Արդեն սկսվել է

Խոսելով արտահերթ ընտրություններից՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը դրանց նպատակ է համարում առկա քաղաքական իրադրության վերջնական ամրապնդումը: Նրա հայացքով՝ ակնհայտ է, որ ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունը իր վստահությունը կամրապնդի նաեւ ընտրությունների արդյունքներում եւ կշարունակի իր ծրագրերի իրականացումը:

Սա ինչ-որ բան է հիշեցնում՝ ինչպես էին հանրապետականները վստահեցնում, որ առաջիկա մի քանի տարիներին իշխանությունն անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով: Չլիներ այդ չչափակշռված ինքնավստահությունը, ՀՀԿ-ն կունենար երկրի սոցիալ-տնտեսական եւ բորոյահոգեբանական իրավիճակը ճիշտ գնահատելու սթափություն, եւ բանը չէր հասնի համաժողովրդական ընդվզման եւ, ի վերջո, իշխանափոխության:

Նորերի համար դա պետք է զգաստացնող դաս լինի: Մինչդեռ, ինչպես հասկացվում է նախարարի խոսքից, Հայաստանում իշխանության հարցն առաջիկա տարիների կտրվածքով նրանք համարում են մեկ անգամ եւ հիմնավորապես լուծված: Այդպես, ըստ երեւույթին, կարելի է միայն իրականության դիմաց շլանալ, որովհետեւ ի՞նչ երաշխիք, որ վեց ամիս կամ մեկ տարի հետո ժողովուրդն իր վստահության քվեն առավելապես տալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը կամ նրա գլխավորած դաշինքին:

Նման համարձակ կանխատեսում ոչ ոք չի կարող անել եւ չպետք է անի: Իսկ եթե ծագում է հարցի պատասխանելու անհրաժեշտություն, ապա կարելի է բավարարվել ընդհանուր բնույթի ձեւակերպումներով կամ ուղղակի ասել, որ հեղափոխական կառավարությունը դեռեւս գործով պետք է ապացուցի, որ արժանի է ժողովրդի մեծամասնության վստահությանը, իսկ մնացածը պարզ կլինի արտահերթ ընտրությունների արդյունքներից:

Թե չէ արդեն սկսվել է քարոզչություն, որ ազգային փրկության միակ ճանապարհը ԵԼՔ-ի մատնանշածն է, իսկ ով դրան կասկածում է, մոլի հակահեղափոխական եւ ռեւանշիստ է:

Ի դեպ, քաղաքական կյանքին ռեւանշը բոլորովին էլ հակացուցված չէ: Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների համեստ արդյունքներով մեկ տարի անց չէր հասնի իշխանափոխության:

Մեկնաբանություն
X