Քաղաքականություն

Փաշինյանը վստահ է՝ Նոր Հայաստանում կիսաբաց լուսամուտներ չպետք է լինեն

Մայիսի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց մշակույթի գործիչների հետ։ Սա Փաշինյանի 2-րդ հանդիպումն էր մշակույթի ասպարեզի ներկայացուցիչների հետ, բայց արդեն՝ ավելի լայն շրջանակով, որտեղ ներկա էին ե՛ւ ստեղծագործական միությունների նախագահներ, ե՛ւ մշտապես բոլոր ցուցակներում ընդգրկված դեմքեր եւ, իհարկե՝ նոր ու երիտասարդ գործիչներ։ Ընդհանուր թվով՝ մոտ 200-300 հոգի։

Վարչապետի ժամանակը քիչ էր, իսկ հարց հնչեցնողները՝ շատ։ Մինչ հարցուպատասխաններին անցնելը, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ կարճ խոսքով, որտեղ նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած թավշա հեղափոխությունն իր մեջ շատ մեծ մշակութային բաղադրիչ ուներ, եւ այն, ինչ տեղի է ունեցել, մշակութային հեղափոխություն է։ Մշակույթը, ըստ նրա, երկու քաղաքացիների հարաբերությունների որակն է, եւ նպատակն այդ հարաբերությունների որակը բարձրացնելն է։ Փաշինյանը հույս հայտնեց, որ քննարկման թեման կլինի շատ պրակտիկ, եւ կլսի կոնկրետ առաջարկներ, որպեսզի կառավարությունը կարողանա լուծել մշակույթի դաշտում առկա խնդիրները։

Վարչապետը կառավարության դերակատարումը տեսնում է ոչ թե մշակութային բովանդակության մեջ խառնվելով եւ որոշելով, թե մշակութային գործիչն ինչով պետք է զբաղվի եւ ինչպես, այլ ներկայիս մեծագույն խնդիրն է համարում ՀՀ քաղաքացիների մշտական հաղորդակցությունը մշակույթի հետ։

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը հանդիպման սկզբում նկատեց, որ այս ձեւաչափն այնքան էլ հարմար չէ կոնկրետ հարցեր քննարկելու համար, եւ լավ կլիներ փոքր մասնագիտական խմբերով քննարկել խնդիրները։ «Այն արատները, որ կան հասարակության մեջ, կան նաեւ մշակույթում»,- ասաց նա ու առաջ քաշեց մեցենատության մասին օրենքի անհրաժեշտության հարցը։ Փաշինյանը նկատեց, որ կարելի նման օրենք ընդունել, բայց չպետք է շեղվել թիրախից, իսկ ո՞րն է թիրախը․ «Մենք պետք է հոսք ապահովենք դեպի ցուցասրահներ, թանգարաններ, բայց եթե ունենալու ենք կիսադատարկ դահլիճներ, դա չի աշխատի։ Մեր խնդիրը մթնոլորտը փոխելն է, որ մարդկանց հաղորդակցությունը մշակույթի հետ դառնա նույնքան սովորական երեւույթ, ինչպես մյուս սովքրական երեւույթները։ Մշակույթի ամենամեծ դերակատարությունը մարդկանց կրթական ցենզի բարձրացումն է, իսկ մեր խնդիրը՝ այդ հաղորդակցությունն ապահովելը»։

_Հնագիտության _եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, բացի այն, որ բարձրաձայնեց հուշարձանների պահպանության հարցը մեր երկրում, խոսեց նաեւ մշակութային քաղաքականությունը կազմակերպելու տեսլականի մասին։ Դահլիճը ծափահարություններով ընդունեց Փաշինյանի այն հավաստիացումները, որ այլեւս ոչ մի հուշարձան Հայաստանում չի ոչնչացվի, իսկ ինչ վերաբերում է տեսլականին, ապա․ «Մեր մշակութային քաղաքականության տեսլականը սա է՝ քաղաքացու եւ մշակույթի մշտական հաղորդակցությունը։ Մշակութային հաղորդակցությունը պետք է դարձնել կենցաղային հաղորդակցություն ՀՀ քաղաքացու համար»։

«Պատմական հուշարձաններ վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Գագիկ Սողոմոնյանը չհամաձայնեց վարչապետի այն դիտարկման հետ, թե մշակույթի նախարարության համապատասխան գործակալություններում բարեխիղճ մարդիկ են աշխատում․ «Այդքան լուսավոր չէ մեր հուշարձանների բնագավառը»։ Ապա ասաց Փաշինյանին՝ եթե դուրս գա Երեւանից, կտեսնի, թե սարերում մեր հուշարձաններն ինչ վիճակում են։

Մշակույթի նախարարությունից դժգոհողների թվում էր նաեւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Նա նշեց, որ նախարարությունում հաճախ նստած են տգետ, տխմար եւ մշակույթի հետ առնչություն չունեցող մարդիկ, ովքեր գողանում են քո ծրագրերը, գաղափարները եւ ներկայացնում իրենց անունից։ «Մշակույթի նախարարությունը մեզ օգնական չէ»,- ասաց Խառատյանը, ում վրդովված խոսքը լայն արձագանք գտավ դահլիճում, այն աստիճան, որ տեւական ծափահարություններ հնչեցին։

