Գյումրիում ուսուցիչը Ապրիլյան քառօրյայի հերոսի անվան դասասենյակը վերափոխել է իր անունով

>

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանը սոցցանցում տեղադրել է հետեւյալ նկարն ու գրառում արել. «Երեխու մորն ես վիրավորել։ Նայեք էս խայտառակ նկարին, որտեղ ապրիլյան քառօրյայի հերոս նահատակ Վլադիմիր Մելքոնյանի անվան դասասենյակը, ոմն Ջամբազյան իր անունով է դարձրել՝ վկայակոչելով մարզպետարանի և դպրոցի կոլեկտիվի որոշումները։ Իր ստոր արարքը եզրափակել է հերոսի մորը քաշքշելով ու հայհոյելով։

Հպարտությամբ տեղադրել էր, որ իբր մարզպետարանի որոշմամբ է եղել այս անվանափոխությունը, հետո տեսավ որ վաղն անպայման դատախազությունն զբաղվելու է իր հարցով՝ իմ գրած ոտնձգությունը հիմք ընդունելով որպես հայտարարություն, ջնջեց. ջնջեցիր ինչպես գրածդ, այնպես էլ խիղճդ, որ էդ 20 տարեկանը զոհվեց հանուն իմ ու քո նմանի, որ սատար կանգնենք իր ծնողին, ոչ թե հայհոյենք ու քաշքշենք. Ամոթ քեզ, մարտական խաչի շքանշանակիր. պատասխան ես տալու»:

Մենք փորձեցինք պարզել, թե իրականում ի՞նչ է կատարվել: Գյումրու թիվ 27 դպրոցի դասասենյակներից մեկը անավանակոչվել էր ապրիլյան հերոս Վլադիմիր Մելքոնյանի անվամբ: Վլադիմիրը սովորել էր հենց այդ դպրոցում եւ Քառօրյա պատերազմի առաջին զոհն էր:

Օրերս, պարզվում է,նույն դպրոցի ռազմագիտության նախկին ուսուցիչ Ջամբազյանը հենց այդ նույն դասասենյակը անվանակոչել է իր անվամբ՝ հեռացնելով հերոսին պատկանող իրերն այդտեղից: Վլադիմիրի մայրը՝ տիկին Սվետան, պատմում է, որ երբ իմացել է այդ մասին, փորձել է միջամտել, սակայն զինղեկը նրան հրել է եւ անգամ փորձել հարվածել:Աշակերտներից ոմանց խոսքերով էլ այդ դասասենյակը տարիներ շարունակ զինղեկի անունով է կոչվել:

Ջամբազյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ դպրոցի տնօրենի հետ կապ կհաստատենք աշխատանքային առաջին օրը:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X