Հասարակություն

Վանեւանում գյուղապետ կընտրեն

2018-ի հունիսի 10-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 19 համայնքներում: Նշված համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 7 համայնքում` ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Համայնքի ղեկավարի թեկնածուների մեծ մասն անկուսակցական է, խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն ունի ընդամենը 4 թեկնածու, որոնցից երկուսն առաջադրվել են նույն համայնքում: Եվս 4 թեկնածու առաջադրել է ԲՀԿ-ն, որոնցից միայն մեկն է կուսակցության անդամ:

Մեկական թեկնածու առաջադրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է համայնքի գործող ղեկավար անկուսակցական Ահարոն Խաչատրյանը: Գեղարքունիքի մարզի Վանեւան համայնքում ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 2 թեկնածուներ՝ համայնքի գործող ղեկավար անկուսակցական Նորայր Հարությունյանը և անկուսակցական Էմին Սարգսյանը, որի թեկնածությունն առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Վանեւան համայնքը ունի 340 բնակիչ: 1996թվ-ից Նորայր Հարությունյանի ղեկավարած համայնքը ունի բազմաթիվ խնդիրներ՝ համայնքը գազաֆիկացված չի, չունի գիշերային լուսավորություն եւ մանկապարտեզ:

Ըստ Հարությունյանի՝ խնդիրները չեն լուծվել, քանի որ համայնքը բնակչության քանակով քիչ է, եւ կառավարության կողմից հատկացված դոտացիայով հնարավոր չի համայնքում որեւէ խնդիր լուծել.«Այս տարիների ընթացքում միայն Խմելու ջրի ծրագիր ենք իրականացրել 12.6կմ երկարությամբ Ծովակ, Լուսակունք, Վանեւան համայնքներում: Համայնքը բյուջե չունի, պետությունից ստանում է ֆինանասավորում 4մլն. 270 հազար դրամ է: Վերջին 2 տարիներին հարկերը ու տուրքերը հազիվ կարողանում ենք 70% հավաքագրել: Գազ չունենք, գազի խողովակը անցնում է հենց գյուղի միջով: Բազմիցս ներկայացրել ենք, որ գյուղը գազաֆիկացնեն, բայց գազպրոմից ասել են, որ փոքր համայնք է, շահույթաբեր չի, դրա համար էլ այդքան գումար չենք ծախսի: Գյուղում չկա փողոցային լուսավորություն: Մանկապարտեզ չունենք: 2 գյուղերին 1 դպրոց է, որը գտնվում է Վանեւան համայնքում: Դպրոց հաճախում են 164 աշխակետ: Այս տարի ունենք 7 շրջանավարտներ: Գյուղապետարանի շենքը քարուքանդ է եղել, դիմել ենք մարզպետին, բայց ոչ մի լուծում էլ չի տրվել»,-մեզ հետ զրույցում ասաց Նորայր Հարությունյանը: Էմին Սարգսյանին իրեն մրցակից է համարում: Այն հարցին, բացի աշխատավարձից ի՞նչ եկումուտ կամ բիզնես ունի, Հարությունյանն ասաց. «Ինչպես գյուղացին, ես էլ վար ու ցանք եմ անում, որեւէ բիզնես չունեմ»: Փորձեցինք մի քանի հարց էլ ուղղել համայնքի ղեկավարի թեկնածու Էմին Սարգսյանին: Սակայն նա հրաժարվեց մեզ հետ զրուցելուց, պատճառաբանելով, որ շտապում է, ապա ասելով, որ մեր հարցերը իրեն գրավոր ուղարկենք:

Մեկնաբանություն
X