ՇՄ կրթության վարչության պե՞տ, թե՞ ՇՊՀ պրոռեկտոր. պաշտոն Գրիշա Վիրաբյանի կնոջը

Մեզ հասած տեղեկություններով՝ ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանի կնոջը՝ լրագրող Հասմիկ Ստեփանյանին, նոր կառավարությունը Շիրակի մարզում լուրջ պաշտոն է խոստացել: Եվ մեր ունեցած տեղեկություններով՝ ԿԳ նախարարությունում քննարկվում է Հասմիկ Ստեփանյանին Շիրակի մարզի կրթության վարչության պետի պաշտոնը վստահելու հարցը կամ նրա նշանակումը Շիրակի պետական համալսարանի պրոռեկտոր՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի փոխարեն:

Երկու դեպքում էլ այս նշանակումները իրատեսական են: Շիրակի մարզի Կրթության վարչության պետը Հանրապետական կուսակցության, «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամ Հրայր Կարապետյանն է, որն այդ պաշտոնը ժառանգեց Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանից: Անահիտ Ֆարմանյանին էլ վերջերս աշխատանքից ազատեց արդեն նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը: Մեզ հաջողվեց կապ հաստատել Վիրաբյանի կնոջ՝ Հասմիկ Ստեփանյանի հետ եւ ճշտել նրանից լուրերի իսկությունը:

«Չգիտեմ, թե որտեղից են լուրերը տարածվել, միայն կասեմ, որ աշխատանքիս փոփոխության հետ կապված մտորումներ կան, պարզապես այս պահին նպատակահարմար չեմ գտնում ավելին ասել»: Տիկին Ստեփանյանին խնդրեցինք հստակեցնել՝ առաջարկ կրթության նախարարությունից եղե՞լ է, թե ո՞չ: «Պաշտոնապես ոչինչ չկա, բայց եթե լինի էլ, առանց ավելորդ համեստության պետք է ասեմ, որ այդ ոլորտն ինձ հոգեհարազատ է եւ ունեմ բավականաչափ փորձ: 2008-ից աշխատել եմ Ֆ.Նանսենի անվան մանկատանը՝որպես դաստիարակ, այնուհետև՝ սոցաշխատող, տնօրենի օգնական, սեփական կամքով մեկնել է սահմանամերձ գոտի՝ Մեղրիի Նռնաձոր գյուղ ու այնտեղ աշխատել եմ կամավոր հիմունքներով:

Վերադառնալով անցել եմ աշխատանքի Գյումրու թիվ 38 դպրոցում: Հետո տարաձայնություններ ունեցա ՇՄ կրթության վարչության պետ Սահակ Մինասյանի հետ եւ ստիպված եղա թողնել ոլորտը»:

Մեր հարցին, թե ո՞ր պաշտոնում է իրեն տեսնում, պատասխանեց. «Ես ՇՊՀ շրջնավարտ եմ եւ մեծ հարգանք ունեմ դասախոսական կազմի հանդեպ, կարծում եմ՝ արդարացի կլիներ, որ տիկին Ֆարմանյանը հետ վերադառնար, իսկ եթե ոչ, ավելին այս պահին չեմ կարող ասել: Կարող եմ ձեր կասկածները փարատել նաև՝ ասելով, որ չի բացառվում, որ նոր աշխատանք գտնեմ մայրաքաղաքում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Գրիշա Վիրաբյանի կնոջ խոսքերից կարելի է ենթադրել, որ նրան առաջիկայում կարող ենք տեսնել նաև ԿԳ նախարարությունում: Ուշագրավ է, որ օրերս hraparak.amանդրադարձել էր Գրիշա Վիրաբյանի պատմությանը: Հեղափոխությունից հետո ՀԺԿ նախկին անդամը հեղափոխվել է եւ այլեւս չի բողոքում ոստիկանների դեմ, ավելին՝ իրեն խոշտանգելու մեջ մեղադրվող երկու ոստիկանի մասով էլ բողոքը հետ է վերցնելու:

Հիշեցնենք, որ 2012 թ. ՄԻԵԴ կայացրած վճռով՝ Հայաստանի կառավարությունը պարտավորվել է 31 հազար եվրո գումար վճարել Գրիշա Վիրաբյանին, որից 25 հազար եվրոն` որպես բարոյական վնասի փոխհատուցում, իսկ 6 հազար եվրոն` դատական ծախսերի: ՄԻԵԴ-ը նաև պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը՝ վերաբացել հայաստանյան դատարաններում այդպես էլ լիարժեք քննություն չանցած աղմկահարույց գործը և պատժել 2004-ին ընդդիմության հանրահավաքների մասնակից Գրիշա Վիրաբյանին դաժան ծեծի ենթարկած ու խոշտանգած ոստիկաններին: Ծեծի հետևանքով նրա սեռական օրգաններն էին վնասվել։

Լուսանկարը՝ Հասմիկ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X