Կարտոֆիլ կա, տանող չկա. գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում

Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ խնդրի առաջ են կանգնել: Գյուղացիները այս տարի կարտոֆիլը չեն կարողանում իրացել. «Եթե մի քանի օր էլ իրացման հարց չլուծվեց, կարտոֆիլը կփչանա: Անցած տարի միչեւ 200 դրամ կարտոֆիլ ենք ծախել, այս տարի 80 դրամով չեն տանում: Պարտքերը չենք կարողանում փակել, մեր հույսը այս կարտոֆիլն էր, այն էլ չի վաճառվում»,-բողոքում էին գյուղացիները:

Վանեւան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքը եւս ունի խնդիր կարտոֆիլի մթերման հետ կապված. «50- 100 տոննա կարտոֆիլ կա համայնքում, որ չեն կարողանում մթերել գյուղացիները: Մի քանի օր առաջ գյուղնախարարությունից եկել էին, ժողով արեցին, գյուղապետերն էլ էին մասնակցում: Հիմա փորձում են այս հարց լուծել: Մեզ մոտ միայն կարտոֆիլ են ցանում, Արարատյան դաշտավայր չի, որ կարողանան այլ կուլտուրաներ ցանել կամ ծառեր տնկել: Մեր համայնքի բնակիչները այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ այս տարի 1 կգ պարատանյութ չեն կարողացել գնել, չնայած այն բանին, որ նախօրոք տեղեկացրել էին պարատանյութի մասին»:

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում այս պահի դրությամբ կա չիրացված 8 -10 հազար տոննա կարտոֆիլ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը եւս կարեւորեց այս հարցը: Թե ինչ քայլեր են ձեռնարկվում կարտոֆիլի իրացման ուղղությամբ, Համբարձումյանն ասաց. «Հրավիրել ենք ՀՀ գյուղնախարարի տեղակալին, բոլոր խնդիրներ ունեցող համայնքների ղեկավարներին՝ Գավառից դեպի Սարուխան, Մարտունիի եւ Վարդենիսի բոլոր համայնքներում առկա է այս խնդիրը: 8-10 հազար տոննա չիրացված կարտոֆիլ կա: Գյուղացին լավ կարտոֆիլը պահեստավորել է, որպեսզի գարունը կրկնակի վաճառի: Անցած տարի կարտոֆիլը թանկ էր, գյուղացին օգտվեց, այս տարի չի կարողանում անգամ իրացնել: Ո´չ կարտոֆիլ տանող կա, ո´չ ուզող կա: Մի քանի մեքենա ուղարկել են Ռուսաստան, այնտեղ էլ այս տարի կարտոֆիլը էժան ա: Այն կարտոֆիլը, որը հորերի մեջ է, լավ մնացել է, իսկ այն, որ նկուղներում է, լավ չի մնացել, 15 օր հետո կարտոֆիլը իր որակը կկորցնի: Աշուն 150 դրամ էր կարտոֆիլը, գյուղացիները չծախեցին՝ մտածելով գարունն ավելի թանկ կվաճառեն: Ահա հիմա էլ խնդրի առաջ են կանգնել: Բոլոր արտահանողներին հրավիրել են, ուսումնասիրում են իրենց հնարավորությունները, փորձում ենք օգնել բնակիչների»,-ասաց Համբարձում Համբարձումյանը:

Մեկնաբանություն
X