Շիրակի մարզպետի թեկնածուն ՔՊ անդամ Կարեն Սարուխանյանն է

Շիրակի մարզում այսօր ակտիվորեն քննարկվում է մարզպետի ընտրության հարցը: Ինչպես արդեն գիտենք նախկին մարզպետ, դաշնակցական Արթուր Խաչատրյանը նշանակվեց գյուղատնտեսության նախարար: Մամուլում շատ անուններ հնչեցին, այդ թվում Գյումրիում հեղափոխության առաջամարտիկների՝ դասախոսներ Կարեն Պետրոսյանի եւ Ղարիբ Հարությունյանի, սակայն մեր տեղեկություններով այս պահին ամենահավանական թեկնածուն ԵԼՔ դաշինքի եւ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության անդամ 32-ամյա Կարեն Սարուխանյանն է: «Հրապարակն» այս առիթով զրուցեց նրա հետ:

-Ձեզ հստակ առաջարկ արվե՞լ է՝ դառնալ Շիրակի մարզպետ, եթե այո, ո՞վ է առաջադրել:

-Իմ մարզպետի թեկնածու լինելու մասին տեղեկություններ ես ունեմ այնքան, որքան դուք: Դեռ պաշտոնական առաջարկ չի եղել, բայց կուսակցության որոշումից է կախված , կուսակցության ներսում խոսակցություններ ունեցել ենք:

-Եթե առաջարկն ստանա՞ք, պատրաստվում եք ստանձնել մարզպետի պաշտոնը:

-Էս պահին շտապ հայտարարություն չանեմ, առաջարկը կլինի, կմտածենք:

-Իսկ ի՞նչ եք կարծում, գլուխ կհանե՞ք, պատասխանատու պաշտոն է:

-Ես ծնունդով Գյումրեցի եմ եւ ինձ համար նորություն չէ քաղաքը, մարզը, ինչպես նաև առկա խնդիրներն ու այն ամենն ինչ վերաբերում է մարզին: Բայց նորից եմ ասում, դեռ շուտ է, որևէ բան ասել:

-Ձեր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ նկատեցինք Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

-Այո, նա եկել էր Գյումրի մեզ հետ հանդիպման, ես ակտիվորեն մասնակցել են շարժմանը, Իմ քայլը նախաձեռնության անդամ եմ, եւ արդեն բավականին ժամանակ է կուսակցության մեջ եմ: Ընտրություններին կուսակցության Գյումրու շտաբի պետն եմ եղել:

-Իսկ քաղաքականության մեջ եք, քանի որ մասնագիտությա՞մբ եք քաղաքագետ, թե այլ մասնագիտություն ունեք:

-Ես մասնագիտությամբ կենսաբան եմ, ունեմ կենդանաբանության բակալավրի աստիճան, դպրոցում դասավանդում եմ, դասախոսում եմ նաև քոլեջում:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X