Հրազդանում բազմաբնակարան շենքերի տանիքների խնդիրը մնում է չլուծված (ֆոտո)

Հրազդան քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների, բակերի, վերելակների խնդիրը այդպես էլ լուծում չստացավ: Տարիներ շարունակ բնակիչները բարձրաձայնում են խնդիրը, իսկ քաղաքապետարանում տեղից չեն շարժվում: Անձրեւները պատուհաս են դարձել Հրազդանի Միկրոշրջանի թաղամասի 128, 130 շենքերի բնակիչների համար. «Ամեն տարի դիմում ենք քաղաքապետարան, որ գան տանիքը վերանորոգեն, ասում են այս տարի կանեն, մյուս տարի կանեն, էդպես էլ չեն վերանորոգում: 2 օր առաջ քաղաքապետարան ենք գնացել, ասացին՝ դիմում գրեք: Դիմում գրել ենք, բայց հույս էլ չունենք, որ մի հարցով կօգնեն: Անձրեւոտ օրերին 9-րդ հարկից ջուրը իջնում է մինչեւ 6 հարկ: Տները խոնավ, մինչեւ ամռանը մի փոքր չորանում է, աշունն էլ նույն վիճակն ա: Հարկերը ժամանակին մուծում ենք, ուր են գնում մեր գումարներ»,- բողոքում էին բնակիչները:

Բնակիչներին լսելուց հետո այցելեցինք Հրազդանի քաղաքապետարան: Քաղաքապետի տեղակալ Գեղամ Տիգրանյանը ասաց, որ տվյալ շենքի բնակիչները դիմում են գրել եւ սպասում են կառավարության կողմից տրամադրվող գումարներին. «Մենք կառավարությանը ներկայացրել ենք 125 ընտանիքի դիմում: Ստացել ենք 5մլն դրամ, որ կհատկացվի այն 88 ընտանիքներին, որոնց տանիքները քամին ավերել էր: Մնացած դիմումների մասով հատկացումը դեռ չի փոխանցվել»,-ասաց Գեղամ Տիգրանյանը:

Նշենք, որ այս խնդիրները առկա են տարբեր թաղամասերում: Որոշ թաղամասերի բնակիչներ էլ բողոքում են շենքերի բակերի եւ երկրորդական փողոցների անմխիթար վիճակից: Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական ծրագրի համաձայն՝ բազմաբնակարան շենքների տանիքների նորոգման համար 2012-15թթ. հատկացվել է 5մլն 210հազար դրամ: Բացի այդ 2015թ-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ Հրազդան քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորգման համար հակտացվել է 17մլն 849հազար 500դրամ: Ստացվում է, որ միլինոնների հասնող հատկացումները ու համայնքի բյուջեից տրամադրվող գումարները նպատակին չեն ծառայում․ խնդիրը մնում է չլուծված:

Մեկնաբանություն
X