Վերջ տվեք ձեր հեղափոխական իրավապահությանը

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ մեթոդներով ու հնարքներով հնարավոր դարձավ իշխանափոխությունը Հայաստանում: Խայտառակ իրավիճակը, որը, մի կողմից, ցուցարարների «դուխով» լինելու, իսկ մյուս կողմից՝ ոստիկանության թողտվության հետեւանք էր, չի կարող հիմք ծառայել, այսպես ասած, հակահեղափոխականների գործողությունների կապակցությամբ շինծու գործեր հարուցելու համար: Էլ ո՞նց կլինի, Նիկոլն ասել է` հայտնաբերեք ցուցարարների ավտոմեքենաները վնասողներին եւ դատեք: Իսկ ո՞վ պետք է դատի 3-5 տարեկան երեխայի ականջի տակ սիգնալ տվող ցուցարարներին, ո՞վ պետք է դատի «անպատժելիության» քարտ բլանշ ստացած փողոց փակողներին, որոնց պատճառով հիվանդ, ծեր, հղի, օդակայան շտապող քաղաքացիներ ժամերով մնացել են փողոցներում, ո՞վ պետք է դատի այն անասուններին, որոնք մանկասայլակներով կանանց հանել են ոստիկանության ու կարմիրբերետավորների շարքերի դեմ: Ո՞վ պետք է դատի պարոն Օսիպյանին, որ ոստիկանապետ է դարձել միայն այն բանի համար, որ կատարյալ անգործություն է ցուցաբերել: Օսիպյանը մեղք չունի՞, որ չի կարողացել խոչընդոտել այն բախումներին, որոնց ժամանակ, վախ, վախ, վախ, ցուցարարների մեքենաներ են վնասվել:

Հիմա սա ի՞նչ միակողմանի մոտեցում է: Ի՞նչ տրամաբանությամբ եք փորձում քրեական գործ հարուցել այն երիտասարդի դեմ, ով խնդրել է ճանապարհը բացել, որովհետեւ տեղ է շտապում, կամ մեքենայի մեջ հղի կին կա, ու չեն բացել ճանապարհը: Լավ է արել, եթե ջարդել ու վնասել է այդ բիրդան ցուցարարի ավտոմեքենան: Ասում եք՝ վիճակը հեղափոխական է եղել, ժողովրդին նեղություն է պատճառվել: Նեղություն պատճառողը չգիտի՞, որ «մեծ գործերը» մեծ զոհեր են պահանջում: Գնացեք, ինքներդ էլ քաշեք ձեր վնասները, ինչո՞ւ պետք է քաղաքացին դատվի ձեր պատճառած նեղության համար:

Նման գործերի հարուցումը ոչ այլ ինչ է, եթե ոչ հաշվեհարդար այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ընդհանրապես կապ չունեն այս քաղաքական ֆարսի հետ, որի անունը, չգիտես ինչու, հեղափոխություն են դրել: Ավելին ասեմ՝ քննություն պետք է սկսել՝ պարզելու համար այս ամեն ինչի խորքը, որի մասին հասարակ ժողովուրդը, այդ թվում եւ հարյուր հազարավոր ցուցարարներ, բառացիորեն պատկերացում չունեն:

Ինչպե՞ս են մտածում մեր իրավապահները: Ուրեմն, եթե Սերժ Սարգսյանն ասաց` Նիկոլը ճիշտ է, ու գնաց, բոլորը պետք է վազեին Նիկոլի մո՞տ: Սա ի՞նչ մոտեցում է, ինչո՞ւ պետք է քրեական հանցագործ կոչվեն այն մարդիկ, ովքեր իրենց ազատ տեղաշարժվելու կամ առողջության իրավունքն են պաշտպանել, որովհետեւ ոստիկանությունը պարզապես թքած ուներ այդ մարդկանց վրա:

Համաներում ենք հայտարարում այդ օրերին երթեւեկության կանոնները խախտողների նկատմամբ: Փայլուն միտք է: Իսկ ինչո՞ւ համաներել նրանց եւ դատել այն մարդկանց, որոնք ցուցարարներից պահանջել են փողոցի լայնքով կայանած ավտոմեքենաները հեռացնել եւ բացել ճանապարհը: Պարոն Օսիպյան, սա խայտառակություն է: Իմ անձնական ավտոմեքենան Մանկավարժական համալսարանի մոտ փչացրել է ցուցարարների վարձած տաքսին (տաքսիով ցուցարար` մարդու ծիծաղ էլ է գալիս): Ո՞վ պետք է փոխհատուցի: Համարը փակ էր, ուղեւորներն էլ գոռում էին՝ միացիր: Այդպես էլ Հայաստանի դրոշներով փախան, գնացին: Հիմա որտե՞ղ գտնեմ նրանց եւ, եթե գտնեմ, վնասը կհատուցե՞ն:

Հարգելի անկախ եւ հպարտ իրավապահներ, խնդրում եմ, վերջ տվեք այս հեղափոխական իրավապահությանը եւ մի խայտառակվեք երկրորդ անգամ:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X