Ջուջուի ուշագրավ բացահայտումները

Հանկարծ դեմս դուրս ելավ դեմկտրուկ ու մեկեն գրոհեց.

-Դու գրող ե՞ս,- հատու նետեց:

Ինչ խոսք՝ հանկարծակիի եկա, ու մինչ ուշքի կգայի, նա նորեն նույն հատու շեշտով շարունակեց իր նետոցները՝ վրա-վրա շարելով.

-Քեզ եմ հարցնում, դու գրող ես, չէ՞, «Ջուջուն» դու ես գրել, չէ՞:

-. . .

-«Ջուջուն» դու ես գրե՞լ,- օգտվելով իմ լռությունից՝ շարունակեց գրոհն իր, ապա գրոհի թափը պահելով՝ նույն հատու շեշտով մեկ էլ նետեց,- Ջուջուն ես եմ, ես հենց Ջուջուն եմ...

Դեռ լուռ էի: Անսպասելիությունից էր երևի: Դե իհարկե ես գիտեի, որ նա ջուջու* է, բայց ճիշտն ասած՝ չգիտեի, որ անունն էլ է Ջուջու: Ու մտքովս իսկի չէր էլ անցնի, որ նա կարդացած կլինի...

Երբ «Ջուջու» պատմվածքս, որ մի առանձնահատուկ ջերմագին սիրով նվիրել էի բոլոր ժամանակների բոլոր համբավավոր դեպուտանկեքին ու նրանց ինքնամոռաց նվիրյալներին, դիմանկարիս հետ մեկտեղ հրապարակվեց «Հրապարակում» (տես, թե միամիտ-միամիտ ի˜նչ բառախաղ ստացվեց), ուրեմն դրանից հետո էլ անզգուշաբար և նորեն ու կրկին շարունակում էի իմ հետիոտն զբոսանքները նույն այն փողոցում, որտեղ և ժամանակին երբեմն հանդիպում ու հեռվանց ուշիուշով, բայց աննկատ հետևում, ուսումնասիրում էի պատմվածքիս հերոսուհու նախատիպին, ինչի մասին ինքը մազաչափ անգամ կասկած չուներ (ինչպես ես էի կարծում): Այս պարագայի համար են երևի իրավագետներն ասել, որ հանցագործը միշտ վերադառնում է հանցագործության վայր: Ու ես էլ՝ «նմանապես»...

Եվ ահա նման օրերից մի օր նույն այդ փողոցով քայլելիս, ինչպես որ նախկինում էի հաճախ անցնում այդ փողոցով, այդ օրն էլ՝ այդպես, ուրեմն, բայց այդ օրն արդեն դեմ առ դեմ հանդիպեցի նրան՝ Ջուջուիս նախատիպին: Ավելի ստույգ, ինչպես արդեն ասացի, հանկարծ ինքը թափով դեմս կտրեց, թե չէ՝ ես նրան մոտեցողը չէի: Ինչ որ է, էդ էր ու էդ. ճանապարհս կտրեց ու մեկեն գրոհեց՝ «Դու գրող ե՞ս...», ապա և առանց որևէ ձևականության ու սեթևեթանքի շարունակեց նախահարձակ, և այդ ողջ ընթացքում վրա-վրա էլի շարում էր՝ ինձ առայժմ պատասխանելու միջոց չտալով.

-Դու ի՞նչ է՝ կարծում ես, թե ես ամբողջ կյանքս մայթերի վրա եմ կանգնե՞լ, ախր ես ժամանակին էլիտար բոզ եմ եղել, ինչո՞ւ ամբողջ ճշմարտությունը չես գրել իմ մասին...

-Բայց ես ձեր մասին ի՞նչ գիտեմ, որ դեռ ամբողջն էլ գրեի,- խոսելուս ունակությունը վերագտա ես:

-Ո՞նց, էդքան բան ես գրել, նույնիսկ՝ անունս...

-Բայց չէ՞ որ դա ընդամենը գրական հնարանք է, ընդհանրացում...

-Լա˜վ, շատ մի փիլիսոփայիր, մենք էլ ենք բան հասկանում էդ ընդհանրացում ասածիցդ: Ճիշտ է՝ ես էլ գյուղական ծագում ունեմ, ու ես էլ եմ գյուղից եկել քաղաք՝ շատերի պես, բայց ես բարձրագույն կրթություն եմ ստացել իրապես, ոչ թե ոմանց պես գնել դիպլոմս օժիտի համար, իսկ ժամանակին էլ կարգին գործի եմ եղել, հիմա է, որ էս օրն եմ ընկել, էս օրին հասել...

Իր նախահարձակ գրոհայնության համեմատ ինձ համար զարմանալիորեն բավականին կիրթ ու գրագետ էր խոսում, ինչպես վայել է իսկապես բարձրագույնն ավարտած մեկին, և ի բացառյալ ազատ և անկաշկանդ, միանգամից դու-ով հաղորդակցվելու լիովին անսեթևեթ նրա դրսևորման, թերևս դա էլ՝ իրոք առանց ձևականության նշույլի, կարծես թե աչք ծակող այլ բան, ասենք՝ գռեհկություն կամ թե մեկ ուրիշ վանող երևույթ չկար նրա պահվածքում:

-Այնպես որ իմ հարուստ փորձից ելնելով,- շարունակեց անկաշկանդ,- որպես գրական հնարանք՝ մասնակիից ընդհանուրին և ընդհանուրից մասնակիին անցնելու բոլոր կանոնները պահպանելով՝ ես էլ, այդուհանդերձ, կարող եմ քեզ ներկայացնել ձեզ՝ տղամարդկանցդ, ձեր իրական կերպարը, և ըստ այդմ պատռել ձեր կեղծուպատիր, երկերեսանի դիմակը, և այնպիսի մասնագիտական մի բանախոսություն հրամցնել, որ աչքերդ թռնեն գագաթդ...

Ասես իրոք աչքերս արդեն ուզում էին թռչեին դեպի ճակատս, ու միանգամից չհասկացա, թե նրա ուզածն ինչ է, և ժամանակ շահելու նկատառումով հերթապահ մի հարցում նետեցի վախվորած, ես էլ արդեն միանգամից դու-ով դիմելով նրան.

-Գուցե ասես նաև, թե կույս ես...

-Իսկ ինչու՝ ոչ, ի՞նչ է՝ կույսերն ինձանից լավն ե՞ն: Աչքիս շա˜տ միամիտն ես երևում, ոնց որ ասում են՝ «ինծիլիգյենտ նեսշչյաստնիյ», թե՞ «ինծիլիգյենտ չյոռտըվիյ»... ներիր, իհարկե: Ու ոնց որ տեսնում եմ՝ շատ բան երևի թե չես էլ իմանում: Գիտես թե մեր ներկա դարում կույս լինելը մի երևելի բան է՞: Կույս էլ կա, կույս էլ: Կույսեր կան, որ լավ կլիներ, որ չլինեին, այսինքն՝ կույս չլինեին, որովհետև էն մի ծակը պահպանում են աչքի լույսի պես, իսկ մնացածն անխնա շահագործում... ու հետո էլ սաղանում ունևոր մեկի՝ մի «հարիֆի» վրա, դեռ դրանից հետո էլ էդ մարդու գլխին կոտոշներ տնկելով՝ քեֆ քաշում, դե գնա և էդ կույսի հետ կյանքդ ապրիր արդար ու մաքուր... Բայց դու մի շեղվիր ու խոսքերը կտուրը մի գցիր... Քարթու ես ասում մեր քրոջը, բայց ձեր եղբայրներից ոմանք առավել քան քարթու են, արդեն իսպառ դուրս գրած խարխուլ ծերուկներ, ողջ տեղով փչացած անառակներ, գալիս են... իրենք՝ լխտիկ, էն անտերը՝ ճլորած, մի կարգին չեն էլ հիշում, թե հատկապես ինչու են եկել, ախր մեկը լինի՝ իրենց շինի: Ու երկու ժամի չափ լրիվ անօգուտ ու դատարկ բլբլոցից հետո հանկարծ ու կարող է պարզվել, որ դեռ պիտի մեր քույրն իրեն վճարի, որ իր ժամանակը նրան է տրամադրել՝ իր բարբաջանքը «նվիրելու» որպես արժեքավոր դասախոսություն: Այսպես որ գնա, մենք իրականում արտադրական խեղում էլ կստանանք, հենց ինքներս էլ մեր կամքից անկախ իմպոտենտ կդառնանք...

Քահ-քահ ծիծաղեց, ապա քիչ անց հանդարտվեց ու ինքնաձիգի կրակահերթի պես էլի շարեց.

