Փարավոն Միրզոյանը «Ձոն Սարդարապատի հերոսամարտին» պաննոն նվիրեց Ազգային գրադարանին (տեսանյութ)

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակի առիթով ստեղծել է մեծածավալ մի պաննո՝ վերնագրված «Ձոն Սարդարապատի հերոսամարտին», որը երեկ նվիրեց Ազգային գրադարանին։

Այդ առիթիվ գրադարանում տեղի ունեցավ շնորհանդեսի ընթացքում կատարումներով հանդես եկավ «Նաիրյան» վոկալ անսամբլը, ներկաների կողմից հնչեցին գնահատանքի եւ ողջույնի խոսքեր, իսկ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը Փարավոն Միրզոյանին պարգեւատրեց «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով։

Դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժշտի խոսքերով, կան արվեստի գործեր, որոնց դու պիտի ընդառաջ գնաս, բայց կան նաեւ այնպիսիք, որ քեզ հափշտակում են․ «Սա այն տեսակն է, որ մարդուն հափշտակում է, ասես հերոսական երգեր լսելու պես մասնակից ես դառնում, հերոսանում ես, նայում եմ ու իմ մեջ ուժ է առաջանում։ Փարավոնը 8/4 մետրի վրա կարողանում է տեղավորել ծովից ծով Հայաստանը, դա մեզ հուշում է, որ պետք է վերագտնենք Հայաստանը, արվեստը մղում է այդ քայլին եւ եթե համեմատենք երաժշտության հետ, այս կտավն էլ Փարավոն Միրզոյանի հերոսական սիմֆոնիան է»։

Փարավոն Միրզոյանը իր խոսքում հիշատակեց Պարույր Սեւակին, ով ասել է՝ սերունդներ դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից։ Ավելին՝ դա պատահական չի ասվել, քանի որ հենց Սարդարապատից մեր պետությունը սկսեց իր գոյությունը․ «Արդեն 8 ամիս ես աշխատում էի այս ստեղծագործության վրա, ուսումնասիրելով այդ թեման եւ զգացի, որ եկել է ժամանակը, որ ես իմ պարտքը տամ իմ արվեստի ուժով եւ մի ստեղծագործություն ստեղծեմ, որը կնվիրեմ մեր առաջին հանրապետության 100 ամյակին»։

Մեկնաբանություն
X