«Շիրակը» բոյկոտելու է «Փյունիկ» -ի հետ խաղը

>

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ չի մասնակցի մայիսի 20-ին կայանալիք «Շիրակ» - «Փյունիկ» հանդիպմանը։ Ակումբի նման որոշման պատճառը ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններն են։ ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձիք չեն կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը և նվազեցրել են Շիրակի միավորները մրցաշարային աղյուսակում և չեն վերականգնել աղյուսակը, ինչը անխուսափելիորեն զրկում է ակումբին իրավական ճանապարհով իր իրավունքների պաշտպանությունից։

Պարզ է, որ Ակումբը գործ ունի հրահանգներ կատարող, անձնական ցանկություններով և օրենքից չբխող գործողություններ իրականացնող ֆեդերացիայի աշխատակազմի հետ և պարտադրված ենք այդ աշխատակազմի կողմից հեռանալ մրցապայքարից։ Պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ինչպես նաև ամբողջ աշխատակազմի հրաժարականը։ ՀՖՖ նոր կազմ ձևավորվելուց հետո Շիրակը կվերադառնա առաջնություն։ Տեղեկացնում են ակումբից:

Հիշեցնենք, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել «Շիրակ» ՖԱ-ն տուգանել և զրկել 12 միավորից, իսկ թիմի մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ զրկել ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելուց: Ըստ ՀՖՖ կարգապահական կոմիտեի արձանագրության՝ Արարատ Հարությունյանը պայմանավորված խաղի կազմակերպման առաջարկ է արել «Բանանցի» պաշտպան Էդվարդ Կպոդոյին։

Համաձայն Էդվարդ Կպոդոյի կողմից ակումբին ներկայացված դիմումի՝ Արարատ Հարությունյանի կողմից իրեն տրվել է նախնական 1000 ԱՄՆ դոլար կանխավճար, իսկ խաղի ընթացքում սխալներ թույլ տալու համար, որի հետևանքով Շիրակ ՖԱ-ն գոլեր կվաստակի, նրան խոստացվել էր ևս 4000 ԱՄՆ դոլար:

Բանանց ակումբը գրությանը կից ներկայացրել է նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև եղած հեռախոսային զրույցի ձայնագրություններ, ինչպես նաև նրանց միջև եղած տեքստային հաղորդագրությունների պատճենները:

Նշենք, որ «Շիրակը» բողոքարկել էր որոշումը: Երեկ Երևան քաղաքի ընդհանուր Իրավասության դատարանը որոշում է կայացրել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք չունի նվազեցնելու «Շիրակ» ակումբի միավորները եւ ի կատար ածելու Կարգապահական կոմիտեի որոշումը: ՀՖՖ-ն, սակայն չի շտապում հետ վերադարձնել «Շիրակ»-ից վերցրած 12 միավորը: Մեր տեղեկություններով ՀՖՖ-ն պատրաստվում է վճիռը բողոքարկել այլ ատյաններում:

Մեկնաբանություն
X