Մշակույթ

Ինչքան քիչ դեր խաղա մշակույթի նախարարությունը, այնքան՝ լավ

Նախօրեին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է տիկնիկային թատրոն, շրջայց կատարել թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ, ծանոթացել թատրոնի ստեղծագործական եւ աշխատանքային պայմաններին:

Թեեւ նախաձեռնությունը թատրոնի կողմից է եղել, բայց նախարարը ցանկացել է հանդիպել ոչ թե նախարարությունում, այլ՝ տիկնիկային թատրոնում, ինչը Բաբայանը լավ է գնահատում, որովհետեւ նախարարը հընթացս ծանոթացել է նաեւ թատրոնին․

«Բայց մեր խոսակցությունը չէր վերաբերում թատրոնին, եւ ես էլ բացարձակապես հակված չեմ կարծելու, որ կաթսայի մեջ ջուրը կարող է մի տեղ եռալ, իսկ մնացած տեղերում՝ սառը մնալ։ Այն հարցերը, որոնց շուրջ խոսում էինք, հավասարապես վերաբերել են թե՛ մշակույթին եւ թե՛ այն օրենսդրական բացերին, որ այսօր ունենք, որովհետեւ այս ոլորտում որեւէ օրենսդրական բարեփոխում տեղի չի ունեցել 30 տարում։ Քննարկվել են նաեւ այլ հարցեր՝ կոնկրետ Աշխատանքային օրենսգրքի հետ կապված, որտեղ պետք է տարանջատվեն ստեղծագործող եւ ոչ ստեղծագործող աշխատանքները ու մի շարք հասկացություններ՝ լինի որոշակի սոցիալական պաշտպանվածություն, նաեւ՝ մեկենասության եւ հովանավորչության օրենքների բացակայությունը Հայաստանում, «Գնումների մասին» օրենքը, որը որեւէ տարբերություն չի դնում յուրահատուկ արտադրանք տալու, որը ներկայացումն է, եւ մասսայական արտադրանք տալու մեջ, որը, ասենք, նրբերշիկն է»։

Հանդիպումը Բաբայանի վրա լավ տպավորություն է թողել, որի ընթացքում նախարարը հիմնականում լսողի դերում է եղել եւ գրառումներ է արել իր մոտ․

«Հարցեր էր տալիս, եւ այդ հարցերը բխում էին այն թեմայի շրջանակներից, որի մասին մենք խոսում էինք։ Դա շատ կարեւոր էր։ Պետք է նշել նաեւ, որ շատ լավ գործ է ձեռնարկել այն տեսանկյունից, որ մշակույթի զարգացման որոշակի կոնցեպտ առաջարկելուց առաջ փորձում է ծանոթանալ այս ոլորտի բոլոր ճյուղերի ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքը, մտահոգությունները եւ հետո նոր սեփական գաղափարախոսությամբ հանդես գալ, որն իմ համար շատ ողջունելի է, որովհետեւ ես երկխոսության կողմնակից եմ։ Կարծում եմ՝ հիմնական ուղղվածությունը պետք է դրվի օրենսդրական փոփոխությունների վրա, որովհետեւ հենց այսօր կան շատ մեծ վտանգներ, որոնք պետք է կանխել, հակառակ դեպքում շատ ծանր հետեւանքներ կլինեն»։

Հայկական մշակույթի կարեւորության մասին ամպագոռգոռ խոսելու ժամանակներն անցել են, հիմա պետք է անցնել կոնկրետ գործի՝ կարծում է Ռուբեն Բաբայանն ու նկատում, որ այսօր մեր խնդիրը ոչ թե բարձրաձայնելն է, թե ինչքան կարեւոր է մշակույթը մեր երկրում, այլ կոնկրետ մեխանիզմներ ստեղծելը, որպեսզի այդ մշակույթն իսկապես զարգանա․

