Մաքուր ձեռքերով մարդկանց ղեկավարությամբ կարելի է հասնել աննախադեպ հաջողությունների

Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի բյուրոյի անդամ, Հրազդանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Դավիթ Հարությունյանը լիահույս է, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններն իրենց արդյունքը կտան, եթե նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացնի այն, ինչ խոստացել է, ապա Հայաստանը կընթանա զարգացման ճանապարհով։ «Ընդունված է ասել, որ ցանկացած ժողովուրդ արժանի է իր իսկ ստեղծած կառավարությանը: Առանձնապես վերջին 28-30 տարիների ընթացքում մեզ մոտ խախտվել է այդ բնորոշումը: Մեր քրիստոնյա, արդարամիտ, աշխատասեր ու տաղանդավոր ժողովրդի հարցում չգործեց այդ բնորոշումը: Ժողովուրդը խաբվեց եւ կորցրեց ոչ միայն իր ստեղծած տնտեսությունը, այլեւ, զրկվելով բնականից մարդուն տրված ամենամեծ արժեքից` աշխատանքի իրավունքից, թողեց իր դարավոր բնօրրանը եւ պանդխտության ցուպը բռնեց: Ամենակարեւորն այն է, որ մեր ժողովրդի կողմից ընտրվեն նվիրյալ, ազգասեր, փորձառու, բանիմաց եւ «մաքուր ձեռքերով» ղեկավարներ` երկրի կառավարման տարբեր մակարդակներում: Կարծում եմ՝ այս դեպքում անիվը կպտտվի, սայլը տեղից կշարժվի: Իսկ եթե այնպիսի մարդկանց ընտրեն, ովքեր նորից նույնը կանեն, մարդիկ ավելի շատ կհիասթափվեն: Համոզված ենք, որ ճիշտ տնտեսական հաշվարկների ու «մաքուր ձեռքերով մարդկանց» ղեկավարությամբ կարելի է հասնել աննախադեպ հաջողությունների: Ի՞նչ կարծիք ունենք կոմունիստներս. ցանկացած շարժման, ժողովրդական ընդվզումների կողքը կանգնած կլինենք, եթե իրոք այն մեր բազմաչարչար ժողովրդին պետք է բերի իրական սոցիալական արդարություն, աշխատանք, անվճար կրթություն, անվճար առողջապահություն»,- ասաց Հարությունյանը: ՀԿԿ ներկայացուցիչը կարեւորեց Հայաստանում արդարության վերականգնումը, իսկ դրա համար, ըստ նրա, մարդը պետք է ծնված օրվանից լինի պետական վերահսկողության տակ։ «Կրթությունը, առողջապահությունը, հատկապես ռազմական նշանակության գործարանները, պետք է լինեն պետական վերահսկողության տակ, եթե այս հարաբերությունները կարգավորվեն: Սա զարգացող երկրի համար նորմալ ուղեցույց է»,- ասաց Հարությունյանը: Նա առաջարկում է նաեւ կրճատել նախարարությունների թիվը եւ վերանայել մարզպետների ինստիտուտը: Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղարը նշեց, որ Հայաստանի կոմկուսը 1994 թվականից մասնակցել է ընտրություններին եւ այս անգամ նույնպես պատրաստ է մասնակցել արտահերթ ընտրություններին:

«Իհարկե, եթե մաքուր ընտրություններ լինեն, Կոմունիստական կուսակցությունը՝ Հայաստանը կառուցած կուսակցությունը, կմասնակցի ընտրություններին: Նոր սերունդն ինչպե՞ս կարող է մոռանալ մեր կառուցած գործարանները: Եթե չլիներ դավաճանությամբ աշխարհի գերհզոր երկրներից մեկի՝ ԽՍՀՄ-ի փլուզումը, որի փլատակների տակ մնաց մեր փոքրիկ երկիրը, ապա հիմա մենք 6-7 միլիոն բնակչությամբ, հզոր արդյունաբերությամբ, ժամանակակից գյուղատնտեսությամբ, ծաղկող սոցիալական ինֆրաստրուկտուրայով երկիր կլինեինք: Ինչեւէ՝ ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Հարությունյանը: Նա նշեց, որ կոմունիստները միշտ հետեւել են հանրապետությունում տեղի ունեցող ամեն տեսակի զարգացումներին. «Այս շարժումը յուրահատուկ էր, սա ազգային զարթոնքի շարժում էր: Փառք Աստծո, ամեն ինչ խաղաղ ու առանց արյունի անցավ: Մեծ ցանկություն ունեմ, որ այս շարժումը ժողովրդի նպատակին ծառայի` իրոք արդարություն երկրում հաստատվի, աշխատատեղեր բացվեն, փոխվստահության մթնոլորտ ստեղծվի: Մնայուն մի բան աշխարհում չկա, ուսադիր կրող բարձր պաշտոնյա, աթոռին նստած՝ մի քիչ մարդ մնա»։ Այս խոսքերով էլ եզրափակեց Դավիթ Հարությունյանը:

Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մեկնաբանություն
X