Բաժնետերերը որոշել են՝ առաջիկայում էլ «Ռոսիա»-ում կինոթատրոն է գործելու

Օրեր առաջ համացանցում տարածվեցին «Այրարատ» կինոթատրոնի շենքի ճակատային հատվածներում աշխատանքների իրականացման վերաբերյալ լուսանկարներ, որը մտահոգությունների եւ քննարկումների նոր ալիք բարձրացրեց։ Ճարտարապետների, մշակութային գործիչների մի խումբ ահազանգ հնչեցրեց եւ բաց նամակով հանդես եկավ, որտեղ մասնավորապես նշվում էր, որ «Այրարատ» կինոթատրոնի շենքը տարիներ շարունակ ենթարկվել է մեթոդիկ ձեւախեղման․ «Շենքը կորցրեց իր համալիրի մեջ մտնող ազատ հարթակները, պատվեց տարատեսակ կցակառույցներով, իսկ վերջին ժամանակահատվածում մենք ականատեսն էինք կինոթատրոնի շենքի ռադիկալ եւ արագ տեմպերով ընթացող ձեւափոխությունների։ Մասնավորապես, կինոթատրոնի կողքին հայտնված «Ռոսիա մոլի» նորակառույց շենքն ընդլայնվելով՝ իր ծավալներով սկսեց կլանել կինոթատրոնի բուն շինությունը։ Կինոթատրոնի վրա հայտնվեցին էլեմենտներ, որոնք ոճային առումով խեղում են շենքի կերպարային ամբողջականությունը, ավելորդ է խոսել շենքի ինտերիերների նախնական տեսքի իսպառ վերացման մասին։ Ի հավելումն այս ամենի, արդեն երկար ժամանակ լուրեր են պտտվում շենքի ճակատների հնարավոր երեսպատման մասին։ Այսօր շենքի ճակատների վրա տեղի են ունենում աշխատանքներ, որոնց վերաբերյալ որեւէ տեղեկություն չունի մասնագիտական հանրույթը»։

Ճարտարապետները եւ բաց նամակին միացած 100-ից ավելի գործիչները դիմել էին նորանշանակ մշակույթի նախարարին, ինչպես նաեւ՝ վարչապետին, ահազանգելով, որ կառույցին հուշարձանային կարգավիճակ տալու խնդիրն առայսօր մնում է խնդրահարույց, որից օգտվում է կինոթատրոնի սեփականատերը եւ ձեւախեղում կառույցի կերպարային ամբողջականությունը։ «Հորդորում ենք կասեցնել շինարարական կամ, ինչպես սեփականատերն է արդեն ձեւակերպել՝ «վերականգնման» աշխատանքները եւ պահանջում ենք կրկին անդրադառնալ տարիներ առաջ սառեցված՝ Ճարտարապետների միության կողմից տրված դիմումին՝ հուշարձանների ցանկում լրացումներ կատարելու վերաբերյալ, ստեղծել մասնագիտական խումբ՝ «Ռոսիա» կինոթատրոնի հետագա ձեւախեղումը կանխելու համար»,- գրել են նրանք։

