Սնկի արտադրամասը տեղափոխել այլ տարածք. բյուրեղավանցիները դիմում են վարչապետին

>

Այսօր՝ Բյուրեղավանի համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ, որտեղ քննարկվեց «Առողջ սունկ» ՍՊ արտադրամասի հետ կապված խնդիրները: Հիշեցնենք, որ Կոտայքի Բյուրեղավանի համայնքապետարանի դիմաց քաղաքի բնակիչները, Նուռնուսի ամառանոցների սեփականատերերը կազմակերպել էին բողոքի ակցիա «Առողջ սունկ» ընկերության Բյուրեղավանի արտադրամասի դեմ: Բնակիչները դժգոհում էին արտադրամասի տարածած գարշահոտության դեմ: Հանձնաժողովի անդամ, կենսաբան Լաուրա Վարդազանյանը ավագանու նիստի ժամանակ ասաց, որ ուսումնասիրել են բոլոր փաստաթղթերը եւ մի շարք խախտումներ արձանագրել, եւ միայն այդ խախտումները հիմք են, որ արտադրամասի գործունեությունը կասեցվի. «Նման ձեռնարկությունը չպետք է տեղակայված լինի գերակա քամիների վարդի ուղղությամբ, եթե այն անցնում է բնակելի տարածքով: Տվյալ արտադրամասը առնվազն 3000մ հեռու պետք է լինի բնակելի տներից, այն ինչ բնակելի առաջին տնից հեռավորությունը կազմում է 170մ: Մենք այլեւս չենք հավատում օդի աղտոտվածության չափումներին, քանի որ տարիներ շարունակ տարբեր հնարքներով այդ չափումները նորմայի սահմաններում են ցույց տվել, իսկ մենք գարշահոտությունից խեղդվում ենք: Ինչ վերաբերվում է թունավոր նյութերին՝ 4000 անգամ ամյակի պարունակությունը գերազանցում է ներսում, որտեղ աշխատում են 23 «մահապարտ»: Բնակիչներից մեկն էլ հավելեց. «Ամյակի թույլատրելի չափը 0.04մգ, է, այս դեպքում հոտ չի գալիս: 0.04-ից մինչեւ 37 մգ էլի հոտ չի գալիս: 37մգ-ից բարձր արդեն սկսվում է տհաճ հոտը: Իսկ մեր մոտ միշտ գարշահոտությունը կա: Իրենք պետք է ֆիլտր փոխեն, բայց դա թանկ արժե: Ինչ պետք ա անի, հենք մենք խեղդվում ենք էլի»: Քաղաքապետ Հակոբ Բալասյանը նշեց, որ իրենք նման լիազորություն չունեն, որ դադարեցնեն արտադրամասի գործունեությունը, առաջարկեց, ավագանու նիստից հետո ավագանու որոշումը հիմք ընդունելով գրավոր դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրի կարգավորման համար. Ելնելով Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան և Նուռնուս բնակավայրերի բնակչության շահերից՝ դիմում ենք Ձեզ խնդրանքով՝

  1. Խնդրում ենք կասեցնել «Առողջ սունկ» ընկերության կոմպոստի արտադրության համար տրված գործունեության լիցենզիան, քանի որ այն տրվել է CH 245-71 նորմատիվ ակտի դյույթների խախտումներով.

1,1Համաձայն նշված դրույթի 2-րդ կետի 2.4 ենթակետի՝ հստակ նշվում է, որ նման ձեռնարկությունները չպետք է տեղակայվեն գերակա քամիների վարդի ուղղությամբ, եթե այն տանում է դեպի բնակելի տներ: Այնինչ «Առողջ սունկ» ընկերության Բյուրեղավանի մասնաճյուղի «Վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ» փաստաթղթով նույնիսկ հստակ նշվում է , որ գերակա քամիների բույրը հյուսիս-արևելյան է, այսինքն՝ անմիջապես ազդում է ոչ միայն մոտակա տների, այլև Բյուրեղավան քաղաքի վրա, ինչը և հանդիսանում է խախտում նշված նորմի:

  1. Ավելին՝ տվյալ արտադրության և բնակելի տարածքների միջև պետք է լինի 1000 մետր հեռավորություն, որը պետք է զբաղեցնի սանիտարա-պաշտպանիչ տարածք: Հատուկ դեպքերում այն կարող է հասնել մինչև 3000 մետրի, եթե գոյություն ունի անբարենպաստ քամիների բույր, ինչը նույնպես առկա է: Այս նորմը ամրագրված է կենդանական ծագումով թափոնների վերամշակման արտադրությունների համար նախատեսված 1 դասակարգման մեջ: Իրականում «Առողջ սունկ» Բյուրեղավանի մասնաճյուղի հեռավորությունը բնակելի տներից սկսվում է մոտ 170 մետրից, նորմատիվ պահպանման դեպքում սանիտարա-պաշտպանիչ գոտին պետք է տատանվի այգեգործական թաղամասերից մինչև Բյուրեղավան քաղաքի վերջ, Նոր Գեղի համայնք: Ուզում ենք նշել նաև, որ կոմպոստի արտադրությունը ներառված է վերոհիշյալ նորմում դասակարգման մեջ:

  2. Ելնելով կոմպոստի արտադրության կարևորությունից, ընկերության կողմից պետական բյուջեին վճարվող զգալի հարկերից և աշխատատեղերի պահպանման կարևորությունից՝ աջակցել ընկերության ղեկավարությանը այն տեղափոխելու բնակավայրերից հեռու այլ վայր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գարշահոտության առկայությունը առաջացնում է ազգաբնակչության մշտական դժգոհությունը:

Ի դեպ, բյուրեղվանցիներին հետաքրքրում էր, թե ումն է պատկանում «Առողջ սունկ» ընկերությանը: Պետռեգիստրով այն գրացված է Վալերի Ազոյանի անունով:

Մեկնաբանություն
X