-Բայց լավ, ամեն ինչ ըստ կարգի՝ հերթով ու հերթականությամբ: Գուցե ինչ-որ տեղ հրավիրե՞ս, ու թե ուրիշ բան չուզես՝ փող չեմ վերցնի... բացի հյուրասիրությունից: Թե չէ՝ ես զոռով սաղացողներից չեմ: Միայն թե այսպես՝ ոտքի վրա: Դե որ հանդիպել ենք, գուցե զրուցե՞նք: Ես որ՝ պատրաստ եմ էսօր գործս զոհել հանուն ճշմարտության բացահայտման: Կարծում եմ, որ դա երբևէ քեզ պետք կգա... Հը՞, դե լա˜վ, մի նեղվիր, արածս առանձնակի մի մեծ զոհողություն չի. մեկ է՝ աչքիս էսօր էլ գործ չկա ու չի էլ լինի: Հա´, հա˜, սիրտս այդպես է վկայում: Մարդ է՞ մնացել քաղաքում...

Անկեղծ ասած՝ մի պահ իմ մտքով էլ անցավ ու ես էլ էի ուզում նման առաջարկ անել նրան, բայց նախ չգիտեի, թե ոնց, որովհետև իրականում ինձ այնքան էլ հասու չէին հատկապես կանանց այս տեսակի հետ հաղորդակցվելու նրբությունները, ոնց որ նրանցից գլուխ էին հանում ավելի աչքաբաց ուրիշ մարդիկ, ասենք՝ ինչպես իրենց ժամանակին՝ ֆրանսիացի Օնորե դե Բալզակը, կամ թե՝ մեր Գրիգոր Զոհրապը, ու բացի դրանից՝ իսկապես չէի ուզում նրան կտրել իր գործից: Ինչևէ, գնացինք...

-Արդեն մեկուկես կյանք էս գործին եմ, որն իր վերուվարումներն է ունեցել,- երբ արդեն սրճարան հասանք ու տեղավորվեցինք սեղանի շուրջը, մի ծխախոտ վառեց ու մինչ մատուցողուհին պատվիրածս սուրճն ու դրան ուղեկցող՝ զրույցի համար անհրաժեշտ այլ բաները կբերեր՝ կարծես թե սկսեց խոստացած մասնագիտական բանախոսությունը:- Ինչեր ասես, որ չեմ տեսել. տեսել եմ՝ ինչ ուզում էի, տեսել եմ նաև՝ ինչը չէի ուզի, որ անգամ թշնամիս տեսներ: Ու թե ճիշտն ասենք, մեր էս գործում՝ ընդհանրապես, իսկ մեզանից շատ շատերի պարագայում՝ մասնավորապես, սեքս կոչվածը այնքան էլ հաճելի զբաղմունք չի, ոնց որ կարող է կողքից թվալ, և ամենևին էլ տոն չի, ու թե երբևէ եղել է տոն, ապա հիմա տոնից փոխակերպվել է մի տեսակ անկիրք, շարքային կենցաղային գործի, ինչի համար միշտ չի, որ ուժ ու հավես է լինում, բայց պիտի անես, որ ապրես, թեև էդ գործը վերջիվերջո դառնում է աչքիդ գրողը...- կիսատ թողեց միտքն ու մի պահ դադար առենլով՝ ծիծաղեց նորից նույն քահ-քահ ելևէջով, ապա հանդարտվեց ու շարունակեց:- Լսիր, կներես հա՞, գրող ասելով՝ քեզ նկատի չունեի, այնպես որ թող լինի՝ աչքի փուշը: Եվ իրոք, ինչ-որ մի պահից սկսած՝ էս գործն իրապես աչքիդ փուշն է դառնում, որովհետև որոշակի գործողությունների պարբերական ու շարունակական կրկնողությունը ձանձրալի ու զզվելի մի բան է դառնում, խթանազուրկ մի դրսևորում, փողից բացի՝ ոչ մի ուրիշ հետաքրքրություն, ոչ մի հաճույք:

Ու այդուհետ գրեթե միայն ինքն էր խոսում՝ իմ երբեմնակի «մասնակցությամբ»: Իսկ հետաքրքիրն էլ այն էր, որ ինձ համար միանգամայն անսպասելի, ինչպես արդեն նկատել էի, հիրավի բավականին կիրթ ու գրագետ էր նա շարադրում իր մտքերը, հիմնականում կարողանում էր ճիշտ ու տեղին ընտրել հարկավոր բառերը, նույնիսկ՝ պատշաճության սահմաններից անդին անպարկեշտ արտահայտությունները, որպեսզի մասնագիտական իր հմտություններին համապատասխան հնարավորինս հիմնավոր ներկայացներ էս փուչ աշխարհի չափ հնամենի էդ մասնագիտության առանձնահատկություններն ու նրբությունները...

-Թե չգիտես, ասեմ՝ իմանաս, որ ի տարբերություն արևմուտքի և հատկապես մի շարք եվրոպական երկրների՝ մեր երկրում պոռնկությունը լայնորեն քննարկվող թեմաներից չի, իսկ ավելի ստույգ ասած՝ մի այնպիսի կիսափակ թեմա է, որի մասին քչերը ցանկություն ունեն արտահայտվել, ծավալվել առանձնապես, կիսել իրենց փորձն ինչ-որ մեկի հետ: Ջայլամային վարքն ավելի ձեռնտու է. գլուխը թաղել ավազների մեջ ու շուրջբոլորը չտեսնել ոչինչ, իսկ որ գիշատիչների խուզարկու աչքից չի վրիպի ցցված հետույքը, դա՝ հեչ: Առաջին հերթին խոսքը վերաբերում է նաև ու հատկապես մեր էս գործի առանձնաշնորհյալ, կամ ինչպես ասում են՝ էլիտար հատվածին, որ թեև դեռ սակավ, բայց արդեն մեզ մոտ էլ է մուտք գործել: Ուղեկցության կամ ընկերակցության ծառայություններ պատվիրող ունևոր հաճախորդների և նրանց ուղեկցորդուհիների գործի մասին է խոսքս, ոնց կուզես՝ ընկալիր, իբր՝ ուղեկցության, ընկերակցության ծառայություններ, էլի˜, առավել ևս՝ այդպիսի էլիտար ծառայություններ մատուցող հիմարիկ ու սիրունիկ բոզերի մասին՝ կիրթ ու գրագետ, որոնցից էականորեն տարբերվում են հենց իսկ մայթերի հույսին մնացած և ամենօրյա ռեժիմով լոկ պատահականությանն ապավինած սիրո քրմուհիները կամ գիշերային թիթեռնիկները: (Թերևս այս անվանումներն ըստ իս ինքնին ավելի գռեհիկ են հնչում, քան ինքը՝ զբաղմունքն է՝ իր ողջ փայլով ու թշվառությամբ, այնպես չէ՞): Դե որովհետև մեր մարդիկ դրա մասին մասամբ պատկերացում են կազմում գրքերից, իսկ հիմնականում՝ կինոյից... Չէ´, չէ˜, ի՞նչ սերիալ, սերիալներում որտեղի՞ց էդքան խորություն: Ասածս վերաբերում է, օրինակ, «Ինտերաղջիկը», «Սիրունիկը», «Մուլեն Ռուժ»... ա˜յ էդ տեսակ ֆիլմերին, որոնք թեև նորովի ու յուրովի պատմություններ են մոխրոտիկների մասին, բայց դրանցից էլ մեր հասարակությունը քիչ թե շատ հագեցած (թերևս չասենք՝ սպառիչ) իմացությունների պաշար է քաղում և պատկերացում կազմում աշխարհի չափ հին ու հնագույն մեր մասնագիտության որոշ նրբությունների մասին... Հա˜, միանգամից ասեմ՝ իմանաս, որ ի տարբերություն շատերի՝ ես իր ժամանակին կեղծամով ու կարճ կիսաշրջազգեստով չեմ տնկվել մայթերի վրա՝ հերսոտ ծխելով սիգարետ սիգարետի ետևից... անհամբեր իմ փայ Ռիչարդ Գիրին սպասելու հույժ անձկալի միջոցին: Չէ˜, էն ժամանակ մայթերն ինձ համար չէին, էդ հիմա է, որ գիշեր ու զօր տնկվում եմ այստեղ: Է˜հ, էն ժամանակ ես հիմնական գործ ունեի՝ կրթությանս համապատասխան, շաբաթը հինգ օր, կյանքս իր առօրյայով էլ նման էր բոլորի կյանքին ու առօրյային: Ես գործ չունեի սուտենյոռ կոչվածների, մամա ռոզաների և առավել ևս բառդակների հետ, երբևէ մենթերի ձեռքը չեմ ընկել: Իսկ, ա˜յ, շաբաթ-կիրակի օրերին հո էդ գործին էի: Մեկը կար, ամեն շաբաթ կամ կիրակի կնկանից փախնում, ինձ մոտ էր գալիս, ձեր լեզվով ասած՝ «լևի էր գնում»: Ու էդ էլ իմ «լևին» էր, կամ ինչպես հիմա է ընդունված ասել՝ իմ «ստվերային եկամուտը»: Իսկ ինչու էի՞ էդ բանն անում, հը՞: Պատասխանը պարզից էլ պարզ է՝ ծիծաղելիության աստիճան, ինչ-որ առումով նաև՝ պարզունակ. դե որովհետև... իսկ ինչո՞ւ չանեի, երբ ես էն ժամանակ սիրում էի սեքսն ու փողը, կյանքի ու կայֆի բուն իմաստը տեսնում դրանց մեջ, և ինձ դուր էր գալիս էդ օրերին անկողնու մեջ թավալվել, թուլանալ ու հաճույք ստանալ: Ուստի և իմ հիմնական գործն ու «լևին» համատեղում էի: Ո՞ւմ էի խանգարում: Ոչ ոքի: Ու ինձ փողոցում հանդիպելով՝ որևէ մեկի մտքով ոչ մի պարագայում չէր անցնի, որ ես բոզ եմ (ոնց որ թե դուք՝ տղամարդիկդ եք այդպես ասում, չէ՞): Մի շատ սովորական, շարքային բոզ, էն էլ միայն հանգստյան օրերին...

