Այս պահից սկսած՝ որևէ գումար որևէ մեկի գրպանը չի գնալու

Հինգշաբթի օրը ԱԱԾ աշխատակիցները մտել են «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերություն և «մասկի շոու» իրականացրել այնտեղ։ «Նորֆոլկը», հիշեցնենք, ձևավորվել էր Վարդան Հարությունյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո՝ «կարգոների» փոխարեն։ Ընդ որում՝ ձևավորվել է իրավական խախտումներով, քանզի պետական մարմինը, այս դեպքում՝ ՊԵԿ-ը, չի կարող մասնավոր ընկերություն «բացել», որը հետո աշխատել պետության հաշվին՝ դառնալով խոշոր հարկատու։ Բայց Սերժ Սարգսյանի իշխանություն օրոք ամեն ինչ հնարավոր էր։ Բանն այն է, որ Վարդան Հարությունյանը, բացելով «Նորֆոլկ Քոնսալթինգն» ու դրա ղեկավար նշանակելով «Գազպրոմ Արմենիայի» հաշվապահ Արմեն Ունանյանին, որոշել էր տարիներ ի վեր մեծ եւ անօրինական փողեր աշխատած «կարգոների» հախից գալ։

Այսուհետ պետք է միայն «Նորֆոլկն» աներ ներկրվող ապրանքների, հատկապես հագուստի մաքսազերծում, իսկ մյուս կարգոները,որոնց հետևում ազդեցիկ դեմքեր էին կանգնած, պետք է ընդամենը զբաղվեին տրանսպորտային փոխադրմամբ։ Ըստ այդմ՝ Հարությունյանը նպատակ է ունեցել «կարգոների» աշխատած ստվերային գումարներն «օրինականացնել» այս ընկերության միջոցով։ Դրա համար էլ օրենքի խախտումով բացել է «Նորֆոլկ Քոնսալթինգն» ու որոշել, որ այսուհետ մոնոպոլ կարգով միայն այս ընկերության միջոցով պետք է կատարվեն մաքսազերծումները։ Իրականում, ստվերային փողերի շրջանառության առումով շատ բան չի փոխվել՝ այն ժամանակ «կարգոներին» էին տալիս, ու դա որևէ տեղ չէր երևույմ, հետո «Նորֆոլկին» են տվել, որը հսկայական գումարներ է աշխատել ու դրանից ընդամենը 20 տոկոս Ավելացված արժեքի հարկ վճարել պետությանը։

Թեեւ անունը դնում էին ծառայության վճար, այն դեպքում, երբ այդ նույն ծառայությունը՝ փաստաթղթերի ձևակերպման առումով, իրականացնում էին բրոքերական ընկերությունները 20-30 հազար դրամով, ոչ թե մի քանի հարյուր հազարով։ Մինչդեռ կարելի էր այդ ամենը կազմակերպել պետության հետ ուղիղ ճանապարհով՝ առանց միջնորդի, որի արդյունքում և՛ ներկրողները ավելորդ գումարներ չէին ծախսի, և՛ պետբյուջեի մուտքերը կավելանային։

Ինչևէ, հիմա փաստ է, որ ԱԱԾ-ն վարչապետի հայտարարություններից հետո որոշել է մտնել «Նորֆոլկը»՝ կոռուպցիոն շղթա բացահայտելով։ Նրանք առգրավել են համակարգիչներն ու մի շարք աշխատակիցների ձերբակալել, այդ թվում՝ տնօրեն Արմեն Ունանյանին։ Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ականները «Նորֆոլկ Քոնսալթինգ» այցելել են հենց «կարգոների» տված ինֆորմացիայով, որոնք հայտնել են, որ իրականում ոչինչ չի փոխվել, մաքսազերծումներն իրականացվել են նույն սխեմայով, ինչ նախկինում, ներկրողները դարձյալ նույն ավել գումարներն են մուծել, պարզապես իրենց տոկոսն է արդեն քիչ եղել, և առյուծի բաժինը գնացել է մեկ գրպան՝ «Նորֆոլկի»։ Բնականաբար, այս ամենն առանց Սերժ Սարգսյանի իմացության եւ մասնակցության չէր կարող լինել։

Ի դեպ, մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ նշանակվելուց կարճ ժամանակ անց արդեն «Նորֆոլկում» խուճապ է սկսվել։ Հատկապես, երբ Փաշինյանը հանդես եկավ մաքսազերծումների վերաբերյալ իր հայտարարությամբ, դրանից անմիջապես հետո «Նորֆոլկից» ներկրողներին ու արտահանողներին հայտնել են, որ վերադառնում են հին կարգերին ու աշխատում են նախկին մեթոդներով։ Այսինքն՝ այլևս իրենք մաքսազերծում չեն անում։

ԱԱԾ-ականների՝ «Նորֆոլկ Քոնսալթինգ» այցելությունից ժամեր առաջ մենք զրուցում էինք ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանի հետ։ Վերջինս նախ նորմալ չհամարեց այն, որ «Նորֆոլկը» բացվել է պետական մարմնի կողմից, ապա ասաց․««Նորֆոլկը» բացվել է խախտումով․ «Նորֆոլկը մնալու է, աշխատելու է, բայց «Նորֆոլկը» վերակազմակերպման արդյունքում դառնալու է պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն»։ Հարց է ծագում՝ նախկին կառավարությունում բարձր պաշտոն զբաղեցնող՝ փոխնախարար Անանյանն ինչու էր այն ժամանակ լռում։

Անանյանը նաև նշեց, որ «Նորֆոլկ Քընսալթինգ» ընկերությունը հիմա ստուգման մեջ է, և ստուգման արդյունքում կբացահայտվեն բոլոր խնդիրները։ «Մենք պետք է էնտեղ խորքային բարեփոխումներ անենք և «Նորֆոլկը» դարձնենք բացառապես թափանցիկ ֆինանսական հաշվետվությունները աուդիտի ենթարկած, հրապարակած պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն։ Եվ էդ գործունեությունն ինքը շարունակելու է մի պարզ պատճառով, և դա, իմ կարծիքով, կրելու է ժամանակավոր բնույթ, որպեսզի որևէ կոլապսի չենթարկվի ոչ բրենդային առևտրով զբաղվող հագուստեղենի շուկան»,-ասաց Անանյանը։

Անանյանն ասաց նաև, որ ինքը սուպերմեն չէ, բայց իր նախորդների համեմատ՝ պահն այնպիսին է, որ ինքը ոչ մի բանից կաշկանդված չէ և պատրաստ է կատարել վարչապետի հանձնարարականները։ «Ես մի բան գիտեմ, որ այս պահից սկսած՝ գումարները գնալու են միմիայն պետական բյուջե, որևէ գումար որևէ մեկի գրպանը չի գնալու»,-նշեց Անանյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X