Հայաստանում նախեւառաջ պետք է զարգանա ճյուղային գիտությունը

Էլեկտրամեկուսացման եւ կաբելային տեխնիկայի մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, Ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ, Սովետական Միության գյուտարար Լիպարիտ Աթաբեկյանը մտահոգված է ՀՀ-ում ճյուղային գիտության զարգացմամբ։ Նա նկատում է, որ 49 ճյուղային գիտինստիտուտ է եղել Սովետական Միության ժամանակ՝ Հայաստանի մասշտաբով, որից այսօր մնացել է մի քանիսը․ «ՀՀ-ում պետք է զարգանա ճյուղային գիտությունը տարբեր ուղղություններով, պետք է ստեղծվի թեկուզ ճյուղային մեկ գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ ճյուղային խմբեր աշխատեն։ Բոլոր ինստիտուտների շենքերը քանդում են, ծախում, փող աշխատում, դա ի՞նչ է նշանակում, ճյուղային ինստիտուտներն ինչո՞ւ են վերացրել, ո՞վ է դրա մեղավորը՝ գիտության, կրթության նախարարը՝ մեկ, վարչապետը՝ երկուս, թագավորը՝ երեք։ Ես այսօր իմացա, որ պաշտպանության նախարարության համար ստեղծում են գիտինստիտուտ, ի՞նչ պիտի անի այդ գիտինստիտուտը։ Այդտեղ էլ են ուզում փող մաշկել։ Ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում, դրա տեղը պետք է ստեղծել ճյուղային փոքրիկ գիտահետազոտական ինստիտուտներ՝ բոլոր ուղղություններով»։

79-ամյա Լիպարիտ Աթաբեկյանը 43 տարի գիտության մեջ է եղել, աշխատել է Երեւանի կաբելային արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտում, եղել է գիտության գծով փոխտնօրենը, 6 տարի իր տղաների հետ կաբելային արտադրություն է կազմակերպել, որը կոչվել է «Լիպարկաբել»․ «Իմ ստեղծած կաբելային շինվածքները մինչեւ այսօր արտադրում են Ռուսաստանում՝ իմ անունով կաբելի գործարանում։ Ճյուղային գիտությունների վրա Սովետմիության ժամանակ ավելի շատ ներդրումներ են արել, քան թե ամբողջ ակադեմիան։ Ակադեմիան թեորիա է ստեղծում, բայց, որպեսզի ներդրվի արտադրության մեջ, դա ճյուղային գիտինստիտուտներն են անում, բայց Կաբելային արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ ես աշխատում էի, փակվեց, վաճառվեց ռուսին, ռուսն էլ ծախեց հային»։

Գիտության ֆինանսավորումը չնչին մակարդակում է, ամեն տեղ կրճատումներ են արվում, բայց ճյուղային գիտինստիտուտները պետք է ֆինանսավորվեն, որպեսզի գիտությունն ընդհանուր զարգանա․ «Մալուխային արտադրություն կա, բայց գիտություն չկա։ Ի՞նչ էներգետիկ էլեկտրիկ, որ կաբելի մասին գաղափար չունի․ դա հանցագործություն է։ Արտադրության մակարդակում մեր գիտությունը գրեթե զրոյական վիճակում է, թեորեապես մենք լավ գիտնականներ ունենք եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ դրսում, սակայն այդ ներուժը կենտրոնացված չէ Հայաստանում»։

Այն, որ 2017-ին ԳԱԱ-ի գիտական աշխատանքների ֆինանսավորման համար պետբյուջեից հատկացվել է 7 մլրդ դրամ, Աթաբեկյանին հետաքրքրում է այնքանով, թե ինչ ուղղություններով է դա բաշխվել․ «Այդ միջոցները որ տրվում են, պետք է տրվեն հիմնական ուղղություններով, որը պետք է մեր պաշտպանությանը, գիտությանը, արտադրությանը։ Էլեկտրատեխնիկական արտադրության մեջ մենք 3-րդ տեղում ենք եղել Սովետմիության ժամանակ, հիմա վերջին տեղում էլ չենք, էլեկտրականության հետ կապված ցանկացած բնագավառ պետք է առաջ գնա, այդ թվում՝ կաբելային տեխնիկան։ Գիտությունը պետք է ներդրվի համապատասխան համալսարաններում, բայց այդ համալսարաններն էլ գիտության գծով չեն ֆինանսավորվում, եւ չկան այն գիտնականները, որ խորհուրդ տան, թե ինչ թեմայով արվի»։

Լիպարիտ Աթաբեկյանը 25-26 գյուտի հեղինակ է։ Իր 2 գյուտերը ներդնելու համար 2 անգամ Սովետական Միությունից ստացել է 20 հազարական ռուբլի։ ՀՀ-ի համար ստեղծել է 10-րդ գյուտը՝ նվիրված տաքացնող հաղորդալարերի տեխնոլոգիային․ «Կանչեցին ասեցին, որ պետք է փող վճարեմ, քանի որ այդ գյուտերի համար տարեկան որոշակի գումար պետք է վճարես՝ որպես քո մտավոր սեփականություն, ինչը հանցագործություն է, դրա համար նվիրեցի ՀՀ-ին։ Ես ստեղծել եմ հրակայուն կաբելի պատենտ ՀՀ-ի համար, այդպիսի գյուտը պետք է միանգամից ներդրվեր արտադրության մեջ, բայց ոչ ոք չի ուզում ֆինանսավորել դա։ Մինչդեռ իմ ստեղծած բոլոր հաղորդալարերն արտադրվում են ՌԴ-ում»։

Վերջին 7 տարին աշխատել է Պոլիտեխնիկական ինստիտուտիէլեկտրատեխնիկական ֆակուլտետում՝ որպես ավագ դասախոս։

Գյուտարար գիտնականը 2 տարի է արդեն՝ չի աշխատում ոչ մի տեղ, ասում է՝ եղել են տարբեր առաջարկներ, ընդհուպ տարբեր կուսակցություններից, բայց չի ընդունել ոչ մեկը, ասել է, որ մի կուսակցություն ունի՝ ԱԼԳ-ն՝ «Աթաբեկյան Լիպարիտ Գարեգինի»։ Աթաբեկյանը պատրաստակամ առաջարկում է իր ծառայություններն ու խորհուրդները, որպեսզի համատեղ ջանքերով առաջ տանեն ճյուղային գիտությունը Հայաստանում։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X