաքացիներից՝ սպառողներից։

Եվ որպեսզի փոխվի նախկին վիճակը, վերաձեւակերպվի մշակութային քաղաքականությունը, օրակարգը, ըստ Նազարեթ Կարոյանի, պահանջվում են այլ ձեւաչափի հարթակներ, որտեղ կլինեն հորիզոնական հարաբերություններ, եւ մարդիկ կգտնվեն նույն հարթության վրա եւ միասին կաշխատեն։

Նազարեթ Կարոյանը կարծում է, որ մշակույթն այն գործիքն է, կորիզը, որի շուրջ հավաքվում են բոլորը, եւ նրա խնդիրներն էլ պետք է բոլորին մտահոգեն։ Իսկ բոլորի մտահոգությունն, ըստ Նազարեթ Կարոյանի, պահանջվում է այլ հայեցակարգ, այլ մտածողություն, որը պետք է ձեւակերպվի եւ դառնա օրակարգ։

Իսկ այս օրերին Ժամանակակից արվեստի ինստիտուտը զբաղված է մշակութային համաժողովի նախապատրաստական աշխատանքներով, որի օրակարգում Հայաստանի մշակութային ռազմավարությունը ձեւավորող քաղաքական, տնտեսական, կրթական եւ այլ բաղադրիչների ներկայացմամբ համապարփակ ծրագրի ստեղծումն է։

Մեկնաբանություն
X