Հայաստանն այլևս ուրիշ է․ օրինական և հյուրընկալ. հայաստանցի դերասանների բեմականացումը սփյուռքում

>

Իսպանիայի Արարատ Հայկական միության հերթական նախաձեռնությունը, նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100_ամյակին, բուռն արձագանք գտավ արդեն նորածին ժողովրդավար Հայրենիքի ոգևորությամբ ներշնչված վալենսահայության շրջանակներում։ Այս անգամ միությունը հանրությանը ներկայացրեց ժողովրդածին Հայրենիքի առաջին ավետաբերների՝ սիրված դերասաններ Հայկ և Գոհար Սարգսյանների հեղինակած «Իմ տունը կամ անկախ ամեն ինչից» կատակերգությունը, որի առանցքային հորդորը Հայրենիքը չլքելն ու այն ավելի հզորացնելն է։

Հայտնի դերասանները ժամանել էին Վալենսիա՝ կարևորագույն խորհրդով. Հայաստանն այլևս ուրիշ է, ավելի բարեկեցիկ, օրինական և հյուրընկալ, որն անվերապահորեն իր դռներն է բացել աշխարհասփյուռ հայության առջև։ Ներկայացման հերոսները՝ երկիրը լքելու ծանր որոշման առջև կանգնած ամուսինները, ի վերջո որոշում են չգնալ և հոգ տանել նորածին թոռան մասին, որը նորահիմք հայաստանի ապագա շենացնողը պիտի լինի։ Սիրված դերասաններին, Հայրենիքի կարոտը սրտերում ամբարած վալենսահայ հանդիսատեսը, շատ ջերմորեն ընդունեց։ Հանդիսատեսների շարքերում նաև իսպանացիներ կային, այդ թվում՝ Միսլատայի քաղաքապետարանի Մշակույթի և Արտաքին հարաբերությունների խորհրդականներ Պեպի Լուխանն ու Խոսե Լուիս Գարսիան, ովքեր կլանված դիտում էին օտարալեզու ներկայացումն ու գրեթե հասկանում պանդխտության ուղին իր առջևում ունեցող հայի հոգին։ Ահա ևս մեկ միջոցառում մեր մայիսյան հաղթանակները լուսաբանող, որոնց մեկնարկը տրված էր արդեն ապրիլին՝ Ջիվան Միրզոյանի անհատական ցուցահանդեսով։

Արարատ Հայկական միություն Վալենսիա, Իսպանիա

Մեկնաբանություն
X