Կոռուպցիայի դեմ պայքարի առաջին ծաղիկները

Նիկոլ Փաշինյանի կառավարության հայտարարած պայքարը կոռուպցիայի դեմ ահուսարսափի մեջ է գցել պետական համակարգը, վախեցած են բոլորը, անգամ նրանք, ովքեր կոռուպցիոն ռիսկերում չկան, քանի որ տարիների փորձը հուշում է՝ եթե մտքներին դնեն պատժել, անպայման մի բան կգտնեն:

Օրինակ՝ նկատելի է, որ այս օրերին ճանապարհային ոստիկանները հիմնականում խուսափում են գումար վերցնել, դեպքեր են եղել, երբ կանգնեցրել են ամրագոտին չկապած վարորդին եւ խնդրել կապել՝ հրաժարվելով գումար վերցնելուց:

Այս օրերին անգամ այն բոլոր ատյաններում, որտեղ փողի շարժը պարտադիր էր, դադարեցվել է։ Օրինակ՝ մաքսայինում ձեւակերպումներն անելու համար ավանդաբար տրվող 5-10 հազար դրամն էլ չեն տալիս, ու չեն պահանջում։

Նոր Հայաստանը ոչ միայն ոտքի է հանել բոլոր դժգոհներին, այլեւ բացել է կոռուպցիայի դեմ պայքարի դռները, եւ այս օրերին շատերն են նամակներ գրում, բողոքում վերադասից կամ իրենց կազմակերպությունում տիրող իրավիճակը բացահայտում։ Մենք տեղեկացանք, որ կրթության եւ գիտության նախարարությունը հեղեղել են դրամահավաքի մասին նամակ-բողոքներով։

Կոռուպցիայի դեմ պայքարից հատկապես սարսափած են ուսումնական հաստատություններում․ մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, ըստ որոնց՝ տնօրենները հրահանգել են հետ վերադարձնել դասղեկի, հանդեսի, նկարվելու եւ այլ նպատակներով հավաքված գումարները: Սա, իհարկե, ծնողների մի մասին դուր չի գալիս:

«Մենք մեր կամքով գումար ենք հավաքել, որ երեխեքը նկարվեն, դա ի՞նչ կոռուպցիա, թող վերացնեն ամեն հանդեսին տնօրինությանը ճոխ-ճոխ նվերներ տալը, ֆոնդերի գումարներ հավաքելը, ավարտական դասարաններում տնօրեններին, ուսուցիչներին աստղաբաշխական փողեր տալը, բայց մյուս բաներն արդեն չափազանցություն են»,- ասաց ծնողներից մեկը:

Մեկնաբանություն
X