Թեև քսանմեկերորդ դարում ենք ապրում, բայց մենք՝ հին սերնդի բոզերով տնկվում ենք այստեղ, իսկ էն մատղաշ նորելուկ երինջներն արդեն օգտվում են ժամանակակից հաղորդակցային միջոցների ընձեռած լայն հնարավորություններից, դե ինտերնետ-բան, ու իրենք իրենց հաճախորդներին, կամ ավելի ճիշտ՝ էդ հաճախորդները նրանց գտնում են հենց իսկ էդ ճանապարհով: Էն օրը նման մի երինջ, ում շքեղ դզմզած արտաքինի տակ մի մեծ դատարկություն է թաքնված, և որ իր բուն գործից ազատ ողջ ժամանակը, երբ քնած չի լինում, անցկացնում է համակարգչի առաջ, եկել ու աղջիկներին աչքալուսանք էր տալիս իր կարդացածի առնչությամբ՝ ասելով, թե հարցումները ցույց են տվել, որ երեք տղամարդուց մեկն իր կյանքում առնվազն մեկ անգամ սեքս է գնել, այսինքն՝ տրվել վարձու սիրո ծով հաճույքներին, ըմբոշխնել դրա բուռն վայելքները: Ու հրճվալից հռհռում էր երինջի անզսպությամբ, թե մենք մեծ պահանջարկ ունենք: Թյո´ւ, ախր իսկականից որ ապրանք ենք: Միայն մի վտանգավոր բան էր տեսնում երինջը, որ էն երեքից էդ մեկը հանկարծ կարող է ձեր գործընկերը, հարևանը, ախպերը, մի խոսքով՝ ծանոթներից մեկը լինել, չէ՞: Իբր թե գյուտ էր արել...

Տարբեր են լինում մարդիկ, տարբեր են լինում նաև բոզերը, և տարբեր են լինում նաև բոզարածները: Կյանքումս ինչ տեսակ տղամարդ ասես, որ չեմ տեսել: Օրինակ, ավելի հաճախ հանդիպել եմ այնպիսի ջահելների, փորձառու ջահելների, որ իրենց «սահմանափակում» են «Ոչ մի լուրջ հարաբերություն» սկզբունքով, ինչն ապահովում է նաև «Ոչ մի հետագա պարտականություն» ոչ խնդրահարույց պարզ հեռանկար: Ի դեպ, դրա պատճառները տարբեր են լինում. անցյալում ծանր բաժանում սիրելիից՝ դե հիվանդություն, անգամ՝ մահ, նաև ասենք՝ չհասկացվածություն, դավաճանություն-բան, կամ որոշակի վախ պարտականությունների հանդեպ՝ ասենք հենց իսկ երեխա-մերեխայի և ուրիշ հոգսերի, այլևայլ գլխացավանքից հեռու մնալու անմեղ մտադրությամբ: Մի այլ պատճառ էլ կա՝ ժամանակի սղությունը. եկավ, տարավ, թփփացրեց, վճարեց ու վերջ, համարյա ոնց որ «Եկա´, տեսա´, հաղթեցի´»... Բա էն «մարզական հետաքրքրություն» կոչվա՞ծը, ինչը շատ հաճախ ենթադրում է յուրովի մրցակցություն ընկերների միջև՝ մի յուրօրինակ անսկզբունք սկզբունքով թելադրված, թե ո՞վ քանի՞ հոգու հետ կարող է լինել ամսվա, շաբաթվա, երբեմն էլ՝ օրվա ընթացքում: Ու սա դեռ ամբողջը չի, կան առնվազն էլի մի հազար զանազան պատճառներ... Իհարկե, մեկ այլ փսլնքոտ՝ դուրսպրծուկ ջահել, ասենք, կարող է ծանոթանալ որևէ աղջկա հետ, նրա հետ միառժամանակ սիլի-բիլի անել, ուղեղը լվանալ ու խելքն ուտել, խոստանալ ոսկե սարեր ու երկնքից աստղեր, իսկ մեկ կամ մի քանի անգամ էդ երինջին թփփացնելուց հետո՝ վրայից թռնել: Էդ երինջն ի վերջո մեր շարքերը կհամալրի. երբ հերնումերը տուն չընդունեն, էլ ո՞ւր պիտի գնա, մինչդեռ դրան էդ օրին գցող դուրսպրծուկն իր բանուգործին կգնա: Բայց եթե ջահելը փող ունի, ու գերադասում է «մառալնի ուռոդ» չլինելու սկզբունքը, և իր ջանին էլ լավ է նայում, անվարան կվերցնի մեկեն բջջային հեռախոսը (շեն ու բոլ աշխարհ, առաջվանը չի, երբ շատերի տանն իսկի հեռախոս չկար), ուրեմն կվերցնի հեռախոսը, կհավաքի համարն ու ինձ կզանգի, դե՝ մեզանից մեկնումեկին...

Ավելի հաճախ հանդիպել եմ քրոնիկական դավաճանների, որ հիմնականում նորմալ են համարում իրենց կանանցից կամ ընկերուհիներից «լևի» գնալն, ասենք՝ շաբաթը մեկ անգամ՝ հենց շաբաթվա մի կոնկրետ օր, ու միշտ շաբաթվա նույն օրը: Իմ բազմամյան անձնական դիտարկումների արդյունքում հանգել եմ այն կարծիքին, որ մեր քրոջ հաճախորդների նշանակալի մասը հենց իրենց ամուսնական կյանքից ժամանակավորապես փախչող, կանանց ու ընկերուհիների վրայից կանոնավոր թռնողներն են: Էդ ղզղնած ցլերից ոմանք հանգիստ խղճով համոզված են, որ պոռնիկների հետ բոզի գնալն ամենևին էլ դավաճանություն չի. «Էս պարզապես սեքս ա, իսկ իմ կնկան ես սիրում եմ», ու դրանով իրեն արդարացնում, ճիշտ այնպես, ինչպես գանգստերների մոտ է. խփում են՝ մարդուն սպանում, հետո էլ ասում, թե՝ «Ոչ մի անձնական բան, պարզապես բիզնես է», տո´ ձեր հերն էլ անիծած, ձեր բիզնեսինն էլ... Լինում են նաև այնպիսիք, իբր թե խղճմտանքով, որ հանկարծ ոչ այս, ոչ այն՝ սկսում են իրենք իրենց դատափետել, թե ես չեմ ուզում դավաճանել կնոջս, բայց դե հնար չունեմ, որովհետև սուր պահանջ ունեմ, որովհետև էդ անտեր հորմոնը՝ տեստոստերոն ե՞ն ասում, թե՝ ինչ զիբիլ, ելնում զարկում է գլխիս, իսկ կինս միշտ զբաղված է, շատ հոգս ունի՝ երեխա-մերեխա, լվացք-մվացք, ճաշումաշ, դրանից էլ երևի գիշերները միշտ մոտը գեշ գլխացավ է բռնում: Մեկը կար, սրա տեստոստերոնը երևի զօրուգիշեր լիուլի հորդում էր, ու սա օրումեջ էր գալիս, անունը դրել էինք Օրումեջ: Ասում էր՝ թե մի օր իր կնոջ հետ է լինում, մի օր՝ մեզ հետ, մեզանից մեկնումեկի, ու մեզ՝ ամենքիս էլ պատմում էր, թե իր կնոջ հետ ոնց է լինում: Հավանաբար կնոջն էլ մեզ հետ արածների մասին է՞ր պատմում, չգիտեմ: Բայց համարյա բոլորս էլ նրա էդ պատմությունները բերանացի գիտեինք, որովհետև ամենքս էլ՝ չնչին բացառություններով, անցել էինք նրա տակով: Զիլ մուժիկ էր, հոգնել չուներ: Հա˜, իսկ ամենազիլը մեր գեներալներն են. հա´մ կին ունեն, հա´մ սիրուհիներ, հա´մ էլ մեզ մոտ են գալիս: Բա չէ˜, էն արևմտյան գեներալների պես, որ հենց դրանց ծամկտրած կին վարչապետները մի հիմար հրաման են արձակում, թե չէ՞, ինչքան հրթիռներ ունեն՝ վերցնում են, զենք ու զրահ կապում, նավերը նստում ու ընկնում աշխարհի էս կամ էն քունջուպուճախը, ամեն տեղ մի-մի դաժան դիկտատոր են փնտրում, որ դրա երկիրը դաժանորեն ռմբակոծեն, դրա ժողովրդին հանեն դրա դեմ, ու դրա հախիցը գան...