«Այրարատ» (նախկինում՝ «Ռոսիա») կինոթատրոնի համահեղինակ, ճարտարապետ-նախագծող Հրաչ Պողոսյանը տեղյակ չէ, թե հիմա ինչ աշխատանքներ են կատարվում կինոթատրոնի շենքի վրա․ «Ես սեփականատիրոջ հետ շատ պայքարեցի, բայց արդյունքի չհասա, եւ հիմա այնտեղ ինչ է կատարվում՝ տեղյակ չեմ։ Իրենք իմ հետ կապ չեն պահպանում, ես էլ՝ իրենց հետ, որովհետեւ, միեւնույն է՝ նրանք անում են այն, ինչ իրենց թելադրվում է»։ Թե մասնավորապես ինչ խնդիրներ է ունեցել սեփականատիրոջ հետ, Պողոսյանն ասաց․ «Խնդիրը նրանում է, որ նրանք բաներ են կառուցում շենքի վրա, կողքերը, հենց շենքի տակը, դահլիճների տակը էսկալատորներ են կառուցվել, ապակիներով առաջ են եկել, ներս են գնացել, չգիտեմ էլ ինչեր են արել, այսինքն՝ խեղաթյուրում են ամբողջ ճարտարապետությունը։ Ես դա փորձում էի կանխել, հաջողության չհասա, նրանք իրենց արածն էլի անում են։ Քաղաքապետարանն էլ շատ համառորեն լռում է եւ ձայն չի հանում»։ Ապա հավելում է, որ 2-3 տարի աշխատել է սեփականատիրոջ հետ եւ փորձում էր նրանց պահանջները բավարարել այն առումով, որ կինոթատրոնի ճարտարապետությանը վնաս չտրվի, բայց «հետո տեսա, որ ապարդյուն եւ անարդյունք են իմ գործընթացները, փորձեցի նրանց համոզել, խրատել, ասել, ցույց տալ, ոչինչ չօգնեց, ես էլ հրաժարվեցի, ասացի՝ ես էլ ձեզ հետ գործ չունեմ»։ Այն, որ շատ հաճախ իբրեւ պատճառաբանություն բերվում է շենքի վատ վիճակը, Պողոսյանը նկատում է, որ չկա նման բան․ «Բոլոր ժամանակներում օգտագործում են այդ հնարքը, եթե ուզում են մի բան քանդել։ Նույն բանն արեցին Երիտասարդական պալատի հետ՝ ասելով, թե քանդվում է շենքը»։

«Ռոսիա մոլ» նախագծի ղեկավար, ճարտարապետ Հայկ Բաղրամյանը մեզ հետ զրույցում նկատում է՝ որքանով տեղյակ է, կինոթատրոնի շենքը ներառված չէ հուշարձանների պահպանման ցանկում, բայց վստահեցնում է, որ, անկախ դրանից, այսքան տարի իրենք շենքին վերաբերվել են որպես հուշարձանի։

Բաղրամյանն ընդգծում է՝ այսօր գուցե շատերը չհիշեն, որ կինոթատրոնի սալիկները դեղին գույնի են եղել, քանի որ մոտ 40 տարվա փոշի է վրան նստած, իսկ անձրեւաջրերն էլ դրանց մի մասը պոկել են․ «Մենք գնացել եւ գտել ենք կոնկրետ այն քարատեսակը, այսինքն՝ դեղին գույնի տուֆը, որով պատվել է հենց շենքը, եւ հիմա բազմամյա փոշուց եւ կեղտից մաքրում ենք այդ սալիկները, ամրացնում դրանք, որպեսզի հետագայում նորից վնասը չեզոքացնենք, եւ նույն քարից համալրում ենք այն պակաս մասերը, որը տարիների ընթացքում փչացել է։ Հանրային այս մտահոգությունները հենց այս պրոցեսի ընթացքում են ի հայտ եկել։ Որպես այդպիսին՝ «Ռոսիա» կինոթատրոնի շենքի վրա շինարարություն չի իրականացվել։ Իրականացվել են միայն բարեկարգման աշխատանքներ, մասնավորապես՝ բարեկարգվել է մայթը, ապամոնտաժվել են ժամանակավոր առեւտրի բոլոր տաղավարները, հատակը ծածկվել է գրանիտե սալիկներով, տեղադրվել են լուսային սյուներ, նստարաններ, նշանային ցուցանակներ։ Ամենակարեւորը՝ որ այդ բոլոր բարեկարգումները ոչ մի բիզնես հետաքրքրություն չեն հետապնդել։ Այժմ իրականացվում է միայն ֆասադային քարերի մաքրումը, բարեկարգման աշխատանքները դրանով ավարտում ենք»։

Ինչո՞ւ են աշխատանքները դադարեցվել, հնարավո՞ր է աղմուկն է պատճառ հանդիսացել, Բաղրամյանն ասաց՝ ոչ․ «Աշխատանքների դադարը կապված է անձրեւների հետ, որովհետեւ ալպինիստներ են աշխատում, եւ անվտանգության խնդիր կա։ Ոչ միայն տեսքին վնաս չի տրվում, այլեւ տեսքն ենք վերականգնում»։

