Վարազդատը հաղթանակը նվիրում է թավշյա հեղափոխությանը, Կարենը՝ սահմանապահ զինվորին

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի մարզիկ, մարզիչ Յուրի Սարգսյանի սան Վարազդատ Հակոբյանը եւ Գառնիկ Աբրահամյանի սանը` 17-ամյա Կարեն Առաքելյանը Ուկրաինայի Լուցկ քաղաքում գրանցեցին հերթական հաղթանակը: Վարազդատը Հակոբյանը /67.5կգ/ երկու վարժության արդյունքում բարձրացրել է 385կգ: Գրանցված արդյունքը բավական էր 3-րդ վարժությունը չկատարելու համար, նա նվաճեց 2 ոսկե մեդալ՝ դառնալով ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն:

Մեզ հետ զրույցում Վարազդատն ասաց, որ դժվարությամբ, բայց կարողացել են իրենց դեմ դրված խնդիրը կատարել. «Մի փոքր լարված էինք, քանի որ մեծ պատասխանատվություն էր դրված առջեւս: Չեմպիոն դառնալուց հետո չէի կարողանում հավատալ, որ հաղթահարել եմ այն շեմը, որն այդքան դժվարությամբ էի պատկերացնում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Գագիկ Սարոյանին, մարզիչ Յուրի Սարգսյանին, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանին, մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանին եւ Գեղամ Ավետիսյանին»:

Այն հարցին, թե ո՞ւմ է նվիրել հաղթանակը եւ ի՞նչ ծրագրեր ունի առաջիկայում, Վարազդատ Հակոբյանը պատասխանեց. «Դեռ չեմ մտածել ծրագրերի մասին: Կհանգստանամ եւ կշարունակեմ մարզումներս, հույս ունեմ, որ սա իմ վերջին հաղթանակը չի լինելու: Իսկ հաղթանակս նվիրում են թավշյա հեղափոխությանը»:

Նշենք, որ Վարազդատ Հակոբյանը 3 տարի է, ինչ զբաղվում է այս մարզաձեւով: Դեռեւս այս տարվա փետրվար ամսին սևանցի ծանրամարտիկ դարձավ Դյուցազնագրքի հերոս` պոկելով 260 կգ ծանրաձողը: Նա գերազանցեց իր իսկ կողմից դեռևս տարեմուտին սահմանած 230 և 250 կգ ռեկորդները:

17-ամյա Կարեն Առաքելյանը, ով շուտով կհամալրի հայոց բանակի շարքերը, իր հաղթանակը նվիրում է սահմանին կանգնած բոլոր զինվորներին. «Բարդ էր մրցակցությունը, բայց փորձեցինք անել անհնարինը, որ անպայման հաղթանակով ետ վերադառնանք: Բառերով չեմ կարող ասել, թե այդ պահը ինչ զգացի, երբ իմ անունը կարդացին: Կարող եմ միայն ասել, որ շատ ուրախ էի: Անակնկալ էր, երբ օդանավակայնում մեզ մեծ շուքով դիմավորեցին: Շարունակելու եմ մարզումները պատրասվելու եմ նորանոր հաղթանակների եւ ռեկորդների»:

Կարեն Առաքելյանը 3 վարժության արդյունքում գրանցել է 450կգ: Ձգում վարժության ժամանակ բարձրացրել է 200կգ, նվաճել ոսկե մեդալ, իսկ ընդհանուր արդյունքներով` արծաթե մեդալ:

Մեկնաբանություն
X