Լինում են նաև մի այլ տեսակի տղամարդիկ: Մենք դրանց խոխմ ենք ասում: Մի օր էդ տեսակ մեկն էր եկել՝ կիրթ, ընտանեկան մի ամուսին էր, հարգալից բարևեց ու հարցրեց, թե մեր ծառայություններն ինչ արժեն: Հա´, հա˜, հենց այդպես էլ ասաց: Մենք՝ ջուջուներով միաբերան վրա տվեցինք. «Ինչ ասացի՞ր...», խեղճը շշկռվեց. «Հը՞...»: Հետո մերոնցից մեկն առաջ անցավ, մտավ էս խելոքի թևն ու տարավ իր հետ: Մյուս օրն էլ եկել պատմում էր, թե սա ոնց էր իրեն պահել, ինչից էլ էն տպավորությունն էր ստացել, որ սրա կինն էս խեղճուկրակին խեղճուզուրկ է պահել, ու հատկապես ինտիմի հարցում: Հենց առանձնացել են, մի հարց է տվել կարմրելով ու կմկմալով, թե «...իսկ էնիքը կարող եք անե՞լ...», ու միշտ դուք-ով էր խոսել մեր քրոջ հետ, հետո էլ խոստովանել, որ կնոջը երբեք չի դավաճանել, իսկ վերջում էլ պարզվել էր, որ պարզապես վրեժ է լուծում... իր կնոջ դավաճանության դիմաց: Էս մեր քույրն ասում էր, թե էնքան էլ ամաչկոտ էր խեղճ «հարիֆը», ամեն խոսքի տակից-վրայից շառագունում էր ու շշկռվում...

Իսկ ամենախոխմը հենց նրանք են, որոնց տղամարդկային որոշ «պահանջմունքներ» խրտնացնում են իրենց կանանց ու ընկերուհիներին, մինչդեռ էդ պարզունակ ցանկությունները հասկանալի ու ընդունելի են մեր քրոջ համար: Ախր էդ ախմախ տղամարդիկ էլ են վերջապես մարդ, չէ՞, ամեն օր հո սպաս չես կարող ուտել, մեկ-մեկ էլ մսից-բանից ես ուզում, ու էդ միսն էլ հո ամեն անգամ խաշած չես կարող ուտել, մեկ-մեկ էլ տապակած կամ խորոված ես ուզում: Է˜հ, հո մարդկային երևակայությունն էլ սահմաններ չունի՞: Ու ստացվում է, որ ավելի լավ է վճարես ու սրտիդ ուզածն անես մեր քրոջ հետ, ինչքան ուզում ես նոր ձևերի ու դիրքերի փորձարկումներ կատարես, քան թե կնոջդ երկար-բարակ բացատրություններ տաս հարուստ երևակայությանդ թռիչքների բարձրության ու խորության մասին, համոզես, թե քո ուզածն ուրիշ բան է, որ մի քիչ տարբեր է միսիոներական դիրքից... մթության քողի տակ: Ա´յ, պատմվածքումդ գրում ես, թե մենք հեչ էլ չենք հասկանում, թե էդ փողավոր ու պաշտոնավոր բուղեքն ի՞նչ կամ ինչե՞ր են, որ չեն գտնում իրենց կանանց մեջ, ու փնտրում են մեր նման ջուջուների մեջ: Ահա և հարցիդ լիարժեք պատասխանը. լավ էլ հասկանում ենք, ու նաև էդ պահանջմունքներին բավարարում տալիս, դրանից էլ ահա մեր հանդեպ առկա հարաճուն պահանջարկը...

Իսկ ամենահետաքրքիրն ունևոր ամուրի ծերուկներն են՝ իրենց փողի հաստ քսակներով, էն՝ որ ասացի քարթու, այ նրանք՝ իսպառ դուրս գրած խարխուլ ծերուկ անառակներն՝ իրենց էն ճլորած անտերով: Բայց դե, ախր, նրանք էլ են սեր ուզում, նրանց էլ է սեր հարկավոր... հին հիշողությունների ուժով, որքան որ կզոռի ծերունական մարմրող երևակայությունը, ծերունական մարազմի խորխորատներում ինչ-որ մնացած պատառիկներ: Ու իրենք էլ գիտեն որ էդ սերն ամենևին էլ բարեգործական հիմունքներով չի լինում: Ու նրանց ուզած էդ սերն էլ ավելի հաճախ... է˜, եղածն ինչ է՞ որ. լիակատար երջանկության համար շատ բան պետք չի՝ ձեռք գցել մեր քրոջ կլորիկ ու փափուկ տեղերին, մի քիչ մաժմժել, մի քանի թույլ շարժում, մի քիչ թփրտոց ու ոչ երկարատև ցնցումներ, հա˜, մի քիչ էլ քնքշանք մեր քրոջ կողմից, էդքան մի բան ու վերջ: Նրանցից շատերն, ինչպես ասացի, շատ են սիրում խոսքուզրույց. մեր քրոջ մասին են հարցնում, օրինակ՝ թե էսքան սիրուն, էսքան լավը, ինչու է՞ էս ճամփեն ընտրել, ու երբ մեր քույրն իրեն բացատրում է, որ եթե ինքը սիրուն չլինե՞ր, նախ՝ իր վրա նայող չէր լինի, ու թե ինքն էս ճամփի վրա չլինե՞ր, ծերուկն հիմա ո՞ւմ առաջ պիտի սիրտը բացեր, էդ ժամանակ արդեն իրենց մասին են սկսում պատմել, թե սրանից մի քառասուն, հիսուն կամ թե վաթսուն տարի առաջ, նայած՝ ով, ի˜նչ տղա են եղել, ի˜նչ կտրիճն են եղել, թե կնանոնց ո˜նց են խելքամաղ արել, իսկ հիմա՞... սեփական ձվերը ոտքերի արանքում անհույս կախ ընկած՝ գնում ու գալիս, լխկած հետույքի թոշնած թշերին ապտակ են տալիս: Ու ստացվում է, որ էդ ծերուկի համար մեր քրոջ առաջ սիրտը բացելը նույն բանն է, ինչ թունդ հավատացյալի համար տերտերի մոտ մեղքերի խոստովանությունը: Հա˜, տերտեր ասացի ու հիշեցի... բա որ տերտերներն են գալիս, էլ դու սո´ւս... Մի վարդապետ կար, կուսակրոն էր, իսկը մեր գեներալների պես էր, զիլ էր. ընտանիք ուներ՝ կին ու երեխեք, ու նաև մի հատ էլ շնորհընկալ կին, դե մշտական սիրուհի... երկուսից էլ զզված ու հերսոտած՝ գալիս էր մեզ մոտ, մեր քրոջ գրկում իրեն այրող կրքերը մարելու և հանգիստ առնելու համար: Ես գիտեի (դե ամենքը չի, որ տարբերում են), թե նրան պիտի «հայր սուրբ» հորջորջմամբ դիմել, բայց միտումնավոր ասում եմ՝ «Տեր հայր, բա մեղք չե՞ս գործում», նա էլ՝ թե «Ոչ թե տեր հայր, այլ հայր սուրբ, դուստրդ իմ, ես կուսակրոն վարդապետ եմ, շարքային քահանա չեմ...», ու ես էլ կատակի եմ տալիս. «Չէ մի՝ սրբազան...» ու երկուսով էլ մի կուշտ ծիծաղում ենք, ապա և ասում է՝ «Դուստրդ իմ, ամենքս էլ մեր էս անցավոր ոչուփուչ կյանքում Բարձրյալի առաջ մեղսավոր ենք անշուշտ», ու երկար-բարակ բացատրում, թե միևնույն է՝ վերջին դատաստանի օրն ամենքն էլ իրենց գործած մեղքերի չափով պատժի կարժանանան, ու գեհենի այրող կրակներում ամենամեծ պատիժն էլ հենց իրենց՝ Աստծո սպասավորներին է սպասվում, իսկ առայժմ ապրել է պետք, էս կարճատև կյանքը լիաթոք վայելել է պետք: Դե, մարդը գոնե գիտակցում և ընդունում է մեղքերն իր, իսկ ամենամեծ ու աններելի մեղքն էլ այն է երևի, որ ասում է «դուստրդ իմ», ու... թառում վրադ, ինչպես դու ես բնորոշում այդ գործողությունը քո գրվածքում:

Առանձին հոդված են անփորձ լակոտները, որոնց հանդիպել եմ իմ էս գործի բերումով: Ասում եմ անփորձ-անփորձ, բայց որպես կանոն՝ էդ բճերը եռանդուն են լինում, ու որքան էլ տարօրինակ է՝ նաև ինքնավստահ, ու ըստ այդմ՝ հաջողակ: Իսկի մեր քրոջ ծակի տեղն էլ մի կարգին չեն իմանում, միայն նկարներով են տեսած լինում, բայց ո˜նց են վրա պրծնում... սոված գիշատչի պես: Նրանցից շատերի համար աղջիկ-մաղջիկ կպցնելը խնդիր չի, բայց դե էն վերջին բանին չեն հասնում, կամ՝ աղջիկը չի թողնում, ու մեզ մոտ են գալիս՝ բուղը բաց թողնելու: Թերևս կան նաև իրոք ամաչկոտ, իրոք անվստահ պատանյակներ, որոնց քաջությունը բնավ չի հերիքում իրենց հասակակից աղջիկ-մաղջիկ կպցնելու համար, ու սրանք էլ են մեզ մոտ գալիս, բայց հաճախ իրենց բարդույթների տակ կքած, ու իրենց էդ բարդույթներից խիստ խրտնած՝ մեր քրոջ հետ մերձենալը սիրո մերձեցում են դիտում ու... արի տես, որ սիրահարվում: Դե արի ու էդ փսլնքոտին բան բացատրիր, երբ ոչ մի խոսք չի մտնում գլուխը: Չէ˜, դու ինձ թարս չհասկանաս, մենք իհարկե կարող ենք հաճախորդի հետ խոսքուզրույցի բռնվել, հոգեթով շաղակրատել, «գործին» սիրո քնքուշ երևութականություն հաղորդել՝ ի պետս առավելագույն բավարարման, դա մեզ ոչ ոք չի արգելում, ու ոչինչ էլ չի պարտադրում, բայց մեր էդ հաղորդակցումը ավելի շուտ գործընկերների շփում է զուտ, և ոչ թե սիրեկանների ղունղունոց: Ու երբ տղամարդը, թեկուզ թե փսլնքոտ մի լակոտ, ում առաջներում դու երբևէ չես տեսել ու հետագայում էլ հավանաբար երբեք էլ չես տեսնելու, հանկարծ սիրո խոստովանություն է անում քեզ, էն էլ՝ էն ամենից հետո, ինչ քիչ առաջ արդեն եղել է ձեր միջև, ինքն էլ դրա համար վճարել է, դե արդեն էդ պարագայում, հավատա, խնդրում եմ, ըստ իս դա մի բան չի, հեչ բանի նման չի, ու ոչ մի բանի էլ պետք չի, ու ոչ մեկին պետք չի: Եվ էդ ամենը հետևանք է էն բանի, որ դուք՝ տղամարդիկդ որոշ դեպքերում չեք ուզում հասկանալ պարզապես, որ միայն բառերով չեն սիրում: Երբե´ք... Գուցե թե բառերով շոյվի ձեր լսողությունը, կամ էլ դուք երբեմն որոշ երինջների լսողությունը շոյեք, բայց միևնույն է, անգամ նրանք էլ չեն հավատում սիրո խոստովանության (թերատ ասե՞մ, թե՞ անկատար) էդ ձևերին...

Ջահելներ էլ կան, որ իրենց «հարիֆ» տեղով «շուստրի» են խաղում, ու մեկ էլ տեսար մթությունից իբր խրտնում են, թե՝ «Լույսը վառի...», ու հենց այդժամ ուզում ես մի հատ թարս շրմփացնել դրա էն փափուկ տեղին կամ կտտացնել էն անուղեղ ու ձիգ գլխիկին. «Այ բի´ճ, լույսն ի՞նչ ես անում էս գործի վրա», թեև լավ էլ հասկանում ենք, թե լույսն էդ բճի ինչին է պետք, այն դեպքում, երբ իրականում պիտի որ մթությունը լինի նրա իսկական դաշնակիցը, բարեկամն ու հովանավորը... թեկուզ համբուրվելու համար, իսկ իրապես մութն ու խավարը նրանց մի այլ կերպ են տիրում՝ ցուցանելով նրանց տգիտության ակնառու դրսևորումները և այն էլ այնպես, որ ուզում ես հիմա էլ ղժժալ դրա վրա մի այլ իմաստով. «Տեմնատա˜...», ու էլի մի հատ էլ թարս շրմփացնել... կամ՝ կտտացնել...

Էլի շատ ուրիշ բաներ կան, որ դեռ մեզ մոտ չասեմ՝ չեն հասել, բայց դեռ չեն արմատավորվել, ու մանավանդ էն...

Ու ցասումով լռեց մի պահ, ու ես կռահեցի նրա ասելիքն ու շարունակեցի՝ օգտվելով այդ միջոցից.

-Ուզում էիր ասել՝ գեյեր, տրանսվեստիտներ, տրանսսեքսուալներ, տրանսգենդերներ ու չգիտեմ, թե էլ ինչեր, հա՞... Ինչու չկան, լավ էլ կան, ու դեռ աննկուն պայքար են մղում իրենց իրավունքների համար՝ որպես սեռական փոքրամասնություն...

-Դրանց անունը չտաս, դու դրանց գալուբոյ ու ռոզվի մերը:

-Ինչու՝ ես: Սպասում էի, որ դու կասես՝ դրանց մերը, բայց դու կարծես թե խուսափում ես...

-Ե՞ս... ես չեմ խուսափում, պարզապես ես չեմ կարող ասել այդպես, որովհետև ես ինչ ասում եմ՝ էդ էլ անում եմ, իսկ անել դա չեմ կարող, ու քիչ անց կասեմ, թե՝ ինչու... Իսկ դրանք, բացի էն բանից որ սկսել են մեր ձեռքից մեր հացը խլել՝ իրենց էդ պիղծ մարմինը դզմզած, որ չգիտես՝ ինչ է˜, ինչի է˜, ինչից է˜, վաճառքի հանելով, ու պատկերացրու՝ գնորդներ էլ կան... իսկ իրականում դրանք չար սատանի ճտեր են, սատանի փչացած զորքը՝ դժոխքից ելած ու երկրի երեսին տարածված: Վերջը հասնելու են էն բանին, որ էս ախմախ աշխարհի արդեն լրիվ ախմախացող խալխը էդ գյոթերին ու ղախպեքին, կներես, նորմալ ընդունի, ասենք տղամարդուն կնիկ, կնկան՝ տղամարդ, և այդպիսով փորձելու են, ոնց որ տերտերներն են ասում՝ դեռ էն գլխից եղած (իսկ ըստ իս՝ հեչ էլ չեղած) աստվածային ներդաշնակ ու ճիշտ կարգերը քանդել, կամ էլ՝ ոնց որ դուք եք ասում գրագետներով, ի վերուստ սահմանված դերերի բնական բաժանումը խորտակել՝ տարբեր սեռերի դերն ու նշանակությունը իրար խառնելով: Ախր, տղամարդը տղամարդ կլինի, կնիկը՝ կնիկ: Օրինակ, ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե կնիկը ոնց կարող է կնկան շինել, և ընդհանրապես՝ շինել, երբ էդ շինելու անտեր բանը չունի: Այ, դրա համար էլ ես շինիչ հայհոյանքներ չեմ տալիս, որովհետև գիտեմ, որ չեմ կարող անել, ու դա թողնում եմ տղամարդկանց, ինչպես քիչ առաջ՝ քեզ: Նմանապես ամենևին չեմ հասկանում, թե տղամարդը ոնց կարող է տղամարդուց շինվել, բա իր շինելու բանն ուր խոթի՞: Չէ˜, ախպեր ջան, էլի եմ ասում՝ դրանք չար սատանի երկրային զորքն են էս ախմախ աշխարհում, ու դրանց էս կամ էն քայլերի իմաստն էլ էն է, որ մարդուն հանեն, դարձյալ ոնց որ տերտերներն են ասում՝ իր պատկերով ու նմանությամբ ստեղծած իր Արարչի դեմ, ու մարդուն ու Աստծուն ի վերջո թշնամացնեն, իբր թե քիչ են թշնամի...

