Կօժանդակե՞ն Փաշինյանին, թե՞ ոչ. սա է խնդիրը

Առաջիկա մի քանի օրերի ընթացքում` ընթացիկ շաբաթվա վերջից մինչեւ հաջորդ շաբաթվա կեսերը, էական քայլեր կկատարվեն Փաշինյանի իշխանության հանդեպ Վաշինգտոնի, Բրյուսելի եւ Մոսկվայի դիրքորոշումների հստակեցման կամ որդեգրման ուղղությամբ:

Որքան էլ Հայաստանում հանրահավաքային շարժման մասնակիցներն իրենց համոզեին, թե աշխարհը զբաղված է իրենց հետեւելով եւ նույնիսկ հիանալով, իրականության հետ դա քիչ կապ ուներ: Իհարկե, միջազգային լրատվամիջոցները հաղորդում էին հայաստանյան իրադարձությունների մասին, բայց ամեն օր էլ այդ լրատվամիջոցները հաղորդում են տասնյակ իրադարձությունների, զարգացումների, ֆորսմաժորների, անակնկալների ու մնացյալի մասին: Տեղեկությունների անդադար հոսքի մեջ հաղորդվում են եւ անցնում՝ անծանոթ անձանց աչքում մեծ բան չփոխելով:

Ինչ խոսք, եթե մի օր հաղորդվի, դիցուք, Հյուսիսային Կորեայում ծայր առած ցույցերի կամ Իրանում իշխանափոխության մասին, դրան բոլորն ուշադրության կդարձնեն, քանի որ բոլորի մոտ իշխում է համոզմունքը, որ նման զարգացումներ լինել ուղղակի չեն կարող: Իսկ մնացյալ աշխարհում՝ Վենեսուելայում բողոքներ ու զոհեր կլինեն, թե Լիբանանում՝ ընտրություններ, Հայաստանում ցույցեր կանեն, թե Իրաքում շիաները կհաղթեն` հերթապահ թեմա ու լուսաբանում է, ինչի վրա առանձնապես ուշադրություն չի կենտրոնանում:

Հենց դա էլ բացատրում է երեւույթը, թե ինչու Փաշինյանի ընտրությունից հետո միջազգային մայրաքաղաքների մեծ մասում սպասեցին մինչեւ նրա կառավարության կազմավորումը եւ հետո միայն շնորհավորանքներ ուղարկեցին: Շնորհավորանքներում էլ որեւէ անդրադարձ, առավել եւս՝ դրվատանք «թավշյա հեղափոխության» կամ նրա առաջնորդի մասին չկար: Հիմնականում գոհունակություն էր հայտնվում լարվածության խաղաղ եւ սահմանադրական (գոնե արտաքուստ` սահմանադրական) հանգուցալուծման կապակցությամբ: Այնուհետ տրվում էին հավաստիացումներ, որ Հայաստանի հետ հարաբերությունները կշարունակվեն, որպես կանոն` այն համաձայնագրերի եւ պայմանավորվածությունների շրջանակում, որ ՀՀ նախորդ կառավարություններն էին ձեռք բերել։

Շնորհավորական ուղերձներում չկային ո՛չ ապագայի վերաբերյալ խոստումներ, ո՛չ հարցերի քննարկման առաջարկներ, ո՛չ Փաշինյանին ուղղված այցելության հրավերներ: Միայն ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի կողմից Փաշինյանի հետ հեռախոսազրույցում արված հրավերի մասին էր հաղորդվել, բայց Մոգերինիի իրավասությունն ու մակարդակն ԱԳ նախարարների հրավիրելն է` ոչ պետության կամ կառավարության ղեկավարների: Մոգերինիի հեռախոսազրույցի հաղորդումից հետո հաջորդ օրը տարածվեց Յունկերի եւ Տուսկի համատեղ շնորհավորական ուղերձը, դրանում էլ արդեն Բրյուսել այցելելու հրավեր չկար: Նման չեզոքությունից կարելի էր եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժումը նրա համար որեւէ դուռ չի բացել որեւէ մայրաքաղաքում: Նրա հանդեպ բոլորն էլ քաղաքավարի են, բայց՝ սպասողական դիրքորոշմամբ եւ նախընտրում են հեռու մնալ։

Անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հենց ընտրության օրը Փաշինյանին շնորհավորելուց եւ Սոչիում գումարված ԵԱՏՄ գագաթնաժողովում էլ անձամբ ծանոթանալուց հետո, որքան կարելի է հասկանալ, միայն տեսախցիկների առջեւ էր Փաշինյանի հետ խոսել: Մինչդեռ ենթադրելի է՝ անհամար հարցեր կգտնվեին տեսախցիկներից դուրս քննարկելու: Եթե այդ հարցերը Փաշինյանի հետ չէին քննարկվում, վերջը Հայաստանը ներկայացնող մեկի հետ պիտի քննարկվեին: Բոլորովին էլ զարմանալի չէ, որ ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանին երեկ հրավիրել են Մոսկվա` երկկողմ հարաբերություններում առկա հարցերը քննարկելու` չհասնելով կամ շրջանցելով Փաշինյանին:

ԱՄՆ-ն էլ ավելի ցածր մակարդակով է սկսել Փաշինյանի կառավարության ու քաղաքականության հետ ծանոթանալը: Այս շաբաթվա վերջին Հայաստան է ժամանում Բրիջիտ Բրինքը` ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալը (DAS EUR): Տիկին Բրինքն ամեն տարի, եթե ոչ տարին մեկ-երկու անգամ, լինում է Հայաստանում, գոնե վերջին երկու-երեք տարիներին այդպես է եղել: Նա Հայաստանում շփվել է եւ ճանաչում է համարյա բոլորին, ում հարկավոր է` իշխանություն, ընդդիմություն, կուսակցություններ, ՀԿ-ներ, փորձագետներ, լրագրողներ եւ այլն: Հետեւաբար, Փաշինյանը նրան ավելի քան ծանոթ մեկը պետք է լինի, ում հետ խոսակցությունը սպասելի է, որ միանգամայն առարկայական բնույթ կրի եւ կանխորոշի ԱՄՆ-ի վերաբերմունքը հայաստանյան զարգացումների եւ Փաշինյանի կառավարության հանդեպ։ Մեծ հաշվով, Բրինքի հետ հանդիպումից է կախված ԱՄՆ-ի վերաբերմունքը Փաշինյանի պաշտոնակալությանն ու կառավարությանը:

Ֆրանսիայից էլ հաջորդ շաբաթ Հայաստան է ժամանում այդ երկրի ԱԳ նախարարը, ում այցը ճանաչողական կլինի: Իհարկե, պրն Ժան Իվ լը Դրիանը Բրիջիտ Բրինքի նման Հայաստանը չի ճանաչում, բայց դարձյալ նրա տպավորությունից ու եզրակացություններից կախված կլինի Փաշինյանի կառավարության հանդեպ Ֆրանսիայի վերաբերմունքը։

Արդյոք Վաշինգտոնը, Փարիզը եւ Մոսկվան կորոշե՞ն Փաշինյանին օժանդակել, թե՞ կխրախուսեն արտահերթ ընտրությունների գնալ ու մինչ այդ չեզոքություն կորդեգրեն, կախված է համարյա միաժամանակ իրականացվող այս զոնդաժային այց-հանդիպում-քննարկումների արդյունքներից: Ի վերջո, Փաշինյանն ու իր կողմնակիցները որքան էլ իրենց ժողովրդավարության ռահվիրաներ ներկայացնեն, նրանց իրականացրած իշխանափոխությունն օխլոկրատիայի դաշտում է, եւ դա չէր կարող չստեղծել խնդիրներ` լեգիտիմությունից մինչեւ միջազգային համագործակցություն:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X