Տեղեկություններ են շրջանառվում, որ շենքն ապօրինաբար հանվել է հուշարձանների ցանկից եւ վաճառվել 10 մլն դոլարից պակաս գումարով, իսկ նոր սեփականատիրոջ առաջ շենքի պահպանման պահանջ չի դրվել։ «Դրանք ասեկոսեներ են, շենքը պատկանում է Սուքիասյան ընտանիքին, նույն սեփականատերն է, ոչ մի փոփոխություն չի եղել, եւ բարեկարգումն էլ իրականացվում է Սուքիասյան ընտանիքի կողմից։ Հետո, երբ կառուցապատողն սկսում է աշխատանքները, բավականին ծավալուն պրոցես է անցնում։ Աշխատանքն սկսվում է էսքիզային նախագիծ կազմելուց, որը մեր դեպքում կազմվել է ճարտարապետների լուրջ խմբի կողմից, եւ ի սկզբանե սեփականատիրոջ կողմից խնդիր է դրված եղել, որ ցանկացած կառուցապատում, ձեւափոխություն պետք է չազդեն կինոթատրոնի շենքի տեսքի վրա։ Այնուհետեւ այդ ամբողջ փաստաթղթերը ներկայացվում են քաղաքապետարանի համապատասխան բաժիններ, որտեղ գլխավոր ճարտարապետի հետ ուսումնասիրում են դրանք, այնուհետեւ նոր տալիս են իրավունք՝ կատարել նախագծային աշխատանքներ։ Դրանից հետո կազմվում է բուն շինարարական նախագիծը, որը նույնպես, բացի քաղաքապետարանից, անցնում է մի քանի ատյաններով, համաձայնեցվում է, նոր միայն տրամադրվում է շինթույլտվություն։ Մենք այս պրոցեսն անցել ենք՝ ինչպես կարգն է պահանջում, նվազագույնը 2 ճարտարապետների խումբ այս պրոցեսում արդեն իսկ ներգրավված է, եւ որոնց գերխնդիրն է՝ թույլտվություն տալուց առաջ պատասխանել հենց այդ հուզող հարցերին՝ արդյոք շենքի տեսքի հարցում ինչ-որ փոփոխություն արվո՞ւմ է, թե՞ ոչ»։

Նախագծող ճարտարապետ Հրաչ Պողոսյանի հետ չհամագործակցելու պատճառներ կա՞ն, նրան ներգրավելու փորձեր չե՞ն արել վերականգնման աշխատանքների մեջ։ «Բարեկարգման այս պրոցեսներում իր ներգրավվածության մասին ես տեղեկություն չունեմ։ Հետո՝ այս պահին իրեն ներգրավելու կարիք չեմ տեսնում, որովհետեւ բարեկարգում ենք իրականացնում եւ շենքի ճարտարապետական տեսքի հետ կապված ոչ մի աշխատանք չենք իրականացնում, որպեսզի իրեն ներգրավեինք»։ Ինչ վերաբերում է տոնավաճառին, «մոլին», տարատեսակ բուտիկներին, ապա տոնավաճառը գործում է 20 տարուց ավելի․ «Շենքի մեջ իրականացվել է ուղղակի կոսմետիկ վերանորոգում, ինչ վերաբերում է «Ռոսիա մոլի» առաջին մասնաշենքին, այն շենքին կպած չէ եւ բավականին հեռու է»։

Հայկ Բաղրամյանին հատկապես նեղացրել է այն հանգամանքը, որ նամակում «Այրարատ» կինոթատրոնի շենքը, որը բարեկարգում են, այսօր դրվում է այն շենքերի կողքին, որոնք արդեն գոյություն չունեն։ «Ավելին՝ բաժնետերերի կողմից որոշում է կայացվել, քանի որ նախկինում այն կինոթատրոն է եղել, ապա նորից այդտեղ պետք է գործի կինոթատրոն»,-ասաց նա։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X