Բայց դրանցից ավելի լավը չեն այլասերվածները: Այդպիսի մեկը կար, վայ թե արդեն հոգոց հանգուցելոց է եղել այլասերված անառակը, բավականին վաղուց է, ինչ էլ չի երևում: Հին կարգերի ժամանակներում կուսակցական աշխատող էր եղել, հետո էլ «տոռգի դիրեկտըր»: Հա´, հա˜, ոչ թե տնօրեն, այլ հենց «դիրեկտըր», ինքն էր իրեն այդպես հորջորջում: Ուրեմն սա դեռևս կնոջ ողջության օրոք մի թունդ բոզարած էր եղել, ու երևի էնքան էր «լևի» գնացել, որ ի վերջո, ինչպես ասում են՝ վառոդը վառոդամանում սպառվել էր: Տարիքը չհարցնես, չեմ կարող ասել: Ըստ իս զառամյալ ծերուկ պիտի որ լիներ՝ դեռևս դինոզավրերի ժամանակներից մնացած բրածո մնացորդ, սակայն ձիգ էր ծեր անառակը. մազերը ներկում էր շաբաթը մեկ, իսկ մեզ այցելում էր շաբաթը երկու անգամ՝ կանոնավոր, ու ոչ միայնակ. հետը մեկին էլ էր բերում՝ ամեն անգամ տարբեր ջահելների: Եվ ամեն անգամ էլ ընտրում էր մեզանից մեկնումեկին, տանում որևէ ճոխ հյուրանոց կամ թե մոթել, որին դու քնելանոց ես անվանել քո գրվածքում, նախ լավ կերակրում էր, հետո վճարում, ապա նստում ու դիտում, թե էդ ջահելը... ո՞նց է տեսնում իր գործը մեզնից մեկնումեկի հետ: Ուրեմն էդ այլասերվածի մոտ ճիշտ և ճիշտ էն պոչավոր անեկդոտի պես էր. դրա ճլորած էն անտերը երևի սեքսից հագեցել էր այլևս, բայց արի ու տես, որ անառակի աչքը դեռ չէր կշտացել: Միառժամանակ անց պիտի պարզվեր, որ սա կնոջ մահից հետո էն ասածս կույսերից մեկի՝ դրանց էն հեշտ սաղացող տեսակի ճանկն էր ընկել, դրան տուն բերել, ինչին իհարկե դեմ էին եղել զավակները: Բայց դե անառակի հեչ վեջն էլ չի եղել, զավակներին ու նաև հետո նրանց միացած մյուս մերձավոր ազգուբարեկամին կտրականապես արգելել է իր անձնական կյանքին խառնվել՝ պատճառաբանելով, թե զավակներից ամենքին էլ տնով-տեղով, ամեն ինչով ապահովել է... Շատ գլուխդ չցավացնեմ. Էդ կուսական լրբի հետ զագսավորվել էր, գրանցել իր բնակարանում, ու մի օր էլ... դրան բռնացել էր նրա դասընկերոջ հետ: Եվ ի՞նչ ես կարծում, ի՞նչ արած լինի էս ախմախը, որ լավ լինի: Երևի մտածում ես, թե տնից դուրս արած կլինի՞: Չէ մի˜: «Սավսեմ նա աբառոտ»: Այսինքն՝ ընդհակառակը. սա մի ուրախանալ է ուրախանում՝ աշխարհքով մեկ է լինում, քիչ է մնում՝ ոտքերը գետնից կտրվեն ու մեկեն ուրախությունից երկինք համբառնա: Ճիշտ ու ճիշտ ոնց որ էն ժողովրդական լուսավոր ու հուսառատ հեքիաթներում, բերում էս «կույսի» դասընկեր-զուգընկերոջն էլ է պահում իր տանը, լավ էլ վճարում, որ սրանք էդ գործն անեն ու ինքն էլ մտիկ անի: Հարևանները լուրը հասցնում են սրա զավակներին, նրանք էլ գալիս են, որ էս ախմախին գժանոց տանեն, բայց գժանոցից ժամանած հոգեբույժները հրաժարվում են, որովհետև բանից պարզվում է, որ դա մարդու իրավունքների խախտում է. ինքը, իր տունը, իր կինը՝ ում ինչ գործն է, թե ինքը ոնց է դրանք տիրապետում, տնօրինում ու գործածում... Մինչև որ մի գեղեցիկ օր էս «կույսը» ապահարզան է պահանջում, թե դու իմպոտենտ ես, ինձ էլ արդեն խանգարում ես էնիքն անելիս, տունուտեղն էլ ձեռքից խլում: Ու երևի թե մինչև օրս էլ էդ «կույսը» սրա-նրա հետ քեֆ է քաշում... Չէ˜, էս ախմախը դրսում չի մնում, թեև լավ կլիներ, որ այդպես լիներ: Սա էլի բնակարան ուներ: Այնպես որ այս անգամ այլևս ռիսկի չի դիմում ու մի նոր «կույսի» երջանկացնելու գործին ձեռնամուխ չի լինում, այլ ամեն անգամ մի ջահելի հետ մեզ մոտ էր գալիս, մինչև որ... հիմա էլ չի գալիս, ու վաղուց:

Ինչ ուզում ես ասա, բայց մեր քրոջ ամենօրյա կյանքը հեչ էլ յուղումեղր չի, ու բնավ համատարած հաճույքների մի շղթա չի: Փողով գնվող նրա սերը եթե ինչ-որ մեկին հաճույք է պատճառում, ապա հաստատ ոչ իրեն: Երբ հարուստ ու հաջողակ, իսկ ավելի ճիշտ՝ չաղ ու բախտավոր բուղեքը՝ գեշ թե՞ սիրուն, տանելի թե՞ անտանելի ուռոդ՝ լպստում են կրծքերիդ սերուցքն ու սիրո խոստովանություններ կատարում, զզվանքից սիրտդ խառնում է, որովհետև մեկ էլ ասեմ՝ բառերով չեն սիրում... որովհետև գիտես, որ սուտ է... որովհետև էդ տականքն իսկի իր կնոջը չի սիրում, ոչ ոքի չի սիրում՝ իրենից բացի, այլապես իրեն մեր գիրկը չէր նետի, էն էլ՝ էդ հանգի խիստ ինքնամոռաց: Հը՞, ոնց որ թե զարմանում ես ասածներիցս, հա՞: Բայց իսկապես, երբեմն պատահում են այնպիսիները, որ իրենց շատ հաճախ անասունի պես են պահում, իբր՝ վճարել եմ, ինչ ուզեմ՝ կանեմ... Ու դու էլ ես ուզում, շատ ես ուզում, մեծ է փափագդ, ցանկությունդ՝ մի հատ էլ դրա մռութին հասցնել, ոնց որ իր «հարիֆ» տեղով իրեն «շուստրի» կարծող էն ջահելի փափուկ տեղին, կամ որ ավելի լավ է՝ դրա անտեր բանը կտրել, տալ իր բուռն ու ճամփու դնել: Թյո´ւ...

Երբեմն էլ ավելի տհաճ բաներ են լինում: Ասենք, օրինակ, մեկ էլ հանկարծ մի բարձրաշխարհիկ տիկին է այցելում, ու պարզվում է, որ էսինչ մեկի կինն է սա, որ էն օրը մեզնից մեկնումեկի հետ էր անցկացրել, որին մենք իսկի չենք էլ հիշում արդեն: Ու թախանձագին խնդրում, հետո հոխորտալով՝ պահանջում, ապա շողոքորթելով՝ փող է առաջարկում նույնիսկ, որ երբ մյուս անգամ էլ իր մարդը մեր կողմերում երևա, իրեն լուր տանք, ինչ է թե վրա հասնի ու... ի՞նչ ես կարծում՝ բաժանվի՞: Չէ մի: Էլի «սավսեմ նա աբառոտ»: Իհարկե, նախ մի կարգին սկանդալ կսարքի, հետո էլ մարդուց... փրկագին կպոկի, որպես թե նրա մեղքերի թողության գին: Էլի թյո´ւ... Հիմա ճիշտն ասա, սա մեզանից ավելի զիլ բոզը չի՞: Չէ´, ի՞նչ ուզում ես ասա, բայց էդ բարձրաշխարհիկ տիկնայք հենց ամենաիսկական բոզեր են: Ու էդ առումով ես նրանց տղամարդկանց հասկանում եմ. էս տիպի կանանց ամուսինները, որոնց ուշքն ու միտքը մարդուն կթելն է՝ տեղը բան չտալով... չէ˜ ուրիշ բան մի հասկացիր, զգացմունքային պահերի մասին է խոսքս՝ դե ասենք քնքշանք-բան, էլի˜, ուրեմն սրանց ամուսիններն իհարկե պիտի «լևի» գնան...

