Թրամփից նույն շնորհավորանքը` Ալիեւին եւ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումից անցել է երկու շաբաթ, միջազգային ասպարեզում ովքեր մտադիր էին նրան շնորհավորել, ենթադրելի է՝ արդեն շնորհավորել են, թեեւ հատուկենտ ուղերձներ կարող են դեռ ստացվել։

Փաշինյանին ուղղված վերջին շնորհավորանքներից մեկը ստացվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, որը լրատվամիջոցներին չհասավ Սպիտակ տան, ՀՀ վարչապետի կամ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքից: Շնորհավորանքի անգլերեն բնօրինակը սկզբնապես տարածվել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից, եւ այն հայերեն էին թարգմանել հայաստանյան լրատվամիջոցները` ինքնաբերաբար բառերի այնքան աղավաղումներով ու մանիպուլյացիաներով, որ ի վերջո Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հայերեն թարգմանություն հրապարակեց:

Երկու տեքստերի համադրությունը

Թարգմանական մանիպուլյացիաներ կատարողները, որ ջանացել էին հավելյալ ջերմություն հաղորդել Թրամփի շնորհավորանքին (դիցուք, I look forward-ը թարգմանել էին՝ «անհամբեր սպասում եմ» եւ այլն), ենթադրելի է` տեղյակ չէին եղել, որ իրենք թարգմանում են շնորհավորանքի նույն սառը-քաղաքավարական տեքստը, որ ավելի վաղ Թրամփի կողմից ուղարկվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին (տարբեր են ընդամենը «նախագահ-վարչապետ», «Ադրբեջան-Հայաստան» բառերը եւ համագործակցության առաջնային ոլորտները):

Ստորեւ Իլհամ Ալիեւին ուղարկված տեքստը՝ ինչպես հրապարակվել է. “Dear Mr. President, I look forward to working with you on the many areas of mutual interest for the American and Azerbaijani people. Together we can make progress on defeating terrorism, creating jobs and improving Europe’s energy security. Progress on fighting corruption and peacefully solving the Nagorno-Karabakh conflict will help these efforts. Best wishes to you and the people of Azerbaijan”:

Թարգմանաբար`

«Հարգելի պրն նախագահ,

Ես ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում: Միասնաբար մենք կարող ենք առաջընթաց արձանագրել ահաբեկչության հաղթահարման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգության բարելավման ուղղությամբ: Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կօգնեն այս ջանքերին: Լավագույն մաղթանքներս Ձեզ եւ Ադրբեջանի ժողովրդին»։

Նիկոլ Փաշինյանին ուղարկված տեքստը. “Dear Mr. Prime Minister, Congratulations on your recent election. I look forward to working with you on the many areas of mutual interest for our two countries, including strengthening trade ties, democratic institutions and regional security. Progress on fighting corruption, bringing all political parties together and peacefully solving the Nagorno-Karabakh conflict will help these efforts and ensure Armenia’s bright future. Best wishes to you and the people of Armenia”: Թարգմանաբար`

«Հարգելի պրն վարչապետ,

Շնորհավորանքներ վերջերս կայացած Ձեր ընտրության կապակցությամբ: Ես ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ մեր երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ներառյալ առեւտրային կապերի ամրապնդումը, ժողովրդավարական հաստատությունները եւ տարածաշրջանային անվտանգությունը: Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, քաղաքական կուսակցությունների համախմբումը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կօգնեն այս ջանքերին ու կապահովեն Հայաստանի պայծառ ապագան: Լավագույն մաղթանքներս Ձեզ եւ Հայաստանի ժողովրդին»։

Արդյոք համոզվելուց հետո՞

Ինչպես տեսնում ենք, բացառությամբ համագործակցության առաջնահերթ ոլորտների` մնացյալ տեքստը նույնական է: Առաջին շնորհավորական ֆրազն էլ դժվար թե Ալիեւի տեքստում բացակայի, որովհետեւ Congratulations on your recent election (շնորհավորանքներ վերջերս կայացած Ձեր ընտրության կապակցությամբ) ձեւակերպումն ասոցացվում է ավելի համընդհանուր ընտրությունների, քան խորհրդարանում քվեարկության հետ: Ուղղակի Ալիեւին հասցեագրված տեքստը Facebook-ից չի տարածվել, բնագրի լուսապատճենը չի շրջանառվում, եւ ամբողջական տեքստը հասանելի չէ:

Ինչեւէ, երկու տեքստերի համադրումից ենթադրելին այն է, որ, մեծագույն հավանականությամբ, Վաշինգտոնում նույնական երկու տեքստերը պատրաստ են եղել վաղօրոք` Իլհամ Ալիեւին եւ Սերժ Սարգսյանին, հնարավոր է, միաժամանակ շնորհավորելու համար: Բայց Սերժ Սարգսյանի ընտրությանն ուղեկցած բողոքի ալիքն ու ցույցերը Երեւանում, թերեւս, հարկադրել են սպասել: Սարգսյանի հրաժարականից հետո, երբ այլեւս հայտնի չէր, թե Հայաստանում ինչ զարգացումներ կլինեն, Ալիեւի շնորհավորական տեքստն ուղարկվել է, ապրիլի 27-ին էլ հրապարակվել Ադրբեջանի նախագահի կայքում:

Դրանից տասն օր անց Հայաստանում վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի ընտրությանն ԱՄՆ-ն արձագանքեց Պետդեպի խոսնակի մակարդակով: Ապա Վաշինգտոնում ակներեւաբար սպասեցին այնքան, մինչեւ Փաշինյանի կառավարությունը կազմավորվեց, երեւաց, որ պաշտպանության ու արտաքին քաղաքականության ոլորտներում kinder surprise-ներ չկան, պաշտոնատարների ու վարվող քաղաքականության շարունակականությունն ապահովվում է: Դրանից հետո 14․05․2018թ. թվակիր շնորհավորանքը փոխանցվել է ՀՀ դեսպանատանը: Փաշինյանի առաջնորդած հանրահավաքային շարժման ու վարչապետ ընտրվելու առնչությամբ էլ շնորհավորանքի տեքստում ավելացել է «բոլոր կուսակցություններին համախմբելու» հորդորը:

Փաշինյանը չորրորդն է

Այսպիսով, թմբկահարված դատարկախոսությունը, թե իբր ԱՄՆ նախագահները վաղուց ՀՀ այլ ղեկավարի չէին շնորհավորել, իսկ Նիկոլ Փաշինյանին «սիրո եւ համերաշխության հեղափոխության» կամ էլ մի այլ արժանիքի ու արած գործի համար շնորհավորեցին, աղերս չունի ճշմարտության հետ: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի չորրորդ ղեկավարն է, որ Վաշինգտոնից ստանում է շնորհավորանք: ԱՄՆ նախագահները շնորհավորել են ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Սերժ Սարգսյանին:

Ընդսմին, Տեր-Պետրոսյանին Ջորջ Բուշ ավագը շնորհավորել է Խորհրդային Միությունը դեռ չփլուզված` 1991-ի հոկտեմբերին: Քոչարյանին ընտրության առաջին ժամկետում շնորհավորել է նախագահ Բիլ Քլինթոնը, Սերժ Սարգսյանին երկրորդ ժամկետում` Բարաք Օբաման (04․03․2013 թվակիր այդ շնորհավորանքը համացանցում հասանելի է, անհամեմատ հանգամանալից, ջերմ ու երկար տեքստ է, քան Թրամփից Ալիեւին ու Փաշինյանին ուղարկվածը):

Ըստ էության, 1988-ից ի վեր պաշտոնավարած ԱՄՆ նախագահներից միայն Ջորջ Բուշ կրտսերն է սկզբունքայնություն դրսեւորել եւ ո՛չ 2003-ի նախագահական ընտրությունից հետո Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ 2008-ի ընտրությունից հետո Սերժ Սարգսյանին չի շնորհավորել: Ինչ խոսք, Բուշ կրտսերը միանգամայն ճիշտ է վարվել` համատարած կեղծիքներով, բողոքի ալիքներով, բռնությամբ ու զոհերով ուղեկցված ընտրությունների առթիվ չշնորհավորելով նախագահի աթոռը գրավածներին։

Այժմ Հայաստանի հերթական ղեկավարը, որ ԱՄՆ-ից շնորհավորանք ստացավ, Նիկոլ Փաշինյանն է: Նա ստացավ նույն շնորհավորական տեքստը, ինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հայաստանում Ալիեւին համարում են բռնապետ եւ շատ չեն շոյվի նրա հետ նույն հարթությունում հայտնվելուց: Բայց Ադրբեջանում էլ Փաշինյանի իշխանությունն են արդեն հասցրել «օխլոկրատիկ ռեժիմ» պիտակավորել, որի հետ նույն հարթության վրա գտնվելը հավասարապես անցանկալի է: Իսկ ԱՄՆ-ն երկու երկրների նկատմամբ էլ պահպանել է պարիտետային մոտեցումը` ուղարկելով տարածաշրջանում ակտիվորեն ներգրավված մնալու մեսիջը:

Լուսինե Պետրոսյան

Մեկնաբանություն
X