Ադրբեջանի հույսը

Ալիեւյան ռեժիմը զորակոչի է ենթարկել տեղական եւ ռուս փորձագետների մի բանակ, որը մի գաղափար է գեներացնում՝ ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին անդամակցության, հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները բացառապես կոնյունկտուրային են, նա ժամանակ է շահում, որպեսզի հանգստացնի Ռուսաստանին, բարեհաջող անցկացնի արտահերթ ընտրություններ, իսկ արդեն կայուն քաղաքական մեծամասնություն ունենալուց եւ գործադիր իշխանությունը հնարավոր ցնցումներից ապահովագրելուց հետո նա կփոխի Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը, երկիրը կտանի դեպի Արեւմուտք: Իբրեւ նախադեպ՝ այդ մենկանաբանները վկայակոչում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրինակը, որը սկզբնական շրջանում նույնպես հավատարմության երդում էր տալիս Ռուսաստանին, բայց թե հետո ինչ եղավ՝ հայտնի է բոլորին: Ադրբեջանական կողմն, իհարկե, խնդրին մոտենում է բացառապես ղարաբաղյան կարգավորման տեսանկյունից եւ չի էլ թաքցնում, որ Հայաստանում իշխանափոխության հետ կապված հույսերը չեն արդարանում, վարչապետ Փաշինյանը ԼՂ հարցում որոշակիորեն ավելի արմատական մոտեցումներ ունի, քան Սերժ Սարգսյանը:

Այս դեպքում Բաքվի վերլուծաբանները կարգավորման միակ հնարավորություն տեսնում են հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը, որի դեպքում Մոսկվան կշեռքի նժարը կթեքի Ադրբեջանի ուղղությամբ: Թե ինչու՞ պիտի լարվածություն առաջանա հայ-ռուսական հարաբերություններում՝ ասվեց վերեւում: Բայց որտեղի՞ց է գալիս այդ մտասեւեռումը, որ Նիկոլ Փաշինյանը լիբերալ-արեւմտամետ գործիչ է, Հայաստանում իշխանափոխության թիկունիքին կանգնած են արեւմտյան որոշակի շրջանակներ: Այս տեսակետն ադրբեջանական քարոզչությունն ինքնուրո՞ւյն է գեներացնում, թե՞ տեղեկատվաքարոզչական կլիշեն ստեղծվել է Մոսկվայում եւ մատուցվել Ադրբեջանին, իսկ վերջինս էլ թութակի բութ համառությամբ կրկնում է այն, ինչ հուշում են ռուս վերլուծաբանները:

Ըստ երեւույթին, մոտակա մեկ-երկու ամիսներին այդ հարցում որոշակի պարզություն կլինի: Առայժմ հարկ է արձանագրել փաստը՝ ռուս եւ ադրբեջանցի վերլուծաբանները մանրադիտակի տակ են առնում Հայաստանի կառավարության ցանկացած քայլ, բայց հատկապես՝ կադրային նշանակումները: Նրանք մտասեւեռված են կառավարության անդամների կրթության, նախկին աշխատանքային կամ հասարակական-քաղաքական գործունեության, միջազգային կապերի վրա եւ ամեն ինչից միայն մի բան են մակաբերում՝ գործընթացներին խառն է Արեւմուտքի մատը: Բանը երբեմն հասնում է աբսուրդի. ռուս քաղաքագետներից մեկը տեսակետ է հնչեցրել, որ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին կարելի կլինի հավատ ընծայել, եթե նա Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը կրճատի եւ հասցնի նվազագույնի: Ասես Փաշինյանի վարչապետության օրոք է, որ ԱՄՆ-ը Հայաստանում նման ներկայություն է հաստատել: Մամուլի նման հրապարակումներից միայն մի եզրակացության կարելի է գալ. Ադրբեջանը ոչ միայն հույս է փայփայում, այլեւ, ամենայն հավանականությամբ, ձեռնարկում է շատ որոշակի քայլեր՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների հնարավորինս վատթարացմանը:

Մեկնաբանություն
X