Երբ ինձ տեսավ, Սվետային մոռացավ. զոհված զինվորի մոր եւ զինղեկի վիճաբանությունից է պատմում դպրոցի տնօրենը

Երեկ մենք անդրադարձել էինք Գյումրու Վազգեն Առաջինի անվան թիվ 27 դպրոցում տեղի ունեցած արտառոց դեպքին: Դպրոցի նախկին զինղեկ Գարեգին Ջամբազյանն ապրիլյան պատերազմի հերոս-նահատակ Վլադիմիր Մելքոնյանի անվան դասասենյակը վերափոխել էր իր անվամբ՝ հեռացնելով հերոսին պատկանող իրերն այդտեղից:

Վլադիմիրի մայրը՝ տիկին Սվետան, պատմում է, որ երբ իմացել է այդ մասին, փորձել է միջամտել, սակայն զինղեկը նրան հրել է եւ անգամ փորձել հարվածել: Ինչպես խոստացել էինք, զրուցեցինք դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանի հետ:

«Անցյալ տարի՝ ապրիլի 6-ին, պարոն Ջամբազյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց: Մենք իր անձի նկատմամբ հատուկ հարգանք ունեինք, քանի որ արցախյան եւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է: Բանալիները ուզեցի, տվեց, գնաց: Նա ամռանն արդեն հասցրել էր Վլադիմիրի անվան դասասենյակից հանել նրա իրերը, մոմակալը, որ մայրն էր բերել Թալիշից, հուշագիրը, փոքրիկ նկարները, թողել էր միայն մի նկարը: Ես մայրիկին խնդրեցի նոր նկարներ բերեց: Օգոստոսին վերադարձավ բավական դյուրագրգիռ եւ ասաց, թե իր աշխատանքի հարցն ինչ է լինելու: Ես զարմացա՝ ասելով, որ ինքն է իր կամքով դիմում գրել, հեռացել: Նա հուշատախտակ էր կառուցել իր անվամբ եւ փակցրել ՆԶՊ կաբինետի վրա, պահանջում էր իր անվամբ կոչեինք: Բայց քանի որ կառավարական որոշում կա, որ առաջարկն արվում է հետմահու, ես որպես տնօրեն այդ պահանջով մարզպետարան դիմում չէի կարող ներկայացնել»:

Տնօրենի պատմելով՝ իր եւ նախկին զինղեկի հարաբերությունները առավել սրվել են, երբ Գարեգին Ջամբազյանը մասնակցել է զինղեկի պաշտոնի համար նախատեսված թափուր մրցույթին՝ ցանկանալով կրկին աշխատել դպրոցում: «Նա գրավոր փուլը հաղթահարեց, իսկ բանավորի ընթացքում, երբ մի քանի հարց ես նրան տվեցի, միանգամից բորբոքվեց, հայտարարեց, թե տնօրենի ինչ գործն է, ինչ իրավունք ունի իրեն հարցեր տալու: Ի դեպ, մրցույթին ներկա էր նաև իր կողմից հրավիրված Ասպարեզ-ի լրագրողը: Այդ միջադեպից հետո դիմում-բողոքները, հերյուրանքներն իմ անձի նկատմամբ նրա կողմից չդադարեցին: Մի կերպ այդ ամենի դեմն առանք, ու ինձ թվում էր, թե հանդարտվել է, բայց այս հեղափոխությունից հետո նոր բան էր մտածել: Գնում է Վլադիմիրենց տուն, մորը՝ Սվետային, տեղեկացնում է, թե վաղը դպրոցում միջոցառում է նախատեսված, նա նույնպես պետք է ներկա գտնվի: Սվետան եկավ, ինձ հարցրեց, ասացի նման բան չկա: Այդ ընթացքում ուսուցիչներից եւ աշակերտներից տեղեկանում եմ, որ աշակերտներին հայտնել է, թե ցույց է կազմակերպում, եւ վաղը տնօրենի պաշտոնավարման վերջին օրն է: Ես , մտավախություն ունենալով, որ երեխաներին կարող է ներքաշել վտանգավոր պատմության մեջ, տեղյակ պահեցի անչափահասների տեսուչին: Պատուհանից նայեցի, տեսա իր մեքենան կանգնեց, եկավ՝ հետը 3 տղամարդ եւ մի լրագրող, որին անընդհատ ասում էր՝ աղջի նկարի: Բարձրանալիս նրանց միացավ Սվետան, եւ այդ ընթացքում սկսեցին վիճել: Ես տեսա, թե ինչպես էր վիճում Սվետայի հետ, բայց հայհոյանքներ չեմ լսել: Երբ ինձ տեսավ, Սվետային մոռացավ, արդեն ինձ դարձավ՝ որոշ մեկնաբանություններ անելով: Հետո նա ծաղիկներ դրեց բակում տեղադրված Վլադիմիր անվան հուշաքարին, բայց Սվետան այդ ծաղիկները վերցրեց դեն նետեց»,-պատմեց տնօրենը՝ նշելով, որ Վլադիմիրի մայրը այդ քայլին գնաց, քանի որ վրդովված էր զինղեկի դեմ, ըստ լուրերի՝ զինղեկը հայտարարել էր, թե Վլադիմիր անվան հուշաքարն իր ջանքերով է տեղադրվել:

Տնօրենի խոսքերով՝ այս ամբողջ պատմությունը Վլադիմիր Մելքոնյանի անվան շուրջ գուցե չստեղծվեր, եթե դպրոցի տնօրենն ինքը չլիներ, քանի որ աշխատանքից ազատված զինղեկը այդկերպ փորձում է անձնական վրեժ լուծել հենց իրենից: Չնայած Գարեգին Ջամբազյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, այնուամենայնիվ պատրաստ ենք լսել նաև նրան: Ի զարմանս մեզ, նրան ճանաչողները բավականին դրական բնութագրեցին՝ ասելով, որ հավասարակշռված, խելացի անձնավորություն է, իսկ Վազգեն Առաջինի անվան թիվ 27 դպրոցի պատմության դասասենյակը հենց նրա նախաձեռնությամբ է Վլադիմիր Մելքոնյանի անվամբ կոչվել: Իր խոսքում էլ մեկ անգամ նշել է, թե Վլադիմիր հետ հայրենասիրությամբ մրցակցել հնարավոր չէր: Մեր տեղեկություններով՝ Գարեգին Ջամբազյանը կուսակցական է՝ ՀՅԴ անդամ:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X