Բա որ իմանաս, թե մի անգամ ի˜նչ եղավ, ինչ զուլում եկավ գլխիս, կարծում եմ՝ կցնցվես ինձանից ոչ պակաս, ու կհավատաս, դու էլ ինձանից առավել կպնդես, որ մենք իրոք աշխատում ենք «վրեդնի ցեխում», ու արտադրական խեղում ստանալն էլ ամենևին բացառված չի մեր պարագայում: Դե մեր խեղումն էլ գիտես, թե ինչն է... Ինչևէ, ուրեմն բանն այսպես եղավ. հաճախորդն եկավ, կերած-խմած մի բուղա: Գնացինք: Գործի թունդ պահին սա ջղաձգվեց, ցնցվեց, արտակորվեց ու փնչացրեց... Էդ պահին մտքինս էն էր՝ հանկարծ էս կերած-խմած բուղեն չփսխի վրաս: Դեռ էդ մտքից չէի ձերբազատվել՝ սա էլի ջղաձգվեց, ցնցվեց, ցնցվեց, արտակորվեց ու... թը˜րը˜մփ, ընկավ վրաս: Լեշի պես վեր է ընկել ու մնացել: Դե´, առաջին պահին կարծեցի, թե գործի ավարտին է հասել, դե բնական է՝ մի քիչ ավելի զիլ, ավելի ընդգծված ու ինտենսիվ պիտի լինեն շարժումներն ու ցնցումները, ու հիմա էլ պրծել ու իր բաժին օրգազմն է լուռ ըմբոշխնում: Բայց՝ չէ˜... վախն ընկավ սիրտս, թե սա մեռել է: Հիմա սա մեռելի պես ընկել է վրաս, ինքը ծանր, շունչս կտրվում է: Խուճապը պատեց ինձ: Ու մտածում եմ, դե արի հիմա ու ոստիկան-մոստիկանի ձեռք ընկի. ի՞նչ իմանաս, թե ինչից է մեռել սա: Փորձեցի տակից դուրս սողալ, չստացվեց: Վախից դողալ եմ ուզում, չեմ կարողանում էդ լեշի տակին շարժվել: Անգամ դողալ չի ստացվում: Մի կերպ ձեռքս հասցրի հեռախոսին, հավաքեցի 911... ի՞նչ անեի, ստիպված էի: Եկան փրկարարները, մեզ էդ վիճակում տեսան՝ կցված շների նման: Հիմա ուզում են ծիծաղները թաքցնել, չեն կարողանում: Ասում եմ՝ մի քաշվեք, ձեր ցավը տանեմ, ու ծիծաղներդ իզուր տեղը մի զսպեք, միայն թե ինձ էս լեշի տակից ազատեք: Ասում եմ՝ ես իհարկե շատերի տակն եմ պառկել, բայց դեռ երբեք էս հիմար վիճակում չեմ հայտնվել: Ինչ որ է, ազատեցին ինձ էդ մամլիչի տակից: Պարզվեց, որ էս ախմախ բուղեն՝ հերիք չի՝ կուշտուկուռ կերել-խմել է, դեռ չգիտեմ քանի դոզա էլ «Վիագռա» է կլանել, կուլ տվել ու եկել: Հետո էլ՝ մի որոշ ժամանակ անց եկել էր, թե՝ ես քեզանից շատ շնորհակալ եմ, կյանքս ես փրկել, թե դու չզանգեիր, հիմա հասած կլինեի հազար տարվա մեռելներին, ինչ ուզես՝ ասա, ինչ ասես՝ կտամ: Ասացի՝ թե արի կլինի դու ինձանից հեռու գնա, քանի դեռ դու է´լ, ես է´լ ողջ ենք...

Թերևս ժամանակի ընթացքում, հավատա, գնալով էլ ավելի է դժվարանում սովորություններ փոխելը: Տես, օրինակ, թաղապետի անկողնուց խանութպանի անկողին ընկնելն այնքան էլ դժվար չի, ոնց որ ասում են՝ դրանք նույն քաքն են, կներես, մենակ թե տարբեր «գառշոկների» մեջ: Ա˜յ, իսկ նախարարից հետո անգամ ինչ-որ գեղցի կամ քաղքցի պատգամավորի գիրկն ընկնելը (կամ՝ ավելի վատ՝ նրանց պես ինքնամոռաց նետվելը) հիրավի ցավալի անկում է անգամ պոռնիկի համար, էլ ուր մնաց, թե նախարարին հանեն, տանեն ու նշանակեն՝ քո բառով ասեմ՝ դեպուտանկա: Ի դեպ, եթե ուղիղ մտածենք, դրանք իսկականից էլ, ճիշտ ես նկատել, որ դեպուտանկա են: Բայց պիտի ասեմ, որ որոշ առումներով, ինչը քեզ մոտ ենթատեքստի պես է տրվել, նույնիսկ վիրավորական է դրանց հետ մեզ համեմատելը, որովհետև ի տարբերություն դրանց՝ մենք ամենաուղղակի իմաստով մեր սեփական ջանուջանդակով ու ջանի հալալ քրտինքով ենք մեր ապրուստը վաստակում... Նկատում ես՝ ոնց որ թե կամաց-կամաց սկսում եմ հետդ համամիտ լինել, նույնիսկ գրվածքիցդ որոշ բառեր ընդօրինակել ու գործածել՝ դեպուտանկա-մեպուտանկա, թառել-մառել... Հը˜, հո դեմ չե՞ս: Ճիշտը որ ասենք, պիտի նույնիսկ ուրախ ու գոհ լինես, որ ինձ նման ընթերցող ունես:

Լուռումունջ լսում էի, հետն էլ որպես համաձայնության նշան՝ գլխով տմբմտբացնում էի, իսկ նա շարունակում էր անկանգ.

-Է˜հ, կյանք է, էլի, ու տարիների ընթացքում սովորությունները փոխելու դժվարությունների հետ մեկտեղ ու դրան զուգընթաց՝ շատ բաների էլ ընտելանում ես, ասենք՝ ստիպված ես լինում սովորել տառացիորեն առաջին իսկ բառերից տարբերակել բռի ու կասկածելի մռութներին, արագորեն ու որ անչափ կարևոր է՝ շատ զգուշորեն հեռու վանել նրանց՝ օրինակ շատ թանկ գին «կրակելով», իհարկե մյուս կողմից էլ բանը չի հասնում հավանական հաճախորդի կրթված կամ անկիրթ, հարգալից կամ ոչ հարգալից, դուրեկան կամ անդուր, ուժեղ կամ թույլ լինելու և էլի շատ ու շատ ուրիշ հանգամանքներ տարբերակելուն, ու ըստ այդմ էլ մեր գործում նաև կան շատ կարևոր մի շարք չգրված, բայց հիմնավորապես մշակված սկզբունքներ ու կանոններ, որոնց հետևելն էս գործի հիմնական և առաջնահերթ պահանջներից են: Ասենք՝ պաշտպանվածությունը սեռավարակներից, ինչի շահագրգիռն ու պատասխանատուն մեր քույրը պիտի լինի՝ իր իսկ շահերից ելնելով, որ հետո անգործ ու սոված չմնա: Օրինակ, ոնց որ խելքը գլխին բոլոր բոզերը, ես նույնպես ունեմ իմ բժիշկն, ում մոտ պարբերաբար բուժզննում եմ անցնում, մոտս էլ միշտ ապահովիչ եմ պահում: Մյուս կարևոր հանգամանքն էլ զգուշությունն է. ոնց որ ասացի՝ կասկածելի հաճախորդին տարբերակելը, որ հետը միայնակ անտառ չգնաս, որովհետև գայլերը կուտեն (քահ-քահ ծիծաղում է), անմարդաբնակ ու լքված ավերակներ, կասկածելի տեղեր չգնաս, որտեղ կապի հնարավորությունները սուղ են և այլն: Հե˜յ գիտի, հա˜, գիտե՞ս, շատ երկրներում պոռնկությունն օրինականացված է, սահմանված կարգ ու կանոն կա, օրենքներ կան, պաշտպանություն, նույնիսկ արհմիություններ, որոնք էլ հենց պաշտպանում են մեր քրոջ իմանալի և անիմանալի բոլոր իրավունքներն ու ազատությունները, բայց մեր իրականությունը դեռևս այդքան առաջադեմ ու հուսադրող չի, ու սիրո քրմուհու գործն այդպես էլ մնում է վտանգներով լեցուն, ոնց որ առաջ, ոնց որ միշտ… Չէ˜, գիտե՞ս, չարացած չեմ, պարզապես ասում եմ այն, ինչ որ ապրել եմ և ինչ որ զգացել...

-Իսկ ո՞վ ասաց, թե մեզ մոտ՝ դե եթե արհմիություններ չասեմ, ապա ուրիշ տեսակի միություններ ու կազմակերպություններ չկան,- իբր թե փորձեցի մասնակցել մեր միակողմանի խոսքուզրույցին, որ վաղուց արդեն ավելի լայն տիրույթներ էր ընդգրկել, քան թե միայն տղամարդկանց իրական դեմքն ու կերպարը բացահայտելու, նրանց կեղծուպատիր ու երկերեսանի դիմակները մոլեգին դժնիությամբ պատռելու մասնագիտական բանախոսությունը կարող էր լինել, բայց...

-Թե իմ մտքինը նկատի ունես,- ընդհատեց նա փութկոտ,- ապա մեկի տեղը երկու-երեք տեսակի այդպիսի «պաշտպաններ» կան՝ դրսից ու ներսից: Սակայն կարծես թե արդեն ասել եմ, որ հեչ չեմ սիրում սուտենյոռ կոչվածների, մամա ռոզաների, բառդակների և առավել ևս մենթերի հետ գործ ունենալ:

-Չէ, ես բոլորովին այլ բան էի ուզում ասել,- փորձեցի պարզաբանել ես:- Դե հիմա տարատեսակ պաշտպանները ավելի շատ են. ասենք՝ սպառողների իրավունքների, տաքսիստների, տնանկների, նույնիսկ տարբեր կենդանիների... դրանց համանման մի բան նկատի ունեի, որ դուք ձեզնով ու ձեր մեջից ստեղծեք...

-Իսկ խաբվածների ու քցվածների պաշտպաննե՞ր, ու զիլն էլ մեկել կողմում է՝ խաբածների ու քցածների պաշտպանները...

