Ելք ելքոց

Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, չի գլխավորի ՀՀԿ ցուցակն առաջիկա խորհրդարանական (արտահերթ կամ ոչ արտահերթ) ընտրություններում: ՀՀԿ-ականները, առնվազն, չեն կարող նրան համոզել անել դա եւ աջուձախ չեն հայտարարի, որ նա անփոխարինելի է: Նաեւ մարտավարության տեսանկյունից ճիշտ չի լինի Սերժ Սարգսյանի լիդերության այդ ընդգծումը, որովհետեւ ողջ նախընտրական պայքարը կարող է ՀՀԿ-ի համար թավշյա մղձավանջի վերածվել: Այս վտանգը կպահպանվի նույնիսկ այն դեպքում, եթե մինչ այդ Սերժ Սարգսյանը չհրաժարվի նաեւ կուսակցության ղեկավարի պաշտոնից:

Այսուհանդերձ, ընտրությունը ՀՀԿ-ինն է, եւ ոչ ոք իրավասու չէ ճանապարհ ցույց տալ այդ կուսակցությանը, որ, չնայած կառավարությունում ներկայացված չլինելուն, հանդիսանում է ՀՀ քաղաքական կառույցի հզոր հիմնասյուներից մեկը թե՛ իր գաղափարախոսությամբ եւ թե՛ իր կազմակերպվածությամբ: Թե ինչ դերակատարություն ունեցավ ՀՀԿ-ն Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ իշխանափոխության հարցում, մենք գիտենք միայն մակերեսորեն, դրա խորքային շերտերն առայժմ բացահայտված չեն եւ շատ ավելի հետաքրքիր են, քան մեր տեսածը, որն ինչքան էլ մեկնաբանենք ու սղալենք, միեւնույն է, հանգում ենք այնպիսի բացատրությունների, որոնք գոնե լեզվաբանության մեջ ունեն իրենց հստակ ձեւակերպումը` «կեղծ ստուգաբանություն»:

Բոլորս ասում ենք` ինչ լավ էր` արյուն չթափվեց, ինչ լավ էր` մնացինք միասնական, ինչ լավ էր` Ռուսաստանը ճիշտ արձագանքեց, ինչ լավ էր` ոստիկանությունն ու բանակը մնացին իրենց բարձրության վրա, ինչ լավ էր` հակառակորդը չփորձեց օգտվել խառը վիճակներից: Եթե այս ողջ նեգատիվը չի եղել, դա դեռ չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանն էր ամեն ինչ այդքան հաջող ծրագրել: Այսօր միայն ոզնուն հասկանալի չէ, որ շարժման օրերին արտաքին ճնշումների առյուծի բաժինն իր վրա է կրել այդ օրերի իշխանությունը: Մենք 21-րդ դարում ենք ապրում եւ, կարծում եմ, պետք է հասկանանք, որ, լինելով ՆԱՏՕ-ի սահմանագլխի պետություն, լինելով Իրանի եւ Վրաստանի հարեւան պետություն, լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, որտեղ աշխարհի հզորագույն գերտերություններից մեկի ռազմաբազան է տեղակայված, հաստատ այնքան անտեսված չէինք, որ մի քանի մարդ եւ մեկ շուն «հեղափոխություն» անեին եւ փորձեին քաղաքական ընթացք փոխել: Ժողովրդի դժգոհությունն իշխանություններից, հասկանալի է, կար, բայց չմոռանանք, որ այդ նույն ժողովուրդը պակաս դժգոհ չէր նաեւ իր ընդդիմությունից եւ հայտարարում էր, որ Հայաստանում ընդդիմություն չկա:

Համարենք, որ ժողովուրդը սխալվում էր, թեեւ նման բան լինել չի կարող: Բայց փաստ է, որ եկավ Նիկոլ Փաշինյանը (ընդդիմություն) եւ իշխանափոխություն արեց` թավշյա, անցնցում, ընդհուպ` գեղեցիկ: Հիմա արդեն կարեւոր չէ, թե ով է առաջ հրում Նիկոլին կամ ով է ճնշում ՀՀԿ-ին: Հիմա կարեւոր է, թե ինչ են անում (անելու) Նիկոլն ու նախկին իշխանությունները, ինչպես նաեւ՝ մյուս կուսակցությունները, որ Հայաստանը զերծ մնա քաղաքական կատակլիզմներից: Մենք պարզորոշ տեսնում ենք, որ հետհեղափոխական իրավիճակի վրա ազդելու Նիկոլ Փաշինյանի միակ լծակն ուղիղ եթերն է, որտեղից իր կողմնակիցներին կոչ է անում դադարեցնել անհնազանդության ակցիաները: Նիկոլ Փաշինյանն այդ վիճակում է լինելու մինչեւ արտահերթ ընտրություններ: Բայց այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի կարող ազդել, օրինակ, ՏԻՄ ղեկավարների կողմնակիցների վրա, չի կարող ՍԴ նախագահ, դատախազ ու դատավոր փոխել նույն մարտավարությամբ, որ կիրառել է մինչ օրս: Եվ կարծում եմ` ժամանակն է, որ նա ապավինի օրենքին եւ քաղաքական ուժերի աջակցությանը, այդ թվում եւ՝ ՀՀԿ-ի:

ԱԺ-ում մայիսի 8-ի քվեարկությունն արդեն իսկ ցույց տվեց, որ ՀՀԿ-ն հակված չէ ո՛չ այսրոպեական ռեւանշի եւ ո՛չ էլ սաբոտաժի: ՀՀԿ պաշտոնական հայտարարությունները, որ կուսակցությունը շարունակելու է գործել հանուն ՀՀ քաղաքացիների եւ հանուն ՀՀ-ի ու Արցախի անվտանգության ամրապնդման, ինքնին լրջագույն աջակցություն են ՀՀ նորակազմ կառավարությանը, եթե այդ կառավարությունն արդեն չի հասցրել հայտնվել գիգանտոմանիայի ճիրաններում եւ գիտակցում է, որ իշխանության գալու պատեհությունը պետք է ծառայեցնի միայն ու միայն մեր ժողովրդի եւ պետության շահերին:

Նիկոլ Փաշինյանի կառավարության երկու նիստերում բարձրացված հարցերն ու առաջարկված լուծումները, բնականաբար, պետք է հագեցած լինեին պոպուլիզմով` տուգանքների համաներում, տեսանկարահանող սարքերի ժամանակավոր կասեցում, բանկային պարտավորությունների վերանայում, պաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաների կրճատում եւ այլն: Իսկ ո՞ւմ պարզ չէ, որ վաղն այդ պոպուլիզմն իր տեղը զիջելու է կենսաթոշակ եւ աշխատավարձ բարձրացնելու, տնտեսություն վարելու, գիտություն, կրթություն, առողջապահություն զարգացնելու լրջագույն խնդիրներին, որոնց լուծմանը ներկա պատմա-բանասիրական կառավարությունը պատրաստ չէ: Մյուս կողմից էլ մանկամտություն է հուսալ, որ արտասահմանից շարժման օրերին «վրա-վրա զանգահարող» «սփյուռքահայերը» լայն բացած քսակներով լցվելու են Հայաստան եւ իրագործելու են Նիկոլ Փաշինյանի բոլոր խոստումները: Մեր հույսն էլի մեզ վրա պետք է դնենք:

Եվ վերջում՝ երկու խոսք քաղբանտարկյալների հետ կապված, որ այս օրերին ամենաշատ շահարկվող, ամենալուրջ սպառնալիքն է դարձել նոր իշխանությունների համար: Գնահատելի է, անշուշտ, նորընծա վարչապետի դիրքորոշումը, որ այդ հարցը պետք է լուծվի օրենքի դաշտում: Ի վերջո, կարեւորն օրենքով եւ ոչ թե պոպուլիզմի ալիքի վրա արդարացված լինելն է: Հայաստանում, այո, քաղբանտարկյալներ չպետք է լինեն, բայցեւ չպետք է ծայր առնեն նոր խոսակցություններ, թե այսինչը բանտում չէ, որովհետեւ նրա հանցանքը սղղացրին քաղաքականի տակ ու ազատ արձակեցին: Վտանգավոր նախադեպերը միշտ էլ գայթակղիչ են:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X