Բողոքի ակցիա «Առողջ սունկ» ընկերության դեմ․ տեսանյութ

Կոտայքի Բյուրեղավանի համայնքապետարանի դիմաց քաղաքի բնակիչները, Նուռնուսի ամառանոցների սեփականատերերը կազմակերպել էին բողոքի ակցիա «Առողջ սունկ» ընկերության Բյուրեղավանի արտադրամասի դեմ: Բնակիչները դժգոհում էին տարածած գարշահոտության դեմ: Նրանց պնդմամբ՝ արտադրամասի գործունեության արդյունքում իրենք չեն կարողանում հանգիստ շնչել եւ օգտվել սեփական այգիներից:

Անտանելի հոտի պատճառով բնակավայրում ապրելը դարձել է անհնար: Տեղացիների խոսքով՝ գարշահոտը հիմնականում տարածվում է վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան, կախված է նաեւ քամու ուղղությունից. «Գարշահոտությունը հիմնականում տարածվում է երեկոյան 7-8-ից հետո, շնչել չի լինում: Բողոքել ենք, ժամանակին մեծ ցույց ենք արել, փոփոխություն չկա, - ասաց Բյուրեղավան քաղաքի բնակիչը,- մենք չենք ուզում փակել գործարանը, բայց թող տեղափոխվեն, ո՞նց է կարելի բնակելի վայրում այսպիսի արտադրություն դնել: Քանի տարի է այս նույն հարցը բարձրացնում ենք, սակայն ոչ մեկը ականջալուր չի լինում»:

Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը հանդիպեց ակցիայի մասնակիցներին, կրկին լսեց նրանց և վստահեցրեց, որ հարցը մեկ անգամ ևս կներկայացվի նոր ձևավորված կառավարությանը: Համայնքի ղեկավարը խնդրեց բոլոր մասնակիցներին գործողությունները կատարել օրենքի, օրինականության շրջանակներում:

Մայիսի 25-ին Բյուրեղավանի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի գործարանի հետ կապված խնդիրները:

Մեկնաբանություն
X