Տխուր իրավիճակ

Վերջին մեկ շաբաթը «Հրապարակը» «տառապել» է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «ցավով»։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հայտնի բանասերներից մեկը զանգեց մեզ, ապա ֆակուլտետում աշխատող մի քանի դասախոսներ այցելեցին խմբագրություն եւ խնդրեցին լուսաբանել բանասիրականի դեկանի ընտրությունները։

Պարզվեց, որ 2000 թվականից՝ ուղիղ 18 տարի այդ ֆակուլտետը ղեկավարող 76-ամյա Արծրուն Ավագյանը որոշել է կրկին առաջադրվել դեկանի ընտրություններում, որը կայանալու է այսօր։ Մեզ դիմած դասախոսներն ասում էին՝ ոչինչ, որ 77 տարեկան է, տարիքը չարյաց փոքրագույնը կլիներ, եթե այդ մարդը հիմնովին ավերած չլիներ հեղինակավոր ֆակուլտետը եւ այս տարիներին ապացուցած չլիներ, որ ապաշնորհ ղեկավար է, եւ իր հեռանալու ժամանակն է։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս տեսակետի հետ համաձայն է նաեւ ԵՊՀ ռեկտորը։ Ավելին՝ Արծրուն Ավագյանի «հովանավորը»՝ Սերժ Սարգսյանը, այլեւս չկա, սակայն դեկանն այնպիսի գիտխորհուրդ է ձեւավորել եւ, առհասարակ՝ ֆակուլտետում այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որտեղ հիմնովին ձախողված եւ ֆակուլտետի զարգացմանը խոչընդոտող դեկանի ընտրությունը կարելի է այլեւս կատարված փաստ համարել։

Ցավոք, «Բարձրագույն կրթության մասին» օրենքն էլ չընդունվեց, որ գոնե տարիքային շեմի սահմանափակումն արգելեր Արծրուն Ավագյանի առաջադրումը, եւ նա որոշել է պաշտոնավարել մինչեւ 82 տարեկան դառնալը։ Անկեղծ ասած՝ ավագյանական թեւի դասախոսական կազմի արձագանքներից հետո կարելի էր ձեռքը թափ տալ այս խնդրի վրա եւ ասել․ «Նմանն զնմանին գտանե», դուք հենց նման դեկանի եք արժանի՝ բարի վայելում, բայց սիրտդ ցավում է մայր բուհի համար։ Իսկ ԿԳ նորանշանակ նախարարն այս օրերին զբաղված է դպրոցների դրամահավաքով եւ մի հսկա ֆակուլտետի ճակատագրին անհաղորդ է։

Մեկնաբանություն
X