-Էդ վերջինը ովքե՞ր են,- իրոք չհասկացա ես ու զարմանքս արտահայտեցի:

-Ոնց թե՞,- իր հերթին նա էլ իմ զարմանքը չհասկացավ ու նետեց,- քննիչները, դատավորներն ու դատախազները, որ խաբողների ու քցողների ամենաիսկական պաշտպաններն են, իսկ մնացյալը փարիսեցիություն ու պարապ ժամավաճառություն է, որով լավ էլ վաստակում են էդ զանազան ու զարմանազան պաշտպանները... Է˜հ, ախպեր ջան, ի՞նչ պաշտպա´ն, ի՞նչ բա˜ն, դրանք բոլորն էլ նույն զիբիլն են՝ տարբեր զիբլամաններում: Եթե քամակները փետուրներ էլ խրեն, միևնույն է, սիրամարգ չեն դառնա: Ասենք՝ ի՞նչ կայֆ սիրամարգ լինելուց. սիրամարգի երփներանգ արտաքինի ճոխ փայլի տակ խռպոտաձայն մի հավ է թաքնված ընդամենը, արու հավ՝ ոնց որ գեյ, և ոչ թե՝ մարտունակ աքլոր...

Լռեցինք երկուսս էլ ու որոշ ժամանակ այդպես լուռ իրար էինք նայում ակնդետ: Քիչ անց, սակայն, ինքը խզեց լռությունը.

-Հա´, էն էլ ասեմ, թե՞ արդեն ասել եմ, որ պոռնկությունը միշտ չի, որ սեքս է ենթադրում: Օրինակ ինձ հաճախ են առաջարկել հանդիպում առանց սեռահարաբերությունների, ասենք՝ հետները գնալ խորտկարան, սրճարան, ոնց որ հիմա, նույնիսկ հաճախել ցուցահանդես, թատրոն: Համարյա ոնց որ ուղեկցության, ընկերակցության ծառայությունը: Նաև եղել են առաջարկներ՝ լինել իրենց շնորհընկալ կինը: Գիտես երևի, թե շնորհընկալ կինն ինչ է. ըստ էության նույն բոզն է, բայց լրիվ մշտական հիմունքներով, երբ հաճախորդն ամսական վճարում է կոնկրետ գումար, նվերներ է գնում, մի խոսքով՝ տեղը տեղին պահում է, ու ցանկացած պահի կարող է ինքն այցելել կամ իր մոտ կանչել, իր հետ տարբեր տեղեր տանել, արձակուրդը հետն անցկացնել, բայց՝ պայմանով, որ ուրիշ ոչ ոքի հետ չպիտի լինես: Չէ˜, ախպե˜ր, մի անգամ ես նման մի բան արդեն եղել եմ, էս գործն հենց էդտեղից եմ սկսել...

Դե, էս իմ կյանքն է և իմ գործը, իմ փորձն ու փորձառությունը, բայց շատ նման է մեր բոլոր մյուս քույրերի կյանքին ու գործին, ու էդ հարցում էլ եմ քեզ հետ արդեն համամիտ: Տո հա, էլի´, ամենքս էլ իսկապես մի-մի ջուջու ենք, ում վրա թառում են բուղեքը: Ոնց որ թե համոզեցիր: Ու սա էլ մեր պերճանքն է, ու նաև մեր թշվառությունը: Ահա և մերկ ճշմարտությունն՝ իր դրամատիկական բոլոր դրսևորումներով: Բայց իմացիր նաև, որ դա լավ կյանքից չի: Անգամ դրսերում՝ թուրքիաներում ու դուբայներում, որտեղ գուցե մի քիչ շատ են վաստակում, որովհետև շատ էլ գործ են անում. դե էդ երկրներում շարժ կա, գործ շա˜տ կա, հաճախորդը շատ է: Ճիշտ է՝ հիմա էդ կանանց մասին փիս-փիս բաներ են ասում, նրանց պահվածքը 1915թ. մեր տատերի արածի հետ համեմատում, երբ վերջիններս այն ժամանակ մատղաշ-մատղաշ նետվում էին ջուրը, որ չբռնաբարվեին, իսկ սրա՞նք... Է˜հ, էսօր էլ են նետվում, միայն թե՝ ոչ թե ջուրը, այլ... փափուկ անկողին: Բայց ես դրանց հետ չեմ առնչվում, Աստված իրենց հետ: Ու ես անձամբ չեմ գնա դուրս, ես օտարների հետ հիմա էլ չեմ լինում, ու ոչ թե որ շատ հայրենասեր եմ ու նացիոնալիստ մեռնում եմ: Պարզապես ոնց որ գալուբոյներն ու ռոզվիները, դրանք էլ՝ հա´մ էդ օտար ու թուխ բուղեքը, հա´մ էլ դրսերում գործ անող մեր կանայք՝ ինձ դուր չեն գալիս: Իհարկե նոր կարգուդրվածքով դա խտրականություն է համարվում, գիտե˜մ: Բայց ինձ համար մեկ է, և ինձ ինչ-որ պատժամիջոցներ էլ չեն սպառնում՝ որպես դեպուտանկա, որովհետև ես այնուամենայնիվ գրվածքիդ մյուս դեպուտանկեքի նման ինչ-որ հրապարակային գործիչ չեմ, թեև մայթերի վրա եմ կանգնում, ընդամենը ես... անկողնային գործիչ եմ, սիրո փափուկ մսակտոր:

Ու էլի քահ-քահ ծիծաղեց, ապա և եզրափակեց.

-Մեր էս գործում գիտե՞ս, թե էլ ի˜նչ նրբություններ կան: Օրինակ, Բալզակը հարցնում էր և ինքն էլ պարզաբանում, թե ինչպես են սիրում էդ աղջիկները: Ընդհանրապես ֆրանսիացիք պոռնիկների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեն ու նրանց որոշակիորեն մոտենում են որպես ազգային արժեքի, կուրտիզանուհիներին վերագրում բարձր ինտելեկտի տեր կանանց համբավ` սառը դատողությամբ ու լայն աշխարհայացքով: Դու էլ պարզիր, թե ինչպիսին են մերոնք, ոնց են մեր աղջիկները դառնում... էնիքը: Չէ՞ որ գրող ես, մի գրող էլ դու ես, ինչո՞վ ես պակաս նրանից՝ Բալզակից... Ասեմ քեզ առանց ավելորդ զգացմունքայնության ու լալկանության՝ ամենքս մեր հոգսերն ունենք. մեկի ամուսինն էն ջհանդամի ռուսաստաններն է գնացել ու չի եկել, մեկն իր հիվանդոտ երեխուն է պահում, մյուսն՝ իր ծեր ծնողներին, նույնիսկ մի լրբուշկա էլ ունենք, շատ լաչառն է, տեղն եկած տեղը՝ կռվարար, երբեմն վուլգարության աստիճանի հայհոյախոս, բայց սիրտը մաքուր է, ինքը՝ պարզամիտ ու բարի. նա էլ իր տատին ու պապին է խնամում, բա˜... Ու նաև ասեմ, որ ամենքս տարբեր տարիքներից ենք սկսել. կան որ 14 տարեկանից՝ ոնց որ ասածս լրբուշկեն, կան որ «սավսեմ նա աբառոտ»՝ 41 տարեկանից, նայած հանգամանքների... Ու բոլոր դեպքերում էլ, ոնց որ բալզակյան կուրտիզանուհիների պարագայում էր, ամեն մեկից էլ՝ մատղաշ թե՞ հասուն, սիրուն թե՞ գեշ, գյուղից թե՞ քաղաքից, կրթված թե՞ անկիրթ... կարելի է ձևել ու դուրս բերել մեզ նման սիրո քրմուհիներ, գիշերային թիթեռնիկներ: (Թյո´ւ, ո˜նց եմ զզվում էս գռեհիկ բնորոշումներից): Ի դեպ, կրթությունը կամ դրա պակասը մեզ էլ չի փչացրել. թերևս մեզանում գրեթե չկան գրել-կարդալ չիմացողներ, ինչպես Բալզակի ժամանակներում էր... Այնպես որ, ահա քեզ լիքը նյութ: Դու էլ գրիր, պատմիր, հասցրու մարդկանց, որ իմանան, հասու լինեն, թե մենք իրենցից վատը չենք, կամ ավելի վատը չենք, քան իրենք են: Համենայն դեպս, կաշառասուն լինելուց, գողություն անելուց կամ թե մուրալուց հո՞ լավ է: Էսքանը հերիք չի՞:

Ու սրանով էլ Ջուջուի խոստացած բանախոսությունը, որ անչափ հագեցած ստացվեց, ոնց որ կտրուկ սկսվել էր, հախուռն ընթացել, նույնկերպ ու ավելի կտրուկ ավարտվեց: Ու վեր կացանք և այլևս վաղեմի մտերիմների պես բաժանվեցինք՝ առանց ավելորդ ձևականությունների, ասես վաղն էլի պիտի հանդիպեինք: Հա˜, Բալզակի հիշատակության առնչությամբ իհարկե չզարմացա, որովհետև արդեն անսպասելի չէր դա, բայց որոշեցի որ անպայման պիտի գրեմ, թեև այդ պահին չգիտեի, թե ի՞նչ ու ո՞նց...

*) 1. Հավ, հավի ձագ, ճուտիկ: 2. Հավեր (ընդհանրապես թռչուններ) կանչելու ձայնարկություն: 3. Փոքր երեխա, մանկիկ:

Մեկնաբանություն
X