«Պարզ է, որ ոչ մի մշակույթի նախարարություն արվեստի եւ մշակույթի գործ չի ստեղծում, բայց նա կարող է իր գործունեությամբ նպաստել այդ գործերի ստեղծմանը կամ խանգարել։ Հանդիպումն անցավ շատ արդյունավետ, մնանք սպասող, անձամբ ես նոր բան չեմ առաջարկել։ Միշտ եւ բոլոր նախարարներին առաջարկել եմ՝ եթե կարիք կա իմ մասնակցությանը որեւէ հարցում, պատրաստ եմ»։

Նորանշանակ նախարարի տարիքի, փորձառության հետ կապված մտավախությունների առնչությամբ, թե գուցե չկարողանա ուսերին կրել նման մեծ գերատեսչության բեռը, Բաբայանը կարծիք է հայտնում, որ տարիքը ո՛չ առավելություն է, ո՛չ էլ թերություն, կարեւորը՝ մարդ իրենից ինչ է ներկայացնում։ Ավելին՝ նախարարն այնքան էլ երիտասարդ չէ, եւ 35 տարեկանը լավագույն տարիքն է, երբ ուժերդ, ինտելեկտդ, ջանքդ կարելի է կենտրոնացնել եւ շատ մեծ խնդիրներ լուծել․

«Տարիքը, հաստատ, թերություն չէ, եթե ոչ՝ առավելություն։ Ժամանակակից աշխարհում ամեն ինչ շատ երիտասարդացել է, բայց դա ես չէի կապի միայն տարիքի հետ, այլ աշխարհընկալման, ժամանակն զգալու հետ։ Կարծում եմ՝ այս հեղափոխության մեծ առավելությունն այն էր, որը նաեւ հաղթանակի բերեց՝ ժամանակն զգալն էր։ Ինչո՞ւ նախորդ ընդվզումները չէին տալիս դրական արդյունք․ որովհետեւ կիրառվում էին անցյալ դարի մեթոդները, այսօրվա ժամանակի պահանջը չէր զգացվում։ Սա երիտասարդների հեղափոխությունն էր, եւ իմ տարիքի մարդիկ հիմա ունեն մի ֆունկցիա․ առաջինը՝ չխանգարել, 2-րդը՝ փորձել որոշակի գիտելիքներով, փորձով կիսվել։ Կընդունեն, թե ոչ՝ դա այդքան էլ կարեւոր չէ, որովհետեւ հեչ պարտադիր չէ, որ իմ արտահայտած կարծիքը լինի վերին աստիճանի մեծ իմաստություն։ Կարեւորը գիտելիքներն են, ցանկությունը, աշխարհայացքը, ընկալումը եւ այն նշանակությունը, որը դու տալիս ես մշակույթին հասարակական, պետական եւ մարդկային հարաբերությունների մեջ։ Երբ գիտակցում ես, որ սա ոչ թե առանձին օղակ է իր համար, այլ շատ մեծ նշանակություն ունի պետությունը քաղաքակիրթ դարձնելու գործում, որովհետեւ պետությունն ինքն իրեն քաղաքակիրթ չի դառնա, կարող է դառնալ միայն հանրության շնորհիվ»։

Հաջորդիվ նոր պայմանավորվածություններ՝ հանդիպումների, քննարկումների տեսքով, ձե՞ռք են բերվել, թե՞ ոչ։ Բաբայանը կարծում է, որ ամեն ինչ ընթացքում կլինի․

«Ինչքան քիչ դեր խաղան մեր կյանքում մշակույթի նախարարությունը եւ անձամբ մշակույթի նախարարը, այնքան՝ լավ։ Վերջնական խնդիրը պետք է լինի դա։ Ես չեմ կարծում, որ զարգացած երկրներում՝ լինի դա Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, արվեստագետների մեծ մասը գիտի, թե ով է իրենց մշակույթի նախարարը, իսկ ԱՄՆ-ում ընդհանրապես մշակույթի նախարարություն չկա։ Սա վատ ավանդույթ է, երբ մենք մշակույթի նախարարի անձի հետ կապում ենք մեր անձնական ստեղծագործական հաջողությունները կամ անհաջողությունները։ Սրան պետք է վերջ դրվի, պետք է համակարգն աշխատի՝ անկախ նրանից, թե ով է այդ համակարգը ղեկավարում»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X