Բուռն ծափահարություններ հնչեցին նաեւ, երբ Փաշինյանը, ի պատասխան դահլիճից հնչած հարցին, ասաց, որ մեր հեռուստատեսությունը հետեւողականորեն իջեցնում է հասարակության կրթական ցենզը։ «Դա ի՞նչ «Կիսաբաց լուսամուտներ» են․ նոր Հայաստանում չպետք է լինի նման բան, որ մարդիկ իրենց կեղտոտ սպիտակեղենը ցույց տան հեռուստաեթերից»,- ասաց նա ու հավելեց, որ պատրաստվում են հանդիպում ունենալ նաեւ հեռուստաընկերությունների հետ։

Ներկաներից մեկն էլ իր խոսքում շարունակ պնդում էր, թե պետական կոլեկտիվների ներկայացուցիչներին պետք է արգելել երգել պանդոկներում, բայց, ի հակառակ դրան, վարչապետը նկատեց, որ ավելի ազնիվ է, երբ մարդը ռեստորանում է երգում, քան թե մի մեծահարուստի լավության դիմաց որոշում է նրա օգտին հարցազրույցներով հանդես գալ։

Հարց հնչեց նաեւ գորգի թանգարան ունենալու մասին, ինչը միանշանակ չընդունվեց վարչապետի կողմից, քանի որ եթե սկսենք մտածել թե ինչի կամ ում անունով թանգարան չունենք, շատ մեծ ցուցակ կկազմենք․ «Մենք Հայաստանում ունենք թանգարաններ, որտեղ ամիսներով մարդիկ չեն մտնում։ Մենք պետք է հասկանանք՝ ֆինանսավորում ենք այդ թանգարանները, որ այնտեղ մարդ չմտնի՞։ Նախ այսօրվա մեր ունեցած թանգարաններն ապրեցնենք, նոր հետո մտածենք նորերի մասին»։

Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի դիտարկմամբ՝ եթե խանութի տեսքն ավելի ճոխ է, քան թատրոնի շենքի, այստեղ արդեն մշակույթը մեռնում է։ Նա առաջարկեց Վրաստանի հայկական թատրոնի կյանքն ակտիվ պահելու համար Հայաստանից, բոլոր մարզերից հանգստյան օրերին ավտոբուսներով հյուրախաղերով խմբեր տանել Վրաստան։ Այստեղ, սակայն, Փաշինյանը նկատեց, որ դահլիճներ լցնելու, այստեղից մարդ տանելու եւ հատուկ օպերացիաներ անելու փոխարեն ավելի լավ է մտածենք, թե ինչպես անենք, որ տեղում վրացահայության թատերական կյանքը ճիշտ կազմակերպենք։

Ըստ Փաշինյանի՝ խնդիրը պետք է ոչ թե բեմը լինի, այլ՝ դահլիճը, որոնցից շատերն այսօր կիսադատարկ վիճակում են, իսկ այդ հարաբերակցությունը չի կարող չազդել նաեւ պետական ֆինանսավորման վրա։ Նա կատակով նկատեց, որ ամեն սեւ բան Օթելլո չէ, եւ ամեն բան, որ տեղի է ունենում բեմում, արվեստ չէ։

Քիչ չէին նաեւ այն իրավիճակները, երբ մշակութային գործիչները ո՛չ հարց էին հնչեցնում, ո՛չ առաջարկ, ինչպես, օրինակ, դերասան Միքայել Պողոսյանը, ով խոսափողը վերցնելով՝ դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Սա երա՞զ է, թե՞ իրականություն»։ Ապա վստահություն հայտնեց, որ նա բոլորին «կոշիկ կհագցնի»։

Հնչեցին նաեւ այլ հարցեր․ «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը բարձրաձայնեց մշակութային օջախների հարմարեցվածության հարցը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, ինչը, վարչապետի խոսքով, պետք է արագ լուծել։ Վիգեն Չալդրանյանը խոսեց Համազգային թատրոնի շենքի մասին եւ անձամբ Փաշինյանից ուզում էր հավաստիացում ստանալ, որ այդ հարցը չի առկախվի։ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը բարձրաձայնեց ստեղծագործական միությունների մասին օրենքի անհրաժեշտության մասին։ Փաշինյանը նկատեց, որ եթե օրենքը պետք է՝ կընդունեն, բայց ինչ էլ որ արվի, պետք է մտածեն, թե ինչպես է դա քաղաքացուն կապելու մշակույթի հետ, քանի որ թիրախը հենց նա է։

«Մեր օրակարգում չկա մի հարց, որ կապված չէ մշակույթի հետ, ինչպիսի մշակույթ պետք է ունենալ եւ հանգիստ քնել, իմանալով, որ բազմաթիվ մայրեր կռացած երեկոյան երթուղայինների մեջ, կուչ եկած՝ գնում են տուն։Սա մշակութային հարց է»,- ասաց Փաշինյանը։

Հանդիպումը տեւեց ժամուկես, եւ վատ չէր լինի, եթե շարունակվեր, քանի որ շատ էին իրենց ձայնն ամեն գնով հնչեցնել փորձող մարդիկ։ Օրինակ՝ օպերային երգչուհի Անի Պիվազյանը, ով անդրադարձավ օպերային թատրոնում մեներգչուհիների շրջանակում մենաշնորհի մասին, հանդիպումը եզրափակեց օպերային կարճ կատարմամբ։

Սոնա Ադամյան

Մեկնաբանություն
X